Կրկին Շիրազյան ոգին էր թևածում թիվ 169-ում


Հովհ. Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում կրկին մեկտեղվել էին գարունն ու «Շիրազյան օրերի» խորհուրդը: Կրթօջախը վերստին բացել էր իր հյուրընկալ դռները` ավանդական դարձած միջոցառումներով փաստելու, որ մեծ բանաստեղծի անունը կրող կրթօջախի սաները կրթվում ու դաստիարակվում են շիրազյան հարենասիրությամբ, առաջնորդվում նրա պատգամներով: Դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը կրկին անգամ ընդգծում է. - Ես հպարտ եմ, որ իմ ղեկավարած դպրոցը կրում է Հովհաննես Շիրազի անունը և հավատացած եմ, որ բոլորս միասին կունենանք Շիրազի երազած հզոր, ազատ, շեն, ամուր պետականություն ամրագրած Հայաստանը: «Շիրազյան օրերը» մեկնարկում է «Ջրվեժող գարունների արքան» խորագիրը կրող գրական երաժշտական ցերեկույթով: Այնուհետև` ինքնատիպ միջոցառումների շարունակականություն: …Այցելություն պանթեոն. գրական ցերեկույթ հանճարեղ բանաստեղծի շիրիմի մոտ: Գրողների միությունում բանաստեղծ Վազգեն Առաքելյանի «Շիրազ-Նամե» գրքի շնորհանդեսի առիթով դպրոցի սաները ևս իրենց խոսքը հղեցին մեծն Շիրազին: «Բարությունը կփրկի աշխարհը» բաց դասը նվիրված էր մեր հայրենակիցներին` հայ բարերարներ Շառլ Ազնավուրին, Ալեք Մանուկյանին, Քըրք Քըրքորյանին: Ուշագրավ էր, որ բարություն ուսուցանող դասը վարում էր 6-րդ դասարանի աշակերտուհին: Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսությունը կրում էր «Ապրիր սիրելով» խորագիրը: Ինքնատիպ էր «Մասիսամռունչ Շիրազը և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը» գրական երաժշտական ծրագիրը: Քաղաքապետարանի հետ համատեղ անցկացված ասմունքի (հանձնաժողովի նախագահ` դերասանուհի Լալա Մնացականյան), շարադրությունների (նախագահ` Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյան) և կերպարվեստի (հանձնաժողովի անդամներ` Մարիաննա Այվազյան և Անժելա Ստեփանյան) մրցույթները ոգևորության նոր առիթ էին և գիտելիքների ու շնորհի դրսևորման հնարավորություն: Հիանալ և ինչու ոչ` զարմանալ կարելի է, թե ինչ նվիրումով ու ինչ պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գործին այս կրթօջախի մանկավարժական կոլեկտիվն ու մանավանդ` վաստակաշատ տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը: Իսկ հանդիսությունները մշտապես անկրկնելի ու բազմաոճ են` իրենց ձևով ու բովանդակությամբ: Ինչպես ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն է փաստում.` - Այսպիսի միջոցառումները հավաստում են, որ նոր սերնդին մենք ուղղորդում ենք դեպի ազգային արժեքները, դեպի հայ գրականության անսպառ օվկիանոսը: Եվ արթնանում է այն գիտակցումը, որ ամեն մի հոբելյանի հանդիսությամբ հաղթահարում ենք ընթերցանության ճգնաժամը և ապագայի համար նոր հեռանկարներ նախանշում: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շիրազագետ Սամվել Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին ու աշակերտներին. - Հիրավի, հպարտության արժանի գործ եք կատարել: Բնական է, որ Հովհ. Շիրազի անվան դպրոցում, նրան նվիրված միջոցառումը պետք է լիներ այսքան ներկայացուց չական: Եվ պատահական չէ, որ հյուրերի կազմում մարդիկ են, ովքեր աճել և հասակ են առել Շիրազի հայացքի ներքո, նրա դասերով: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը դպրոցը համարեց Երևանի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը` նշելով. - Թերևս ոչ մի տեղ Շիրազի շունչն այնքան առատ չէ, որքան այս կրթօջախում: Ռուսաստանի հայերի միության, համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանի դիմումը ևս հրաշալի գնահատական էր դպրոցին. - Հարգարժան տիկին Կիրակոսյան, խնդրում եմ ինձ ընդգրկել դպրոցի նվիրյալ երախտավորների շարքում: Այնուհետև` մրցանակներ, պատվոգրեր, պարգևներ… Հաղթողներին մրցանակներ հանձնեցին Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, Հենրիկ Իգիթյանի կերպարվեստի դպրոցի ներկայացուցիչներ, ԿԳ նախարարության ուղերձը հղեց և դպրոցի 6 ուսուցիչներին պատվոգրեր հանձնեց ԿԳ նախարարության ներկայացուցիչ Ալբերտ Անանյանը: Լեզվի տեսչության պատվոգրերին արժանացան դպրոցի 2 ուսուցիչ, քաղաքապետարանի պատվոգրերին` ևս 2-ը, իսկ Գրողների միության պատվոգրերին` 5 շիրազցի: Ի դեպ, դպրոցի տնօրինությունը նույնպես արժանացավ այդ գերատեսչությունների պատվոգրերին: Ներկաներին հաճելի պահեր պարգևելու և գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու համար մանկավարժներ Վարդուհի Գրիգորյանը, Նվարդ Իսկաջյանը, Հրաչիկ Միրզախանյանը, Սուսաննա Մելքոնյանը, Սոֆի Հարությունյանը, Սուսաննա Խաչատրյանը, Նունե Գրիգորյանը, Սուսաննա Մկրտչյանը և Զինա Կարապետյանը լավ աշխատանքի համար արժանացան դպրոցի տնօրեն Ս. Կիրակոսյանի պատվոգրին: Տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց թիվ 18, 46, 50, 67, 79, 86, 87, 110, 172 դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին, որոնց աշակերտները հաջողությամբ մասնակցել էին հայտարարված մրցույթներին: Տոնական հանդիսությունների մասնակից բոլոր հյուրերը` ակադեմիկոսներ Յուրի Զոհրաբյանը, Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը, արցախյան պատերազմի լեգենդար հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Ռուսաստանի Հայերի Միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, քաղաքապետարանի տեսուչ Արմինե Գաբրիելյանը, Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը, գրողներ, շիրազագետներ, դերասաններ բարձր գնահատանքով էին խոսում կրթօջախի մանկավարժական կուռ կոլեկտիվի և իր գործի նվիրյալ, փորձառու տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի մասին: Նրանք նաև անկեղծորեն խոստովանում էին, որ առաջին անգամ արվարձանային այս դպրոց են գալիս դժվարութ յամբ, բայց հեռանում են` կրկին անգամ այստեղ վերադառնալու, հոգևոր թռիչքն ու հոգի ջերմացնող կայծերը կրկին իրենց հետ տանելու ակնկալիքով… Հ. Գ. Ի դեպ, «Շիրազյան օրերի» շրջանակներում բոլոր միջոցառումներին ներկա էին նաև մեծ բանաստեղծի զավակները: Նրանք դպրոցի թանգարանին մեծ սիրով նվիրեցին Շիրազի մասունքներից:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ