Բարեփոխումները շարունակվում են


Դատական համակարգի բարեփոխումները նաև օրենսդրական դաշտ են հասել, այլ կերպ ասած, բոլոր նորմերն ու օրենսդրական ակտերն արդեն ամփոփված են նոր դատական օրենսգրքում, իսկ թե որքանով այս գիրքը կնպաստի արդարադատության զարգացմանը` տեղի դատական համակարգում, վաղ է կանխատեսումներ անել: Փաստն այն է, որ գործ ենք ունենալու մի ամփոփ օրենսդրական ակտի հետ, որը սահմանել է մեր երկրում դատարանակազմության, դատավորի կարգավիճակի և դատավարության հիմունքները: Օրենսգրքով առաջին անգամ դատական նախադեպ է հռչակվել, իսկ դա նշանակում է հավասարություն օրենքի և դատարանի առջև, և ինչպես վստահեցնում է տնտեսական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանը. - Մենք բոլորս հավասար ենք օրենքի առջև, եթե երբևէ դատարանը կոնկրետ վերաբերմունք է ցուցաբերել նմանատիպ փաստական հանգամանքի, որևէ քաղաքացու նկատմամբ դատարանի այդ վճիռը հաստատվել ու պահպանվել է, այսինքն մնացել է ուժի մեջ, ապա մենք հետագայում, եթե նույն գործով են հանդես գալիս դատարանում, կարող են պահանջել, որպեսզի այն լուծում գտնի: Մինչ օրենսգրքի ընդունումը դատավորների վարքագիծը չուներ օրենքի ուժ, այն կանոնակարգվում էր զուտ հայեցողականորեն: Այժմ օրենսգիրքը դատավորի էթիկայի մի ամբողջ գլուխ է նվիրել և քայլերն ամրագրել 3 ուղղություններով: Իսկ թե ինչպիսին պետք է լինի դատավորն աշխատանքի պահին և աշխատանքից դուրս, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Ավետիսյանի համոզմամբ` - Վարքագծի կանոններն ինչ-որ չափով նաև սահմանափակում են դատավորի որոշակի քաղաքացիական իրավունքները, այն ամբողջությամբ ուղղվում է դատավորի առաքելությանը` արդարադատություն իրականացնելու գործին: «Դատավորը ոչ միայն պատժում է մեղավորին, այլև ինքն էլ է պատժվում, երբ օրենքն է շրջանցում»,- վստահեցնում են համակարգի պատասխանատուները: Իսկ թե դատավորն ինչքանով է օրինազանց, դա արդարության խորհուրդն է միայն քննարկում: Նշենք, որ դատավորը կարող է պատժվել մինչև լիազորությունների դադարեցում: Դատական համակարգի բարեփոխումներին նվիրված նմանատիպ ելույթներ հնչեցին «Ֆեմիդա» հ/կ (նախագահ` Ջ. Ամիրխանյան) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ