Ի՞ՆՉ ՄԱՍՇՏԱԲԻ ՍՏԱԽՈՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ


Մայիսի 13-ին Բաքվում տված մամուլի ասուլիսում նա բարձրագոչ հայտարարեց. -Ոչ ոք չպետք է կասկածի, որ Թուրքիայի համար Ադրբեջանի շահերի պաշտպանությունը շարունակում է գերակա մնալ, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանի շահերը նաև առաջիկայում, ինչպես արել է նախկինում: Հազիվ թե որևէ մեկը դրան կասկածում էր: Սա զուտ հռետորական հայտարարություն չէր, ու նաև հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հնարավոր նորմալացումից և մանավանդ միջպետական սահմանի բացման հեռանկարից Ադրբեջանում առկա խռովքը մեղմել ու միտումն ուներ: Ուստի, որպեսզի այդ առթիվ որևէ տարակույս չմնա, Էրդողանը հատուկ շեշտեց, թե «հայ-թուրքական սահմանի փակման մեջ պատճառահետևանքային կապ կա: Պատճառը Լեռնային Ղարաբաղի բռնազավթումն է, հետևանքը` մեր կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը: Մենք փակել ենք դռները, որովհետև բռնազավթվել են ադրբեջանական տարածքներ: Քանի դեռ բռնազավթումը չի դադարեցվել` դռները չեն կարող բացվել»: Սա այլ բան չէր, քան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայմանի առաջադրում: Մի կողմից Էրդողանի կառավարությունը, ի դեմս իր նախկին արտգործնախարար և այժմյան փոխվարչապետ Ալի Բաբաջանի, Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները բարելավելու համաձայնագիր է ստորագրում, մյուս կողմից այդ նույն կառավարության ղեկավարը Բաքվում նման կարգի հայտարարություն է անում: Մի՞թե սա չի նշանակում, որ երեք նախապայմաններից առնվազն մեկը, այսպես կոչված «Ադրբեջանի բռնազավթված տարածքները վերադարձնելու» նախապայմանը, Էրդողանի համար դեռևս ուժի մեջ է: Այստեղ երեք հնարավորություն կա. Նախ` Թուրքիայի կառավարության ղեկավարը գրոշի արժեք չի տալիս իր կառավարության ստորագրած փաստաթղթին: Այսինքն, ի լուր աշխարհի հավաստում է, որ իրենց ոչ գրավոր, ոչ բանավոր հայտարարություններին վստահել չի կարելի: Բացի այդ, Էրդողանը ամբողջ աշխարհի աչքի առաջ հանդես է գալիս որպես մի ղեկավար, ով ընդունակ է պարզապես խաբել իր բոլոր գործընկերներին: Չէ՞ որ Հայաստանի հետ առանց նախապայմանների միջպետական հարաբերությունները բարելավելու խոստումը Թուրքիայի վարչապետը տվել էր ոչ միայն մեզ, այլև` առաջին հերթին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Եվ, իհարկե, ոչ միայն նրան: Ու ահա պարզվում է, որ հասնելով Միացյալ Նահանգների նախագահի ամենամյա ուղերձում «Հայոց ցեղասպանություն» բառերը չհնչեցնելու իրենց նպատակին, թուրքերը դիմակները դեն նետեցին և դարձյալ սկսեցին ժանիքներ ցույց տալ Հայաստանին: Վերջին հաշվով, եթե առաջին երկու հանգամանքները դեր չեն խաղացել Էրդողանի` Բաքվում արած հայտարարության համար և եթե նա ամենևին էլ միջազգային մասշտաբի ստախոս չէ, ապա մնում է վերջին ենթադրությունը` Էրդողանը…տեղակա°ն մասշտաբի ստախոս է: Նա ընդամենը փորձել է հաճելի խոսքեր մրմնջալ կրտսեր եղբայրների ականջին և արժանանալ էժանագին օվացիաների: Բայց ո՞վ ասաց, թե կրտսեր եղբայրներին խաբելն ամոթ չէ: Ստախոսությունն ընդհանրապես արատավոր վարքագծի դրսևորում է, մանավանդ` պետության ղեկավարի համար: Այնպես որ, եթե Թուրքիան իսկապես չբացի Հայաստանի հետ սահմանը, հրաժարվի առանց նախապայմանների միջպետական նորմալ հարաբերություններ հաստատելու իր հանձնառությունից, վարչապետ Էրդողանը ստախոս կճանաչվի ամբողջ աշխարհի աչքում: Եթե Բաքվում արած հայտարարություններից հետո, այնուամենայնիվ, համաձայնի սահմանը բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա նա ստախոս կհամարվի իր կրտսեր եղբայրների աչքում: Կա մի այլ հանգամանք ևս: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եվրոպական դիվանագետների հետ պրահյան վերջին հանդիպման շրջանակներում ունեցած շփումների ժամանակ ասել է, թե «վարչապետ Էրդողանի Բաքվի հայտարարությունները պարտադրված բնույթ են կրում և նպատակ ունեն չեզոքացնել ադրբեջանական հանրային կարծիքն ու պաշտոնական Բաքվի հնարավոր դիմակայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմա նը»: Սակայն ներկա պահին մեզ համար ավելի ճիշտ կլինի դատողություններ անել ոչ թե Թուրքիո ղեկավարների հայտարարություններով, այլ` նրանց կոնկրետ քայլերով: Կբացե՞ն մեր սահմանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն մեզ հետ, թե՞ դարձյալ կկառչեն նախապայմաններով խոսելու մարտավարությունից` այդ ժամանակ էլ կգնահատենք, թե որքանո՞վ են թուրք առաջնորդները հավատարիմ տված խոսքին կամ ստորագրած փաստաթղթին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ