ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ


 

Նորք-Մարաշ վարչական շրջանում, ինչպես պարզվում է, որոշ պետական կառույցներում, այդ թվում նաև բուժական հաստատություններում սկսել են օրնիբուն քարոզչություն իրականացնել «Օրինաց երկրի» օգտին` բուժաշխատողներին պարտադրելով այսօրվանից կողմնորոշվել դեպի Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը: Ըստ որոշ տեղեկությունների, բժիշկներին ու բուժքույրերին կանչում են առանձնասենյակներ և բացատրական աշխատանքներ կատարում, իսկ ՕԵԿ-ի հանդեպ համակրանք չտածողներին խոստանում են ընտրություններից հետո հեռացնել աշխատանքից:

Մեզ հետ զրուցած մի շարք բուժաշխատողներ ոչ միայն հաստատեցին այս խոսակցությունները, այլև պատմեցին, որ որոշակի գործառույթներ է իրականացնում նաև վարչական շրջանի ղեկավարությունը: Բնակիչներից ոմանք էլ պատմեցին, թե իրենց բնակարաններում հնչում են հեռախոսազանգեր, մարդկանց հորդորում են անպայման ձայն տալ «Օրինաց երկրին», առաջարկում են օգնություն, նվերներ և այլն...

Իհարկե, այս ամենը սպասված էր, սակայն զարմանալի է, որ հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը շարունակում է պնդել, թե հաղթողների եռյակում ՕԵԿ-ը չի լինելու: Գուցե դեռ նրան այնքան էլ չեն «քաղցրացրել», որ թվեր նկարի նաև ՕԵԿ-ի օգտին: Այլապես ստացվում է, որ շատերը զօրուգիշեր ջանքեր են թափում Արթուր Բաղդասարյանի համար, իսկ ահա «նախընտրական սոցիոլոգը» դեռևս չի համարձակվում ասել, որ այս կուսակցությունը ևս լինելու է ֆավորիտների շարքում: