Զինվորը հրամանատարի ուժն է


ՊՆ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծառայական կենսագրությունն սկսվում է 1974 թվականից: Նա անցել է հրամանատարական բոլոր աստիճաններ` դասակի հրամանատարից հասնելով կորպուսի հրամանատարի պաշտոնին: Վալերի Գրիգորյանը որպես հրամանատար մասնակցել է Աֆղանական և Արցախյան պատերազմներին, պարգևատրվել է «Կարմիր աստղի», «Պատվո նշան», «Մարտական խաչ» II աստիճանի և «Հայրենիքին մատուցած ծառայության համար» I աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայության համար», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» և մի շարք այլ մեդալներով: - Ինչո՞վ են առանձնահատուկ Ձեր ծննդավայր Ասկերանի շրջանի Սեյտիշեն գյուղն ու նրա մարդիկ: Կարծեմ` Ձեր գյուղի մասին թևավոր խոսք կա, միտքն այն է, որ սեյտիշենցիները հյուրընկալ չեն: Կարող ենք բառացի հիշել Ղարաբաղի բարբառով: - Էդ թևավոր խոսքը ես էլ եմ լսել, բառացի հիշելու կարիք չկա, որովհետև իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, մեր գյուղի մարդիկ շատ բարեսիրտ են, հյուրասեր, պարզ ու մարդկային: Մեր գյուղի նման գեղեցիկ են: Եթե մարդը մոտիկ է բնությանը, չի կարող ժլատ, նյութապաշտ կամ անհյուրընկալ լինել: Ես տոհմիկ ղարաբաղցու ժառանգ եմ, իմ պապերը երկարակյաց են, Սարգիս պապս 100 տարի է ապրել: Հայրս արդեն ութսունն անց է, ժամանակին բարձրագույն կրթություն է ստացել, միշտ ղեկավար աշխատանքի է եղել: Հայրս խաղաղ մարդ էր, բայց շատ խիստ ու ազդեցիկ: Երբեք չեմ տեսել, որ ծնողներս վիճեն, հայրս հայացքով էր դիտողություն անում: Ես լսող, հանգիստ, գրքասեր երեխա էի, կամ դաս էի կարդում, կամ օգնում ծնողներիս, կամ ընկերներիս հետ ֆուտբոլ էի խաղում, անկարգություն չէի անում: Երազում էի օդաչու դառնալ: Երբ դիմեցի զինկոմիսարիատ, ինձ ասացին, որ օդաչու դառնալու համար քննություն պետք է հանձնել Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնարանում: Միայն ուսումնարան ընդունվելուց հետո հասկացա, որ ինձ խաբել են. Բաքվի զինվորական ուսումնարանը ավիացիոն բաժին չունի, սակայն արդեն տեսել էի համազգեստ կրող զինվորականների, կուրսանտների և հրապուրվել, այդ պատճառով էլ որոշեցի մնալ Բաքվում և մեկ այլ զինվորական մասնագիտություն ընտրել: -Դուք մասնակցել եք և° Աֆղանական, ևþ° Արցախյան պատերազմներին` առաջին դեպքում որպես գումարտակի հրամանատար, երկրորդ դեպքում` բրիգադի: Ինչո՞վ էին նման այդ երկու պատերազմները և ինչո՞վ էին տարբեր: - Նման էին այն բանով, որ երկուսն էլ խլում էին մարդկային կյանքեր, երկուսն էլ պահանջում էին խիզախություն, քաջություն: Սակայն տարբերությունները շատ էին: Արցախյան պատերազմը ծավալուն պատերազմ էր, պահանջում էր ռազմական գործի իմացություն, մարտավարություն, ինչը չեմ ասի Աֆղանական պատերազմի մասին, որն ավելի շատ պարտիզանական պայքար էր հիշեցնում: Իհարկե, դա չի նշանակում, թե Աֆղանական պատերազմը խաղուպար էր: Մեր տղաները սովոր չէին Աֆղանստանի բարձրաբերձ ու քարքարոտ լեռներին, տեղացիները այծյամների պես մագլցում, փախչում էին, մերոնք չէին կարողանում և զոհվում էին: Աֆղանստանում մենք կատարում էինք մեր ծառայական պարտականությունները` որպես խորհրդային զինվոր, զինծառայող: Իսկ Արցախում մենք մեր հայրենիքն էինք ազատագրում, և մեր ոգին, նվիրումը, խիզախութ յունը, ուժը հազարապատկվում էին: - Թուրքե՞րն են լավ ռազմիկ, թե՞ աֆղանցիները: - Չես համեմատի, թուրքերը թույլ են, աֆղանցիները շատ լավ կռվող են, բնատուր դիմացկուն են, քաջ են, տիրապետում են ռազմարվեստին: Արցախում իմ բրիգադի դեմ ճակատամարտերից մեկի ժամանակ 2000-ից ավելի աֆղանցի էր կռվում, ու նրանց ձեռագիրը էականորեն տարբերվում էր: Իսկ ամենալավ կռվողները հայերն են, մեր զինվորից դիմացկուն, խելացի, շուտ կողմնորոշվող ու քաջ զինվոր չկա: Ես առիթ եմ ունեցել շփվելու տարբեր ազգերի զինվորների և զինծառայողների հետ և եկել եմ այն համոզման, որ մեր զինվորները շահեկանորեն տարբերվում են մնացած բոլորից: Իմ բրիգադը պատերազմի ժամանակ համալրված էր ժամկետային զինծառայողներով: Նրանք կռվում էին առաջին գծում, դժվարագույն պայմաններում, բայց փախուստի ոչ մի դեպք չարձանագրվեց: - Ո՞վ է զինվորը հրամանատարի համար և հրամանատարը զինվորի համար` պատերազմի դաշտում և խաղաղության մեջ: - Պատերազմի դաշտում զինվորը հրամանատարի մարտական ընկերն է, հենարանը, ուժը: Հրամանատարը զինվորի ապավենն է, պաշտպանը, զինվորի հույսը, մեկը, ով փոխարինում է հորը, եղբորը: Հրամանատարն ու զինվորը մի ամբողջություն են, իրարով են ուժեղ, իրար են ապավինում, նվիրված են միմյանց: Ցանկալի կլիներ, որ նույն մտերմությունը, հարազատությունն ու նվիրումը լիներ նաև խաղաղության մեջ: Զինվորը կարիք ունի գովասանքի, բարի խոսքի, ուշադիր վերաբերմունքի: -Դուք, պատահե՞լ է, ապտակել եք զինվորին: -Այնպես, ինչպես կապտակեի հարազատ որդուս, ծեծը, ստորացնելը այլ բան են, հայրական ապտակը` այլ: Զինվորին չպետք է ճնշել, չպետք է կպչել տղամարդկային արժանապատվությանը, սակայն կարող ես խիստ ու պահանջկոտ լինել: Վերջերս իմ զինվորներից մեկին հանձնարարեցի զորամասի ծաղիկների արմատները փխրեցնել: Գնացի, տեսա ամբողջ կանաչ, խոտածածկ տարածքը ավերել է: Ու երբ իմացա, որ գյուղի տղա է, ապտակեցի: Փաստորեն, իրենց տանը կյանքում բահ չի վերցրել, ծնողներին չի օգնել, ընդհանրապես, գաղափար չունի հողից, ծառ ու ծաղկից: Հրամանատարը կարող է պահանջկոտ լինել, բծախնդիր, բայց այդ ամենով հանդերձ պիտի սիրի զինվորին: Զինվորն զգում է` սիրո՞ւմ են իրեն, թե՞ ոչ, կարևո՞ր է ինքը հրամանատարի համար, հրամանատարը ապրո՞ւմ է իր հոգսուցավով: - Ի՞նչ է տալիս Հայոց բանակն իր զինվորին: - Պատանին առաջին անգամ փորձում է ինքնահաստատվել մեծ կոլեկտիվում, գտնել իր տեղը, կառուցել հարաբերություններ, շփվել տարբեր խավի, մտածելակերպի, բարոյական նկարագրի մարդկանց հետ, հայտնվել տարբեր հոգեբանական իրադրություններում և գտնել խնդիրների լուծման ճիշտ ուղիներ: Բանակը մեծ կյանք մտնելուց առաջ լուրջ փորձություն է, դաս, ինքնաճանաչողության միջոց: Բանակը կոփում է և° մարմինը, և° հոգին, պատանուն դարձնում է ուժեղ և° էությամբ, և° ֆիզիկապես: - Ինչպիսի՞ն պետք է լինի այն սպան, որն օրինակ է զինվորի համար: - Յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի առաքինի լինել, ազնիվ ապրել, վայելել շրջապատի հարգանքը, սակայն սպան առավել ևս պետք է նախանձախնդիր լինի իր վարքի ու հեղինակության նկատմամբ, քանի որ իր կերպարով պատկերացում է տալիս այն խավի մասին, որի անդամն է: Հայրենիքի պաշտպանի առաքելությունը շատ հերոսական է, ազնվաբարո, բարձր, ուստի հասարակության մեջ զինվորականը առանձնահատուկ տեղ պետք է ունենա, առանձնահատուկ հարգանքի պետք է արժանանա, ու այդ բարձր դիրքը և մեծ հարգանքը ի°նքը պետք է վաստակի իր կեցվածքով, բարեկրթությամբ, վարքով, առաքինություններով:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ