Հա՞ որ..


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ անիվը հայոց աշխարհում դանդաղ է պտտվում: Մինչ լրատվամիջոցներն, իրարից առաջ ընկնելով, հաղորդում են աշխարհի զարգացած երկրներում տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, ու մենք էլ ուրախությամբ սպասում ենք ցանկալի բեկման Հայաստան հասնելուն, մեր և մեր ապագայի համար բավական հոռետեսական կանխատեսումներով է ներկայանում Համաշխարհային բանկը: Այս կառույցի կանխատեսումներով ընթացիկ և հաջորդ տարվա ընթացքում մեր հանրապետության աղքատ բնակչության թիվը ևս 4-6 տոկոսով կավելանա: Իսկապես հետաքրքիր մարդիկ են այդ օտարերկրացի փորձագետները: Մեզ էլ թվում էր, թե ավելի շատ աղքատներ էլ չեն լինի, քանզի ավելի աղքատ ոնց որ թե հնարավոր չէ լինել: Եվ շատ բնական է, երբ լավատեսությունը մարդուն խանգարում է իր նվազող եկամուտներն ու ապագայի պատկերացումները հանրագումարի բերել: Իր հերթին նման ամեն գնահատական` հնչի այն ՀԲ-ի, թե մեկ այլ շահախնդիր կառույցի կողմից, ավելի շատ գույներն է միայն խտացնում: ԳՈՒՅՆԵՐԸ խտանում են նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: Ընդ որում այնպես, որ շատ հաճախ մեղավոր կողմ են «դուրս գալիս» ոչ թե քարոզարշավին մասնակցող կուսակցությունները, ոչ թե ընտրողները, այլ ինչ-ինչ անհայտ նպատակներ հետապնդող երրորդ կողմեր: Այսպես, իրեն «սոցիոլոգիային» նվիրած Ա.Ադիբեկյանը հավանաբար կարծելով, թե քաղաքական ուժերի դեմ ուղղված ցանկացած հերյուրանք այլևս լուրջ չի ընդունվի, հիմա էլ գրոհի սլաքն ընտրազանգվածի դեմ է ուղղել: Նրա հավաստմամբ` այն հարցվողները, ովքեր իրենց մայիսերեսունմեկյան նախասիրությունների մասին նպատակահարմար չեն գտնում բարձրաձայնել, քվեի դիմաց դրամական փոխհատուցում են ակնկալում: Ա¯յ քեզ… հարցախուզավոր: Գոնե եթե խոսքը դեռևս չկողմնորոշված ընտրողներին վերաբերվեր, դեռ ինչ-որ տեղ չկողմնորոշվածությունը նաև նյութական գործոնի անխուսափելիությամբ կարելի կլիներ պայմանավորել: Այնպես որ, այս ընտրությունների ադիբեկյանական հարցումներում ամեն ինչ կարելի է գտնել, բացի տրամաբանությունից: ԸՍՏ երևույթին ընտրական գործընթացի տրամաբանությունից սկսել են շեղվել նաև Երևանի ավագանիում տեղեր զբաղեցնել պատրաստվող որոշ կուսակցությունների նախնական հաշվարկները: Այս օրերին առանձին քաղաքական ուժերի հրավիրած թաղային հանրահավաքներում պատահում է նաև այնպես, որ մասնակիցների թիվը հազիվ մեկ տասնյակի է հասնում: Իսկ ընդհանուր առմամբ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող յոթնյակի հնարավորությունների մասին հանգիստ խղճով կարելի է նման հանդիպումների մարդաշատությամբ ու հավաքվածների պահվածքով դատել: Սա թերևս մերօրյա հարցախույզների համեմատ կանխատեսումներ անելու ավելի հավատընծա տարբերակ է: