Գուլուզադեական զավեշտներ


Ախր, շա¯տ «փխրուն» են ադրբեջանցի քաղաքագետները. հենց բարի քեռիներն ինչ-որ բան նրանց ճաշակով չեն ասում, կամ ասվածը հասու չի լինում նրանց, «պռոշ են անում» ու սկսում ափեղցփեղություններ դուրս տալ: Շա¯տ «փխրուն» են ու անչափ հավակնոտ: Իհարկե` Ղարաբաղի ցավից տապակվելով: Ահա նրանց քաղաքական «ուղեղ» Գուլուզադեն նորից հողմաղացի դեմ կռիվ տվողի կեցվածքով «փիլիսոփայել» է, թե ԵԱՀԿ համանախագահները կռիլովյան առակի հերոսներին են հիշեցնում. - Դրա համար նրանք չեն կարողանում հիմնախնդիրը կարգավորել: Եվ ես կարծում եմ, որ նրանք բոլորը բացարձակապես հայամետ դիրքորոշում ունեն: Որովհետև համանախագահներից ոչ մեկը մինչ օրս չհամարձակվեց Հայաստանին դատապարտել որպես զավթիչ, որը գրավել է անկախ պետության 7 շրջանները: Մի փոքրիկ նրբություն չանտեսենք. նա հիշատակում է 7 շրջանները, որովհետև, իր իսկ խոսքերով` - Արևմտյան մամուլը (մտածողության ինչպիսի¯ «առաջընթաց». ԵԱՀԿ համանախագահներին փնովող «անկախականը» հաշվի է նստում մամուլի հրապարակումների հետ.- խմբ.) Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է որպես վիճելի տարածք: Եթե նույնիսկ համաձայնենք դրա հետ, ապա նրանք կարող էին դատապարտել Երևանին` թեկուզ նշյալ տարածքների զավթման համար: Ադրբեջանական «մտքի» այս «շտեմարանը» իր նվնվոցների տողամիջում չի մոռանում մի քար ռուսների բանջարանոցը նետել` ասելով, թե Հայաստանը խաղատիկնիկ է Ռուսաստանի ձեռքում և թե իբր Ռուսաստանի հանդեպ վախից է, որ Հայաստանին չեն դատապարտում: Հաղթող կողմ լինելու դեպքում նա ու իր նմաններն, իհարկե, կրկնելու էին, որ «Հաղթողին չեն դատում», բայց այս պարագայում գոնե բոլորից թաքուն գիտակցո՞ւմ են, որ իրենց քոչվորական դեգերումների ընթացքում հայերն այդ տարածքների հնաբնակներն էին: Գուլուզադեին ափերից հանել է կամ իր տիկնիկավարներին դուր գալու համար է նա այդպիսի կեցվածք ընդունել ու հափրած որակումներ է շաղ տալիս Բրայզայի այն հայտարարության դեմ, թե Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ վերջնական որոշումը կհավասարակշռի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի բացառման սկզբունքները: - Այդ հայտարարությունը մտագարի զառանցանք է: Ուրիշ որակում չես ընտրի: Որովհետև մեր դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն անհնար է համատեղել ազգի ինքնորոշման սկզբունքի հետ: Որովհետև ղարաբաղցի հայերը ինչ-որ առանձին ժողովուրդ կամ ազգ չեն: Հայ Ժողովուրդն ապրում է Հայաստանում: Եվ եթե Ղարաբաղի հայերն ուզում են ապրել իրենց ժողովրդի հիմնական մասի հետ, թող որ մեր տարածքից կորչեն այնտեղ, ուր իրենք վաղուց արդեն ինքնորոշվել են: Ու նրա հետ զրուցող լրագրողը չի էլ հարցնում` բա ադրբեջանցիք էլ Ադրբեջանում չե՞ն ապրում: Չէ¯, զավեշտը զավեշտ, բայց գուլուզադեների բերանով կարծես արդեն իշխանությունները նոր տրամադրություններ են սերմանում իրենց իսկ հրահրած ժողովրդին` Ղարաբաղից ձեռ քաշենք: Իսկ դա արվում է հայհոյախառն ձևակերպումներով, որովհետև խաշնարածի համար հայհոյանքը երևի ինքնահանգստացման էֆեկտ է տալիս: Հա°, ի դեպ, գուլուզադեական «միտքը» մի նոր «հակակշիռ» էլ է որոճում, որը ո¯վ գիտե, կարող նաև «հակափաստարկ» ներկայացվել. - Ճիշտ չէ Ղարաբաղի հայերին ինչ-որ ինքնավարություն խոստանալ: Նրանք արժանի չեն դրան: Այլապես մեզ էլ հարկ կլինի ինքնավարություն պահանջել Հայաստանից արտաքսված արդբեջանցիների համար: Ասքանից հետո «ադրբեջանցու ժպիտ» կոչվող օճառով զինված, Վաֆան վստահություն է հայտնում, թե Ամերիկան ինչ-որ նոր ուղղվածություն կտա կարգավորման գործընթացքին. - Բայց դա տեղի կունենա ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններով, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցահրապարակում: Ամերիկան ու Ռուսաստանը առճակատման վիճակում են, և դա պետք է հաշվի առնել: