ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԳՆԱՆԿՄԱՆ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞


Գազի թեման սովորաբար բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում հերթական թանկացումից առաջ: Ու քանզի մեր հանրապետությունում երկնագույն վառելիքի սակագինը բավական հաճախ է վերանայվում, կարելի է արձանագրել, որ իրականում ընդամենը կենցաղային այս խնդիրը միշտ հրատապ է մնում: «ՀայՌուսգազարդը» բացի սակագին բարձրացնելուց ուրիշ ոչնչի մասին չի մտածում: Սակայն, որքան էլ հանրության շրջանում այս կառույցի գլխավոր «գործառույթը» հատկապես սակագների պարբերական թանկացումը համարվի, այնուամենայնիվ, «ՀայՌուսգազարդը» վերջին տարիներին ծավալուն ներդրումներ էլ է իրականացրել, հազարավոր աշխատատեղեր ապահովել, ինչպես նաև երկրի խոշորագույն հարկատուներից է: Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ առաջիկա ձմեռնամուտը նոր թանկացմամբ չնշանավորվի, ապա սպառման ծավալների սեզոնային աճը փաստելու է, որ նախորդ ամսվանից գործող սակագինը այլևս հատել է մատչելիության սահմանագիծը. ընդամենը մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 40 դրամով: Այսինքն, տասը տարի առաջ տնտեսության ու ազգաբնակչության բնականոն կենսագործունեությանը երկնագույն վառելիքի բացակայությունն էր խոչընդոտում, իսկ ներկայիս իրականությունում` բարձր սակագինը: Իր հերթին երկնագույն վառելիքի անմատչելիությունը անհավանական է դարձնելու նաև գազամատակարար ընկերության խոշոր հարկատուների ցանկում կայուն և պատվաբեր երկրորդ հորիզոնականն զբաղեցնելու հեռանկարը: Թեկուզև անցանկալի, բայց ամեն ինչ պարզ ու տրամաբանական է թվում: Մինչդեռ հինգ օր առաջ հայտնի դարձավ, որ հինգ տարի առաջ հարևան Իրանի հետ ստորագրված համաձայնագիրը մեծ ուշացումով սկսել է գործել: Ըստ տեղեկությունների` ներկայում մեր հարավային հարևանից օրական շուրջ 2 միլիոն խորանարդ մետր գազ ենք արդեն ստանում, ու մոտ ապագայում նշված ծավալը նախատեսում են եռապատկել… Այլընտրանքային շուկայի գործարկումը մի պահ նույնիսկ կարելի է ոգևորիչ համարել, մանավանդ, որ տարբերակներից լավագույնն է ընտրվել. մատակարարվող գազի դիմաց հայկական կողմը հատկապես ապրիլմեկյան թանկացումից հետո տեղում դժվարությամբ սպառվող էլեկտրաէներգիայով է «վճարելու»: Ավելին, եթե հավատանք, որ յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց 3 կիլովատ հոսանք է մատակարարվելու հարևան երկրին, ուրեմն գնի մեջ էլ չենք տուժելու, համագործակցության հավասար պայմաններ են գործելու: Լավատեսություն է ներշնչում նաև այն հանգամանքը, որ մշտապես ներքին բարդագույն խնդիրների հորձանուտում խճողված վրացական կողմից, իսկ տվյալ պարագայում Վրաստանի տարածքով անցնող գազամուղից լիարժեք կախվածությունը երկրորդվում է… Ու չնայած հուսադրող և լավատեսական հեռանկարներին` այնուամենայնիվ կարևոր մի հարց անպատասխան է մնում` որտե՞ղ է սպառվելու անհաշվելի ծավալներով գազը: Ընդունենք, թե առաջիկա օրերին մեր հանրապետության բոլոր գազային պահեստարան ները հարյուր տոկոսով երկնագույն վառելիքով ամբարվեցին… Եթե նույնիսկ չպնդենք, որ ռուսական կողմի անուղղակի միջամտությամբ էր ձգձգվում հինգ տարի առաջ կնքված պայմանագրի կենսագործումը, ապա հարավից եկող գազամուղի գործարկման պարագայում այլևս կասկածից վեր է, որ իր բաժին սպառման ծավալները պահպանելու համար, մեր հյուսիսային հարևանը, թեկուզև բիզնեսի չգրված օրենքներով առաջնորդվելով, հնարավորն անելու է` հայաստանյան շուկան մեկ այլ պետության չզիջելու համար: Հատկապես Իրանի հետ երկաթուղային «համագործակցության» հեռանկարների ֆոնին ավելի հավանական է թվում վաղուց կառուցված խողովակաշարի տրանզիտային նշանակությամբ օգտագործելու ծրագիրը: Այլապես, մեկ կամ երկու տարի առաջ Հայաստանում գազի պահանջարկն ավելին չէր, քան ներկայիս բարձր սակագնի պայմաններում: Եվ եթե առաջիկայում երկնագույն վառելիքի պահանջարկի նվազման անխուսափելիությունը հաշվի առնելով է գազամուղը հատկապես հիմա շահագործվում, ուրեմն մնում է ենթադրել, որ միգուցե այլ շարժառիթներ էլ կան, որոնք դեռևս հայտնի չեն: