Թալիբների դեմ` վարդագույն վարտիքով


Պատերազմական թոհուբոհում նաև զավեշտալի իրավիճակներ են լինում: Դե, մամուլն էլ առիթը բաց չի թողնում` ընթերցողին զվարճացնելու: The New York Times-ն իր վերջին համարներից մեկի առաջին էջում, օրինակ, տպագրել է 19-ամյա ամերիկացի զինվոր Զաքարի Բոյդի լուսանկարը, ուր մարտական տագնապի պահին զինվորը դիրքում հայտնվել է վարդագույն ներքնաշորով: Թալիբներն անսպասելի հարձակվել են աֆղանական Կունար գավառում տեղակայված նրա վաշտի վրա: Բոյդը չի հասցրել հագնվել և դեպի դիրքերն է վազել կարմիր շապիկով, ռետինե հողաթափերով և վարդագույն վարտիքով, որի վրա գրված է` «Ես սիրում եմ Նյու Յորքը»: Իհարկե` հասցրել է վրան գցել զրահաբաճկոնն ու գլուխը սաղավարտով ծածկել: Իմանալով, որ իր այդ լուսանկարը NYT-ում կարող է տեսնել նաև Օբաման, Զաքարին տագնապած զանգել է մորը: - Նա ասաց` «Երևի ես այլևս չեմ կարողանա աշխատանք գտնել` եթե Նախագահն ինձ տեսնի առանց համազգեստի,- պատմել է տղայի մայրը` Շերրի Բոյդը: Իսկ հայրը խոստովանել է, որ որդուն վարդագույն սպիտակեղենով տեսնելով, ինքը 5 րոպե անընդմեջ ծիծաղել է: