ՄԵՐ «ՑՆՑՈՂ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ Գլխավորը` փակագծում... և նրանից դուրս


Ավարտվեց այս ուսումնական տարին: Ոգևորված (բարձր ցուցանիշնե՞ր, թե՞ վերջապես պրծանք) ամփոփեցինք տարեկան արդյունքները: Մանկխորհրդում հաշվետվություն ներկայացրինք մեր մանկավարժական նվաճումների մասին ուսումնական, կրթական, մեթոդական (դաստիարակչականի մասին էլ չենք խոսում): (Չնայած ամեն դասարանում մեկ ձեռքի մատները բավական են նշելու բարձր գնահատականներով ավարտած (համեմատած մյուսների հետ), սովորելու ունակ և ցանկացող աշակերտների թիվը, նույնքան էլ վատ ունեցող, ոչինչ չանող, դասերից փախչող, ծնողի ուշադրությունից դուրս մնացած (կապված ծանր սոցիալական վիճակի հետ) աշակերտների, որոնց հազար անգամ ասել ենք, նույնքան էլ ծնող ենք կանչել, պահանջել, որ մաթեմատիկայի, օտար լեզվի, պատմության, ֆիզկուլտուրայի վրա ուշադրություն դարձնեն (խեղճ ծնող), իսկ մեծ մասը` մի կերպ, կիսաանգրագետ, անտարբեր): Եվ հիմնականում բարձր միավորներով փակեցինք ուստարին (ո՞ր ուսուցիչը կամ դասղեկը կուզենա, որ իր անունը շոշափվի մանկխորհրդում, ցածր տոկոսներով իր վրա բևեռի տնօրենի ուշադրությունը, գցի դպրոցի ընդհանուր ցուցանիշերը, ուրեմն, նկարենք գնահատականները հոգոց հանելով` փչացել Է սերունդը, փոքրուց չեն ուզում սովորել, բարձր դասարանցիները ընդհանրապես դպրոց չեն գալիս, գալուց էլ…): Դպրոցը իր սարքած թվերը ներկայացնում է մարզ (ո՞ր տնօրենը կուզենա կրթվարչության պետի աչքից ընկնել), մարզը` նախարարություն (և այսպես մինչև վեր): Նախարարը լրատվությամբ ասում է ոչինչ չասող թվեր և շնորհավորում բոլորին (ո՞ւմ, ինչի՞ համար): Ա°յ, հիմա ավարտվեց ուսումնական տարին, օ°ֆ: Ախ, հա, բա վերջին զա՞նգը - համահանրապետական շքեղ հանդես - հրավառությունը (բարոյական դաստիարակության բացակայության արտահայտությունը): Ո°չ, չեմ գրի այդ որոշ խորհուրդ պարունակող օրվա արդի վիճակի նկարագրությունը - անկուլտուրականությունը վիրավորական է: «Դե°, գույները շատ են խտացված,- կասեն ոմանք, - մեզ մոտ այդպես չէ»: Այո՞, այդ որտե՞ղ, հայտնի գովազդի նման. «Ուրեմն, մենք կգանք ձեզ մոտ»: Եվ մի՞թե ամեն ինչ ասվեց, էլ բան չկա՞ ասելու: Ժողովուրդն ասում է. «Աստված բեթարից ազատի»: Ուսուցիչնե°ր և աշակերտնե°ր, «նրանք» դեռ ամեն ինչ չէ, որ արել են մեզ համար, որ մենք լավ ապրենք, սովորենք, «նրանք» շարունակում են «բարեփոխել» դպրոցը: Ասված է, չէ՞. «Ամենալավը` երեխաներին»: ...Եվ էկրանին հայտնվում են ոստիկանների, ինկասացիայի պահապանների խիստ, ոչինչ չարտահայտող դեմքերը, կողքից ավտոմատները (մարկան չհասցրի նայել. ԱԿՍ, թե՞ ԲՈՒԿՍ) և ատրճանակները կախված, իսկ կրթփոխնախարարը գերագույն հաճույքով բացում - փակում էր հսկայական անկիզելի պահարանը և դուրս բերում... «հայոց լեզվի և գրականության հարցաթերթիկների» փաթեթները: (Մեսրոպ Մաշտոցը շուռ եկավ գերեզմանում: Ուսուցիչների արյունը սառեց երակներում: Աշակերտների մոտ ջերմության բարձրացում և փորացավեր սկսվեցին): Հիրավի, լավագույնը ձեզ. ի՞նչ ֆիզիկական, ի՞նչ հոգեկան առողջություն, կարևորը Եվրոպայի առջև ցուցադրվելն է, «գրանտներ» բերելը և անօգուտ միջոցառումային կրթություն և դաստիարակություն կազմակերպելը (մյուս նշանակության մասին առայժմ լռում ենք): Թույլ տվեք հարցնել` այդ հակաահաբեկչական միջոցները ո՞ւմ դեմ էին ուղղված (պարզ է, ահաբեկիչ աշակերտների և ուսուցիչների): Վերջին տարիներին իրար հերթափոխող տարբեր դասագրքերի՞ իրենց տարբեր հեղինակներով (որոնք, պահը բաց չթողնելով, յուրաքանչյուրն իր չհիմնավորված լեզվագիտական գիտելիքներով, գրանտներից փշրանքներ էին պոկում): Հայ աշակերտների՞, որոնց այդ հեղինակները վանեցին սեփական լեզվից` «ամենաչսիրած» առարկա դարձնելով հայոց լեզուն: Ուսուցիչ-լեզվաբանների՞, ովքեր գլուխներն էին բռնում իրար չհամապատասխանող լեզվագիտական կանոնների և պահանջների պատճառով (բայց ի վերջո ենթարկվելով. մենք ի՞նչ անենք. ինչ ուզում է, թող լինի): Եղա°վ: Քերականությունից անգրագետ և մայրենիով կարգին չխոսող հայ սերունդ: («...Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ... Ո՞վ այսուհետև զմերս յարգեսցէ զուսումն...» Պատմահայր Խորենացի: Ի՞նչ է որ, ընդամենը 1500 տարի է անցել այս խոսքերը գրելուց): Եվ այս ամենը մեր մեսրոպյան լեզվի գլխին: Խե°ղճ Մաշտոց: Երիցս խե°ղճ Խորենացի: Քո պարծանք հայոց պատմությունը, հերիք չէ, չէր համընկնում այսօրվա «պաշտոնական» պատմագրությանը, արժան չհամարվեց առանձին, լուրջ ուսումնասիրվելու հենց ավագ դպրոցում: Նրան ֆոն էր պետք` ի դեմս համաշխարհային պատմության: Ոչինչ չունենք համաշխարհայինի դեմ, բայց նրա ֆոնին պիտի փայլեինք, ոչ թե արանքներում, Պիպինների, Պիոսների և Պետրոսների հետ խցկվեինք: Մենք, որ Նոր թվարկության սկզբին Արևելքից ընդունեցինք Իմաստությունը, պահեցինք մեր Ժողովրդական Ակադեմիայում (պատմաբան, հայագետ Ս. Գլինկա) մինչև միջին դարերը, երբ նորից կուլտուրայի փառահեղ Վերածնունդ ունեցանք` Հ. Իմաստասեր, Մ. Գոշ, Գ. Մագիստրոս, Նարեկացի, Թ. Ռոսլին, համալսարաններ, ճարտարապետական գոհարներ և ... փոխանցեցինք բարբարոսությունից նոր-նոր դուրս եկող Եվրոպային: Եվ, ահա, վերջին նորույթը. 12-ամյա կրթությանն անցնելով (հակառակ բոլոր հիմնավորված առարկություններին)` միջին դասարաններում էլ Հայոց պատմության ժամերը կրճատվեցին: ժամանակ էլ չունենք, հա՞: (Թե՞ փող): Մեկ էլ ավելացնենք. այս ամենի տրամաբանական ավարտն են օրերս անցկացվող քննություններն ավարտական` 8-րդ և 10-րդ դասարաններում: Էլի առարկության ձայնե՞ր են լսվում. «Նոր փորձեր ենք անում, նոր ենք սկսում. մի° խանգարեք, հոռետեսներ եք, ամեն ինչ լավ է լինելու»: Ինչքա՞ն պիտի «նոր» փորձեր անեք: Ուրեմն, խոստովանո՞ւմ եք, որ անցած և նախորդ տարիների Ձեր ցնծալի հայտարարությունները ճիշտ չէին` օբյեկտիվության և բարձր գիտելիքների մասին: Ես էլ հոռետե՞սն եմ` 20 տարի քրտինք-առողջությամբ աշխատելով, համբերությամբ տանելով սոցիալական բոլոր զրկանքները, արհամարհական ողորմություն-աշխատա վարձը: Ակադ. Ռերիխը գրել է. «Ամոթ այն պետությանը, որի ուսուցիչը գտնվում է աղքատության մեջ»: Խանգարողը մենք չենք. Դուք ցույց չտվեցիք երաշխիքը, որ այս նորամուծությունները ևս մյուսների նման անարդյունք չեն լինի: Ինչպե՞ս թե: «Գնահատի°ր արած գործերով»,- ասվում է Ավետարանում: ԱՅՌԵՔՍ, ՏԱՍՍԻՍ, ԻՆՏԵՐԱԿՏԻՎ, ԽԻԿ, ՊԻՑՑԱ, ԹԽՄ, ԳՈՒՍ և այլն խուճուճ, համով տերմիններով, «նոր» մեթոդներով քանի՞ հարյուր ուսուցիչներ են վերապատրաստվել. ո՞ւր է արդյունքը: Հիմնական կրթություն ստացածների 1/3-ը, եթե ոչ կեսը, չունեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ` ուսումը ավագ դպրոցում շարունակելու համար: Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ նորակոչիկների մեծ մասը գրագետ չէ` անգամ իրենց անուն-ազգանունը գրելիս: Լավագույն աշակերտները 1-2 տարի կրկնուսույցի մոտ վարժվելուց հետո էլ, ընդունելության քննություններին և բուհում սովորելիս, գիտելիքների ստուգման ժամանակ ցույց են տալիս ապշեցուցիչ «արդյունքներ»: ԿԳՆ-ի պաշտոնական հայտարարություններից երևում էր բոլոր առարկաներից ցածր մակարդակը. բանասիրական ֆակուլտետում հայոց լեզվի թելադրությունից ուսանողների մեծ մասը անբավարար էր ստացել: Բոլորս ծիծաղում էինք Հայոց պատմությունից արտառոց գիտելիքների վրա: Մ. Խորենացին նշանավոր տիեզերագնաց է, Սասունցի Դավիթը Վարդան Մամիկոնյանի թիկնապահն է և այլն: Կարելի էր ծիծաղել, եթե այդքան տխուր չլիներ: Կասեք` չէ՞ որ լավ երեխաներ ևս կան: Իհա°րկե, կան. բնությունը դեռ լրիվ չի խռովել մեզանից: Իսկ ո՞ւր մնաց հանրակրթությունը, երբ բոլորը պետք է և պարտավոր են ստանալ կրթություն: Ստիպված ենք նորից շեշտել` կրթության բարեփոխումները, այդ նորաձև նորամուծությունները (որոնք ուրիշի հնություններն են)` ուղղված ձևի փոփոխությանը (ռե-ֆորմա), էականորեն չեն ազդում կրթության և ուսուցման վրա (երեխայի ընդունակությունների զարգացման մասին խոսք չկա. նամանավանդ, օժտված երեխաների զարգացման մասին, դրանով զբաղվող ոչ մի կենտրոն չկա: Համեմատության համար. Ռուսաստանում ամեն տարածաշրջան իր կենտրոնն ունի): Եվ նորից ենք առաջարկում` ելքը միայն նորարար-մանկավարժության մեջ է: (Նայենք մյուս ոլորտները` տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական: Ողջ աշխարհը տենդագին իննովացիոն, նանա և այլ նոր մեթոդներ է փնտրում, և ով առաջինը այն ներդնի և կիրառի, դառնում է առաջատար, զարգացած: Իսկ ինչո՞ւ կրթության մեջ այն համառորեն անտեսվում է. անտեղյակությունի՞ց (գիտնականների՞), թե՞ չկամությունից (ո՞ւմ): Գուցե տեղին է նշել Յ. Կոմենսկու մեջբերումը. «Մտածելով այս ամենի մասին (իմա` կրթության)` մեկ անգամ չէ, որ եկա այն մտքին և վճռական համոզմունքին, որ այդ ամենը դպրոց է մտցված ինչ-որ չար և նախանձոտ հանճարի կողմից, մարդկային ցեղի թշնամու կողմից»): Նորարար-մանկավարժները` Շչետինին, Ամոնաշվիլի, Շատալով, Աղաբաբյան, առաջարկում են, նախ, ճշտել կրթության նպատակը, այն է` ներդաշնակ և համակողմանի զարգացած մարդու ձևավորումը: Նայեք մանկավարժական գրականությունը. անձ և մարդ հասկացությունները չեն տարբերվում, իսկ վերջինս ավելի լայն է: Այսօրվա կրթությունը պիտի ապահովի ոչ թե ինչ-որ գիտելիքներով լցված ինտելեկտուալ անձի, այլ ճիշտ մտածողություն զարգացրած բանական մարդու ձևավորումը: Ճիշտ մտածողությամբ զբաղվում է տրամաբանություն գիտությունը (որը կրթական համակարգում չկա): Բոլոր գիտությունները պետք է հենվեն նրա վրա: Բոլոր մեթոդ-մեթոդիկաները պետք է կառուցվեն նրա պահանջներով: Դպրոցում դասավանդվող գիտությունները պետք է հստակ ունենան իրենց ուսումնասիրման առարկայի հասկացություն ները, նրանց դասական սահմանումները, դասակարգումը, տարբերակիչ էական հատկանիշները, թեզերն ու տեսությունները, դատողություններն ու մտահանգումները: Սա տրամաբանություն է, առանց որի վաղուց բանական մարդ կոչվող էակը չի զարգացնի բանականությունը, կմնա ինտելեկտուալ անձի մակարդակին: Այն, ինչի համար մաքառել են Դ. Անհաղթը, Հ. Իմաստասերը և այսօր` նորարար մանկավարժները: Երեխաները պետք է և կարող են դաստիարակվել: Մեծ բեռ է դրվում դպրոցի, ուսուցչի վրա, իսկ ինչո՞վ առաջնորդվի ուսուցիչը. ո՞ւր է դաստիարակության հայեցակարգը: Փոխվեց հասարակարգը, փլատակների տակ թաղեցին նրա գաղափարական հիմքերը` նորը չկարողանալով որոշել, հինն ու նորը, թացն ու չորը խառնել են իրար (այդ պղտոր ջրում ո՞վ ի՞նչ ձուկ է բռնում...): Իսկ բարոյագիտությունը դաստիարակության բովանդակությունն է, և այն պետք է լինի կենդանի բարոյագիտություն: Ո՞ւմ եք սպասում, հարգելինե°րս: Արևմուտքը այստեղ արդեն ... sory: Նոր ի՞նչ կառաջարկի-դպրոցական հանցագործությունների բազմազանությո՞ւն, ընդհուպ մինչև ուսուցիչների և երեխաների առևանգում ու գնդակահարո՞ւմ, թմրամոլությու՞ն, սեռական այլասերու՞մ, հիվանդություննե՞ր` ՁԻԱՀ-ի նման: Իրենք են մտահոգ: «Դպրոցը ոչ միայն չի դաստիարակում բարոյական անձնավորություն, այլև անկարող է ձևավորել նրա ինտելեկտը: Դպրոցում տիրում է ինտելակտուալ ամլություն և բարոյական դատարկություն, որը հասցնում է կուլտուրական շիզոֆրենիայի»,- ասել է ԱՄՆ -ի կրթական համակարգի առաջատար մասնագետ Չ. Զիլբերմանը: ԿԳ նախարարության նորաստեղծ Դաստիարակության բաժնում լավ գիտեն մեր տեսակետները, ծանոթ են դաստիարակության հայեցակարգի թեզիսներին և գործնական առաջարկներին, բայց ե՞րբ գիտական լուրջ հանդիպումներ, քննարկումներ կսկսվեն: Գիտենք, որ բաժինն ուզում է աշխատել, բայց գիտնականնե°րը ցանկություն չունեն աշխատելու: Համատարած և լայն «դեմոկրատիա» է, «պլյուրալիզմ», մարդու իրավունքների շնչակտուր պաշտպանություն, բայց մարդուն, անձին, անհատին դրանից` ոչինչ: Պատճա՞ռը: Հենց այդ պատճառը չեն որոնում, այլ դեկորատիվ միջոցներով բարեփոխում են արդեն խարխլված շենքը, ծանրացնում պատերը նորաձև, չհիմնավորված ծածկույթներով, որոնք, ի վերջո, ավելի անհուսալի են դարձնում շինությունը: Իսկ ինչո՞ւ չեն որոնում պատճառը: Չգիտե՞ն, չե՞ն կարողանում: Որովհետև չեն հասկանո°ւմ: «Գիտենալ և հասկանալ-տարբեր բաներ են: Գիտենալը կարող է լինել առանց հասկանալու»: Հետևաբար, չի գտնվի ճշմարտությունը (եթե այն դեռ որևէ մեկին պետք է, որում հիմա խիստ կասկածում եմ): Ուրեմն մեր բարեփոխիչ գիտնական-չինովնիկները չեն գտնի (և դա այդպես է) ելքը: «Ինչի՞ է դա հասցնում: Գիտության ճգնաժամի, որին անհապաղ հետևում է կրթության և դաստիարակության ճգնաժամը: Իսկ ճգնաժամ + ճգնաժամ հասցնում է ԿՐԱԽԻ»: (Ա. Աղաբաբյան «Հեղինակային թերթ», թիվ 3, էջ 8): Դուրս գանք փակագծերից: 5-րդ` Ոսկեդարում, մեր ֆիզիկական և հոգևոր ուժերը ոսկեզօծվեցին մեր ոգեղենիկ կուլտուրայով` Մաշտոցի հայահունչ տառերով, Դավթի անհաղթ Իմաստնությամբ, Խորենացու պատմական հիշողությամբ, Շիրակացու բնագիտությամբ: Ու նետեցին գիտելիքի բումերանգը դարերի միջով: Ո՞վ կբռնի այն: Կա°մ կբռնենք բումերանգը, կա°մ կշրխկա ճակատներիս` ուշագնաց անելով, իսկ թշնամին քնած չէ: Կորցնելու ենք ու քոչելու ենք: Ո՞վ կդառնա մեր այսօրվա Վռամշապուհը` պետությունը փրկելու համար: Ո՞վ կդառնա հոգևոր առաջնորդ Սահակ, որը նորից կհնչեցնի` «Ոչ միայն հացիվ...»: Մենք ամեն ինչ ունենք: «Գանձը հայոց հողում է թաղված»,- ասել է Ան. Շիրակացին: 21-րդ դարում «Մշակույթի հայկական լիգան» գանձը վերհանում է, հազարամյա իմաստությունը նորացնում է և հիմնավորելով ներկայացնում իր Երկրին: «Ցեղերի մեջ վեհագույն» հայ ժողովուրդ (Խորենացի), մեր ուժը մեր հավաքական մտքի մեջ է, մեր Կուլտուրայի: ՄԻԱՑԵՔ:

Սուսաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ