Հիշողության ծալքերում


Միասնաբար առաջ մղելով մարդկային քաղաքակրթությունը` բյուր-բյուրավոր հասարակ մահկանացուներ են անհետ-անհիշատակ կորսվել` վաղնջակերտ պատմության խորխորատներում ավելի ու ավելի անէանալով ժամանակի թանձրացող մշուշում: Հիշողության մշտարթուն ծալքերում ամենաերևելի անհատներին է միայն բախտ վիճակվել մնայուն տեղ գրավել իրենց անձի ու գործի արժեքավորությամբ: Մշակութային ոգեշնչման խթանմամբ` ոմանց հաջողվել է տարատեսակ գեղարվեստական ստեղծագործություն ներով հարատևել սերնդեսերունդ: Այդուհանդերձ, իբրև կենդանի մարդիկ արտաքուստ ներկայանալու անեղծ հնարավորություն բանական արարածները (այսօր` անխտիր բոլորը, անկախ հասարակության սանդղակում գրաված դիրքից ու գործունեության բնույթի կարևորությունից) ստացել են լուսանկարահանման ի հայտ գալուց հետո: Գիտատեխնիկա կան քառատրոփ առաջընթացի ներկա փուլում թանգարանային ցուցանմուշի են վերածվել մեր նախնիների լուսանկարչական շարժական ծավալուն սարքերը` կամերաները (լատիներեն «կամերա օբսկուրա» - «մութ խցիկ» տերմինից): Լուսազգայուն նյութերի վրա առարկաների ու մարդկանց պատկերները ստանալու նրբացված հնարներով այնքան է դյուրացել բուն պրոցեսը, որ ակամա լուսանկարիչներ են դարձել բոլոր նրանք, ովքեր այս կամ այն չափով յուրացրել են մեր օրերում լայնորեն շրջանառվող թվայնացված լուսանկարչական սարքերի մեծ ընտրանու օգտագործման հանրամատչելի «այբուբենը»: Այս պարագայում, առաջին հայացքից, իր սկզբանե հարկ է, որ ձախողման դատապարտված լինեին Վահան Քոչարի համառ պրպտումներն ու հետևողական ջանքերը` Հայաստանում և արտերկրում տարբեր ժամանակներում գործած ու գործող 500-ից ավելի պրոֆեսիոնալ ու սիրող լավագույն լուսանկարիչներին ներկայացուցչական գրքում մեկտեղելու: Բայց, արի ու տես, հայ լուսանկարչության պատմական, մշակութային ու քաղաքակրթական մեծ նշանակությունը ոչ միայն պատշաճ ըմբռնում է գտնում պետական բարձր ատյաններում, այլև ռեալ լծակներ ապահովում որդուն` հատուցելու հոր հոգու հանդեպ ունեցած պարտքը: Եգիպտահայ ճանաչված լուսանկարիչ Անդրանիկ Քոչարին իր կենդանության օրոք այդպես էլ չհաջողվեց իրագործել լուսանկարչությունը պրոֆեսիոնալ հենքի վրա մասսայականացնելու բազում ծրագրերը: Սկսած հայ լուսանկարիչների գործերով ու կենսագրականներով կազմված գրքի ստեղծումից մինչև լուսանկարչության ինստիտուտ -թանգարանի հիմնադրումը` մասնագիտական գրադարանով ու ֆոտոլաբորատորիայով մի հանրակրթարան, որտեղ նախատեսում էր մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել ցուցահանդեսներ ու գիտաժողովներ, ծավալել գրահրատարակչական բեղուն գործունեություն: Հոր չիրականացած երազանքի կարևորությամբ որդին խանդավառում է վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ում բարեհաճ աջակցությամբ ձեռնարկում է պահպանված արժեքավոր նյութի ամբողջացմանը` հայազգի Գևորգ և Ստեփան Աբդուլլահյան եղբայրների լուսանկարչական առաջին տաղավարից (1858 թ.) մինչև մեր օրերը: Արխիվային որոնումներով հնարավոր է դառնում մոտ 300 հայ լուսանկարիչների կենսագրական բնութագրությունը գործերի արտատպությանը զուգահեռ: Եվ, ՀՀ Սփյուռքի նորաստեղծ նախարարության բարյացակամ օժանդակությամբ, Գոռ Վարդանյանի «Ակադեմիա» պատկերասրահում հայ լուսանկարիչների 70 աշխատանքներից բաղկացած ցուցահանդեսի բացումը կարելի է լինում զուգակցել Վահան Քոչարի հեղինակային հրատարակությամբ լույս ընծայված «Հայ լուսանկարիչներ» նախադեպը չունեցող բացառիկ գրքի շնորհանդեսին` միաժամանակ նշանավորելով Անդրանիկ Քոչարի ծննդյան 90- և որդու` 60-ամյակները: «Ակադեմիա»-ի փոքրիկ ցուցասրահում, անշուշտ, անհնար էր ներկայացնել նորընծա գրքում տեղ գտած բոլոր լուսանկարիչներին, բայց նրանցից 15-ի ցուցադրված աշխատանքներն էլ բավական էին այցելուներին վկայելու համար «Հայ լուսանկարիչներ»-ի նշանակալից ներդրումը պատմական հիշողության ծալքերից սերունդների համար վերհանվող անցյալի բովանդակության համալրման, լիարժեքացման կարևոր գործում: Յուսուֆ Քարշի (Հովսեփ Քարշյան), Պարգև Չոլագյանի, Հովհաննես Քյուրքչյանցի, Արամ Ալբանի, Արա Գյուլերի, Անդրանիկ և Վահան Քոչարների և մյուսների լուսանկարներից մասնակի նրբերանգներով յուրովի կենդանանում էին հին-հին օրերն ու պատմական անուն դարձած մարդիկ` Էյնշտեյնն ու Հեմինգուեյը, երիտասարդ Արամ Խաչատրյանն ու ալեզարդ Մանուկ Աբեղյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Շարլ Ազնավուրը, Անիի ավերակներն ու Սան Պաուլոյի տաճարը… Հովսեփ Մելիք-Աղամալյանի անձի մասին տեղեկություններ չեն հայտնաբերվել, սակայն 3 գործերը` «Ջութակահար Հովհաննես Նալբանդյան», «Ջրավազան» և «Նժույգ», հայ լուսանկարչության պատմության մեջ նրա անունը կպահպանեն որպես «բրոմ օյլ տրանսֆեր» բարդագույն տեխնիկայով առաջին ու միակ անգամ կատարված լուսանկարների հեղինակի: Իրենց ստեղծման ժամանակի դրոշմը կրող լուսանկարներից շատերը որոշակի գեղարվեստական արժանիքներ էին նաև ցուցանում: Հայ լուսանկարչության պատմական ընթացքի մասին անմիջական տպավորությունները հարստացնելու առիթ էր ընձեռում փոքրիկ սեղանիկին բազմած ստվարածավալ շքեղ գիրքը, որի շապիկին XIX դարի հայ անհայտ լուսանկարչի «Երեխայի դիմանկար»-ն է տպագրված: Թերթելով գիրքը, որի արժանավայել ծնունդին շատերն են սիրով նպաստել, նույնիսկ Վահան Քոչարի թոռնիկները` Էրիկն ու Ադրինեն, ովքեր հաճույքով մասնակցել են լուսանկարների ռետուշի աշխատանքներում, տարվում ես կյանքի ճանաչողության կուտակումների պատկերային արտահայտություններով և ակամա տարվում էջերում զետեղված նյութերի ընթերցանությամբ: Կատարվել է մանրակրկիտ հետազոտություն ու խնամքով տեղադրվել ժամանակագրական կարգով` որդու և նրա շուրջ համախմբված մարդկանց ջանադրությամբ արժանավայել կենդանություն պարգևելով հոր փայփայած գաղափարին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ