«Լևոն, նա-խա-գահ». գուցե` «Լևոն, քաղաքապետ»


Հետևելով Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական քարոզարշավին` մինչև անգամ կարելի է կարծել, թե «գործ ունենք» չափավոր հավակնություններով ընտրությունների մասնակցող քաղաքական ուժի հետ, որն էլ իր հերթին ճշգրտած լինելով ստանալիք ոչ այնքան համեստ, բայց մոտավոր տոկոսները` ոգևորությամբ սպասում է քվեարկության օրվան: Բայց, ինչպես հայտնի է, ընդդիմության, այն էլ դրա արմատական հատվածի ծրագրերը, անկախ տպավորությունից, երբեք էլ համեստ չեն լինում: ՀԱԿ-ն, իհարկե, քարոզարշավին մասնակցող մյուս քաղաքական ուժերի նման, քվեարկության արդյունքներին անհամբերությամբ է սպասում, բայց Երևանի ավագանու ընտրությունները նախ և առաջ ցանկանում է մի քանի չլուծված խնդիրների հաղթահարմանը նույնպես ծառայեցնել` պնդելով, թե հաղթելուն պես (բայց ոչ հաջողության հասնելու դեպքում) Կոնգրեսը վերականգնելու է Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կրած անհաջողության բոլոր հետևանքները: Դժվար չէ նկատել, որ այս պարագայում հերթական ընտրությանը մասնակցելն ավելի շատ ինչ-որ բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման փորձերի առիթ է դառնալու: Խնդիրներ, որոնք նույնիսկ ՀԱԿ համակիրների շրջանում չեն հաղթահարվում, և ընտրազանգվածն այդպես էլ «Լևոն Նախագահ» վանկարկումը գոնե «Լևոն քաղաքապետ»-ով դեռևս չի ցանկանում փոխարինել: Թեպետ համակիրների «համառությունի» այստեղ ոչ միայն սովորույթի ուժով, այլ մի շարք այլ հեռահար ծրագրերով նույնպես կարելի է պայմանավորել: Թերևս ՀԱԿ-ում դեռևս չեն ուզում հավատալ, որ ձևավորվելիք ավագանիում նույնիսկ բացարձակ մեծամասնություն կազմելու դեպքում (ինչի հավանականությունն այնքան էլ մեծ չէ) իշխանափոխության հասնելու գործնական եղանակներ միևնույն է չեն ստեղծվելու: Այնպես որ, «Սկսենք Երևանից» կարգախոսի ավելի քան հասկանալի, բայց անհավանական «սցենարը», մայիսի 31-ին ծանրակշիռ հաջողություն արձանագրելու դեպքում, ՀԱԿ-ի համար ընդամենը կարևոր ու ցանկալի նախադրյալ կարող է դառնալ` խորհրդարանի հաջորդ ընտրություններում որոշակի վարչական ռեսուրս ապահովելու առումով: Կարևոր նախապայման, որի օգտակարությունը գոնե Լ. Տեր-Պետրոսյանը ժամանակին գործնականում է տեսել: Ինչ վերաբերում է Կոնգրեսում ընդգրկված մեծ ու փոքր կուսակցություններին, ապա ԱԺ նախորդ ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով` նրանք մեկ անգամ արդեն համոզվել են, որ դաշինքից հեռանալու պարագայում ուղղակիորեն ինքնաոչնչացման են դատապարտվելու: Իսկ առաջիկա ընտրությունների ֆավորիտների շարքում են հայտնվել առավելապես նույն դրոշի ներքո համախմբված լինելու արդյունքում: Ընդգծենք, որ թե° այս, թե° ԱԺ ընտրությունների պարագայում բացարձակ մեծամասնության չտիրապետելով հանդերձ, և° քաղաքապետարանում և° օրենսդիրում կարելի է ծանրակշիռ ներկայություն ապահովել: Իսկ Նախագահի հաջորդ ընտրություններին ժամանակ դեռ շատ կա: Այդ իսկ պատճառով նախօրեին Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը ընթացիկ քարոզարշավի երկրորդ, բայց նախավերջին ելույթը դարձյալ «չնախատեսված» հարցերի նվիրեց` գոնե ծավալային առումով միայն խորհրդանշական անդրադարձ կատարելով մայրաքաղաքային քվեարկությանը: - Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա` կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի և մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից,- իր հերթին նկատեց առաջին Նախագահը` առաջարկելով ավագանու ընտրություններին վերաբերող իրենց տեսակետներին նախընտրական ծրագրերից տեղեկանալ: Ընդդիմության ջանքերի ու հնարավորությունների մեկտեղումը Լ. Տեր-Պետրոսյանը գերազանցապես Սերժ Սարգսյանի և իշխանության վարած արտաքին քաղաքականութ յան քննադատությանն է ձգտում ծառայեցնել: Արդյունքում, չցանկանալով շեղվել Նախագահի ընտրությունների «հարթությունից», նա դրանով իսկ հետապնդում է այնպիսի խնդիր, ինչը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել սպասվող քվեարկության շրջանակներում: Ըստ առաջին Նախագահի` մայիսի 31-ին. «որոշվելու է ոչ այնքան Երևան քաղաքի, որքան Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք` ողջ ազգի բախտը»: Ստացվում է, որ Երևանի ավագանու ընտրությունը չէ Լ. Տեր-Պետրոսյանի գերխնդիրը… ՀԱԿ-ի քայքայմանը հանգեցնել, իսկ առանց Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցելն առաջիկայում արձանագրվելիք հնարավոր հաջողությունն էր կասկածի տակ դնելու: Մինչև վերջերս թվում էր, թե ելքերից լավագույնն է գտնվել, բայց քարոզարշավից տպավորություն է ստեղծում, թե առաջին Նախագահն այնքան էլ չի ձգտում քաղաքապետական ընտրությունների վրա կենտրոնանալ: