«Բաբկեն Ներսիսյան _ 90»


Հավատարիմ հայ բեմի մեծանուն գործիչների վաստակը հավերժացնող իր նախաձեռնած հրաշալի թատերական ավանդույթին, որի հիմքը անցյալ տարի դրվեց «Մետաքսյա Սիմոնյան-80»-ով, Մայր թատրոնը ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 6-ը կազմակերպում է «Բաբկեն Ներսիսյան-90» հանրապետական «Արտիստ» փառատոնը: Հանդիսավոր մեկնարկը նշանավորող «Պատվի համար»-ից սկսած մինչև ադամյանցիների եզրափակիչ «Խաթաբալա»-ն (որով, ի դեպ, Արմեն Բայանդուրյանը խոստացել է ապացուցել, որ Փիրոսմանիշվիլին հայ է եղել) բոլոր ներկայացումները.- աբելյանցիների «Ռոմեո և Ջուլիետ»-ը, ռուսականի «Կայսրը», դրամատիկի լեգենդար «Մոռանալ Հերոստրատին»-ը, Կամերայինի տարվա լավագույնը ճանաչված «Ի զեն»-ը, պարոնյանցիների «Արջը» և «Առաջարկությունը», ԵՊՀԹ «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը», գյումրեցիների «Հերակլեսի չիրագործ ված սխրանքը», Երաժշտական կամերայինի «Ուշացողները», նախկին «Փոսի» թատրոնի «Ալ ժողովի չեմ երթար»-ը և Սոֆի Դևոյանի Հոգու և պարի թատրոնի ելույթը թատերական ձոներ են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատերարվեստի բազմավաստակ նվիրյալ Բաբկեն Ներսիսյանի հիշատակին, ում 90-ամյակի հոբելյանական երեկոն առանձնահատուկ հանդիսավորություն կհաղորդի «Արտիստ» փառատոնի մրցանակաբաշխությանն (այս անգամ միայն տղամարդ արվեստագետների` բեմադրիչների, արտիստների, դրամատուրգների, բեմանկարիչների միջև է անցկացվելու մրցույթը) ու փակման արարողությանը: Ի դեպ, փառատոնի շրջանակներում կնշանավորվի Բաբկեն Ներսիսյանի հմայիչ խաղընկերուհիներից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստուհի Մարգո Մուրադյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Դատելով սունդուկյանցիների նախապատրաստական միասնական եռուզեռից` մայրաքաղաքի թատերասերներին մշակութային նոր հրավառություն է սպասվում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ