ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ


(կամ` դարձյա՞լ կոմունիզմ ենք կառուցում) Նոր կառավարության անդրանիկ նիստում, ի շարս այլևայլ հարցերի` քննության առնվեց մայրաքաղաքի համար վաղուց գլխացավանքի վերածված մի ամբողջ շարք կենտրոնական փողոցների տրանսպորտային հանգույցների կարգավորման և ստորգետնյա հետիոտն անցումների կառուցման խնդիրը: Հաշվի առնելով մայրաքաղաքի քաղաքապետի միջնորդությունը և ելնելով «Հասարակության ու պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի մի քանի կետերի պահանջներից` այդ առայժմ դեռ կառուցվելիք ճանապարհային հանգույցների տակ ընկնող տարածքների շինարարությունը կառավարությունը համարեց «գերակա հանրային շահ», սահմանելով, որ «նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը»: Հենց նրան էլ վերապահված է «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունը կազմելու և սեփականության օտարման գործառույթներն իրականացնելու լիազորությունը: Ի՞նչ կա որ: Մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ իսկապես «խեղդվում» են տրանսպորտային գերծանրաբեռնվածությունից: Այդ խնդիրը չպիտի՞ լուծվի: Պիտի լուծվի, անշուշտ: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ կառավարությունն այդ հարցի պատասխանատու է ճանաչել մայրաքաղաքի քաղաքապետին: Ամբողջ ցավն այստեղ միայն այն է, որ կառավարության որոշման մեջ սևով սպիտակի վրա գրված է, թե «նշված աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի թիվ 108 Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով»: Այսինքն, նոր կառավարությունն այս հարցում գնում է նախորդի հետքերով, սեփականության նոր օտարումը պետք է կատարվի դարձյալ հին գներով ու հին պրակտիկայով, որին կտրականապես դեմ եմ: Ինչու՞: Որովհետև նախորդ կառավարության որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնական հատվածի մի ամբողջ շարք բնակիչների սեփական տներն ու կառույցները քանդվեցին ու քանդվում են` քառակուսի մետրի դիմաց սեփականատերերին վճարելով 400 ամերիկյան դոլարի փոխհատուցում: Դա, նախ, տվյալ սեփական տների իրական շուկայական արժեքից 2-3 անգամ պակաս գին էր, երկրորդ` այսօրվա 400 դոլարը կես տարի առաջվա համեմատ նկատելիորեն արժեզրկվել է ու շարունակում է արժեզրկվել: Հետևաբար, դեռևս կառուցվելիք տրանսպորտային հանգույցների շինարարության տակ ընկնող սեփականատերերի տների ու այլ օբյեկտների իրացման դիմաց նրանց ստանալիք փոխհատուցման գումարները է°լ ավելի փոքր են լինելու` առաջացնելով նոր զանգվածային բողոքներ: Դեմ եմ եղել և դեմ եմ «գերակա հանրային շահ» հասկացությանն ընդհանրապես: Համարել և համարում եմ, որ նախորդ Ազգային ժողովի կողմից այդպիսի օրենք ընդունելը կոմունիստական անցյալի վերապրուկ էր: Ազատ, ժողովրդավարական հասարակության մեջ մարդու, անհատի ցանկացած իրավունք, մանավանդ սեփականության իրավունքը, չի կարող ստորադասվել պետության կամ հանրության շահին, չի կարող զոհաբերվել նրան: Դա ամրագրված է նաև մեր այսօրվա Սահմանադրության մեջ, որի 3-րդ հոդվածում «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները» (որոնց թվին չի կարող չպատկանել նաև սեփականության իրավունքը-Ռ. Հ.) հռչակված են «բարձրագույն արժեք»: Ավելին, նույն հոդվածով սահմանված է նաև, որ «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Լա¯վ «սահմանափակում» է` մարդուն «գերակա հանրային շահի» պատրվակով բռնի վռնդում են հայրական կամ իր իսկ կառուցած տնից, զրկում են սեփականությունից, գոնե համարժեք փոխհատուցում չեն տալիս, և այդ ամբողջ խայտառակությունն անվանում են…«պետության սահմանափակում»: Ի միջի այլոց, այս խայտառակությունը նույնպես օրինականացվա¯ծ է…Սահմանադրությամբ: Նրա 31-րդ հոդվածը, որն, իմ խորին համոզմամբ, սկզբունքորեն հակասում է 3-րդ հոդվածին, նախատեսում է, թե «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում «համարժեք փոխհատուցմամբ» բառերի վրա: Ո՞վ է որոշում «համարժեքը», եթե ոչ տվյալ պահին գործող շուկան: Ազատ հասարակության մեջ շուկայական արժեքից զատ այլ «համարժեք փոխհատուցման» մասին խոսք լինել չի կարող: Ոչ մի չինովնիկի, այդ թվում Երևանի քաղաքապետին, իրավունք չի վերապահված կամայական գին առաջարկել սեփականատիրոջը` ուզում ես` ստացիր, չես ուզում` քո գործն է, միևնույն է, դատարանի անմարդկային որոշմամբ քեզ դուրս կշպրտեն քո իսկ հայրական տնից, կզրկեն երկար տասնամյակներով քո ապրած միջավայրից, քո մանկության, պատանեկության, հասունության տարիներից հարազատ դարձած փողոցներից ու հրապարակներից, զբոսայգիներից, այն թանկ ու սիրելի նստարանից, որի վրա հանգստացել ես, կամ այն հավերժորեն անմոռանալի ծառից, որի տակ առաջին համբույրի քաղցրությունն ես ճաշակել… Մարդու հայրական տունը, մանկության փողոցը, մոտակա զբոսայգին, անգամ հարևանները նրա ոչ միայն նյութական, այլև հոգևոր հարստությունն են, նրա ապրած կյանքի անգնահատելի արժեքները: Ի¯նչ վայրենություն և մարդկային զգացմունքների ի¯նչ աննրբանկատ ոտնահարում է քաղաքացուն այդ ամենից զրկելը` հանուն… չհստակեցված «գերակա հանրային շահի»: Այդպես, հանուն կոմունիզմի կառուցման, տասնամյակներով լլկվում ու ոտնահարվում էր մարդու, նրա անհատականության համար ամեն մի թանկ ու հարազատ բան: Մի՞թե մենք նորից…կոմունի¯զմ ենք կառուցում: Լավ, ո՞րն է ելքը: Եվ կա՞, արդյոք, այդպիսի ելք: Կա°, համոզված եմ: Հարկավոր է ելնել ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված` «մասնավոր սեփականությունը սուրբ է» գաղափարախոսությունից, մեկընդմիշտ, այդ թվում նաև սահմանադրորեն հրաժարվել «գերակա հանրային շահ» հակամարդկային հասկացությունից: Եթե հանրային շահը անհատի° շահին հակադրելու խնդիր է առաջանում, ապա գերակա պետք է դիտվի նախ և առաջ անհատի° շահը: Այդ դեպքում պետությունը ոչ թե պիտի ոտնահարի այդ շահը, այլ` հաշվի նստի դրա հետ, համոզի, սակարկի, անհամեմատ ավելի մեծ փոխհատուցում առաջարկի, քան նույնիսկ օտարման ենթակա տան կամ այլ կառույցի շուկայական արժեքն է, նոր, միմիայն այդ անհատի համաձայնությամբ, քանդի նրա հայրական տունը կամ օտարի նրա այլ սեփականությունը: Մոտ երկու շաբաթ առաջ մոսկովյան հեռուստատեսությունը ցուցադրեց Չինաստանի Շանհայ քաղաքի կենտրոնում իրացման տակ ընկած մի մասնավոր տուն, որի տերը չէր համաձայնել քաղաքապետարանի տված գումարով իր սեփականությունն օտարելու առաջարկին, պահանջել էր առասպելական գումար` 2 միլիոն դոլար: Եվ ի՞նչ: Շանհայի քաղաքային իշխանությունները, որոնք նույնպես ճանապարհային հանգույց էին կառուցում, այդ տանը ձեռք չէին տվել, շրջանցել էին, և այդ հին տունը մնացել էր կառուցվող հանգույցից ամբողջ 10 մետր վերև: Թե ինչպե՞ս էր սեփականատերը ներսուդուրս անում կղզյակի վերածված սեփական տնից` հայտնի չէր: Բայց հատկանշական էր, որ կոմունիստական Չինաստանում հարգվե¯լ էր մարդու մասնավոր սեփականության իրավունքը: Մի՞թե ոչ-կոմունիստական Հայաստանը չի կարող կոմունիստական Չինաստանի չափ զգայուն լինել` մարդու մասնավոր սեփականության նկատմամբ: ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Հրապարակումը գրվել է մեկ հիմնական մտահոգությամբ. ՀՀ նոր կառավարության ուշադրությունը հրավիրել չափազանց սուր հասարակական այս խնդրի վրա: Ս. ՍԱՐԳՍՅԱՆ.

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ