Ինչպես վերադարձնել Օպերայի թատրոնին երբեմնի համբավը


Ասում են` չկա ծուխ առանց կրակի… Վերջին շրջանում սրված հետաքրքրասիրությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկա վարչակազմի (ադմինիստրատիվ և գեղարվեստական) ենթադրյալ փոփոխության նկատմամբ աշխույժ խոսակցությունների ու կանխատեսումների ալիք է բարձրացրել£ Շուրթից շուրթ են փոխանցվում հավանական թեկնածուների անունները` Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան… Սոսկ լավ երգիչ լինելը ամենևին էլ չի վկայում օպերային արվեստի համակողմանի գիտակ կազմակերպիչ լինելու կամ դառնալու մասին£ Չէ՞ որ մեկ անգամ արդեն չարաչար հուսախաբվեցինք… Որևէ պաշտոնական քայլ դեռևս չի արվել, չնայած ամենքը միաբերան պնդում էին, որ ընտրություններից հետո կհաստատվեն նոր գեղարվեստական ղեկավարը, տնօրենն ու գլխավոր ադմինիստրատորը£ Համընդհանուր դարձած այս անհանգստությունը մեր միակ օպերային թատրոնի բարձրարվեստ հարատևությամբ միանգամայն օրինաչափ եմ համարում£ Եվ քանի դեռ կոնկրետ որոշում չի կայացվել, ուզում եմ հուշել մի կարևոր նախաքայլ, որի գործուն աջակցությամբ, կարծում եմ, կարելի կլինի անվրեպ ընտրություն կատարել` վերականգնել թատրոնի գեղարվեստական խորհրդի լիազորված, անխափան գործունեությունը` համախմբելով դաշտում եղած մասնագիտական առողջ ներուժը, կարիերիստական նկրտումներից բարձր կանգնած փորձառու նվիրյալներին£ Ստեղծագործական վերելք ապահովելու համար նախևառաջ պետք է համակարգել առօրյա ստեղծագործական աշխատանքը, արդյունավետ հունի մեջ փոխադրել տարբեր խմբերի փոխհամաձայնեցված համագործակցությունը, ապահովել կոնսերվատորիայի և պարարվեստի ուսումնարանի շնորհալի շրջանավարտներով ստեղծագործական խմբի համալրումը և ամենօրյա տքնաջան փորձերով հետևողականորեն վերականգնել ավանդական հարուստ խաղացանկի բարձր արժեքները£ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել պետական զորեղ օժանդակությամբ և խստապահանջ վերահսկողությամբ£ Ոչ միայն` ֆինանսական£ Չկա ծուխ առանց կրակի... Երանի թե երևացող ծուխը օջախի շենության և ոչ մոխրացման նախանշան լինի£ Եթե նույնիսկ շրջանառվող խոսակցությունները բամբասանքի արժեք ունեն, միևնույն է, ավելի են բորբոքում դժգոհությունը այդ բացառիկ մշակութային օջախի ստեղծագործական հետընթաց պասիվությունից և ստիպում են պետական մակարդակով վերականգնողական համալիր միջոցառումներ մշակել ու հետևողականորեն իրագործել£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ