Մեր հրապարակումների հետքերով

Ինչո՞ւ էր կյանքով լեցուն կինը դիմել ծայրահեղ քայլի


 

Մեր թերթի ապրիլի 4-ի համարում տպագրված «Խորհրդավոր ինքնասպանության գաղտնազերծումը» վերնագրով հոդվածում ներկայացնելով անցյալ տարվա ամռանը Ջերմուկ քաղաքի բնակչուհի, 32-ամյա Լարիսա Աղջոյանի ինքնասպանության դեպքին` տեղեկացրել էինք, որ կնոջը դիտավորությամբ ինքնասպանության էր հասցրել Ջերմուկի բնակիչ, 30-ամյա Արմեն Վարդանյանը: Ոստիկանները պարզել էին, որ Վարդանյանը «2011 թ. հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Լարիսայի հետ գտնվելով սիրային հարաբերությունների մեջ և հանդիսանալով մոտ 3 ամսական հղիություն ունեցող Լ. Աղջոյանի պտղի հայրը, հանցավոր, բացարձակ անբարոյական և ցինիկ պահվածք է ցուցաբերել կնոջ հոգեվիճակի նկատմամբ, անտեսել է նրա հղիությունը, հրաժարվել է երեխայից, հոգեկան ծանր տառապանքներ է պատճառել Աղջոյանին, ինչի արդյունքում վերջինս չհամակերպվելով իր նկատմամբ դաժան վերաբերմունքին, կյանքին վերջ տալու նպատակով 2011 թ. օգոստոսի 1-ին քացախաթթվի հեղուկ է խմել և հաջորդ օրը մահացել»:

Ինչպես և խոստացել էինք` ներկայացնում ենք այն ուշագրավ մանրամասները, որոնք ի հայտ են եկել գործի նախաքննության ընթացքում: Հիմնականում ճշգրտվել են նաև այն դրդապատճառները, որոնք կյանքով լեցուն կնոջն ստիպել են գնալ ծայրահեղ քայլի և ոտնձգություն կատարել թե իր և թե իր ապագա երեխայի կյանքի նկատմամբ:

Ինքնասպանություն գործած Լարիսա Աղջոյանի բնակարանից գտած նոթատետրում ոստիկանները դեպքի վրա լույս սփռող ուշագրավ գրառումներ էին հայտնաբերել:

Հուսահատ կնոջ գրառումներում, «Ես շատ անզոր եմ և հուսահատված» բառերի կողքին, նաև սիրո անկեղծ խոստովանություն կար` ուղղված իր կյանքը խորտակած տղամարդուն, «որի համար ապրում էր, որով լցված էր ամեն մի պահը, ամեն վայրկյանը»: «Բայց ամեն ինչ փուլ եկավ»,- գրել է Լարիսան,- որովհետև տղամարդն իր «ցինիզմով ու անհոգի վարմունքով» նվաստացրել էր կնոջը, ով պատրաստվում էր նրա զավակի մայրը դառնալ...

Գործի նախաքնննության ընթացքում ոստիկանները պարզեցին, որ եղբոր ընտանիքի և մոր հետ Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքում բնակվող Լարիսան ծննդավայր` Ջերմուկ վերադարձավ 2010 թվականի օգոստոսին: Եկավ անձնական կյանքը հայրենիքում դասավորելու: Բնակվում էր հայրական տանը, աշխատանքի էր ընդունվել Ջերմուկի «Արմենիա» առողջարանում: Կենսուրախ, աշխատասեր, համեստ աղջկան աշխատավայրում հարգում էին: Իսկ հետո գտավ նաև իր պատկերացրած մեծ սերը, որը պիտի երջանիկ կին ու մայր դարձներ իրեն:

Համաքաղաքացի Արմեն Վարդանյանի հետ ծանոթացան 2011 թվականի ձմռանը: Թե իր սիրո մեջ որքան անկեղծ էր Արմենը, ցույց տվեց ժամանակը, իսկ Լարիսան սիրեց նրան իր զգացմունքի ամբողջ ուժով: Արմենն ամուսնության խոստում տվեց` իրականությունից կտրելով իր ընտանիքն ունենալու երազանքով ապրող կնոջը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հանուն սիրած տղամարդու Լարիսան բանկից 1500 դոլար վարկ էր վերցրել ու տվել նրան, իսկ հետո հարազատներից էր խնդրում այդ գումարը` բանկին վերադարձնելու համար: Մի օր էլ մայրանալու երջանկությունից անակնկալի եկած Լարիսան Արմենին հայտնեց ավետիսը` երեխա են ունենալու: Արմենի համար, սակայն, դա բոթ էր. պատրաստ չէր ընտանիքի հոգս ստանձնել: Ու Լարիսայի համար սկսվեցին հիասթափության, հուսահատության օրերը...

Չմանրամասնելով աղջկա ապրումները, որոնց մասին նա պատմել էր մտերիմներին ու նոթատետրում, նշենք միայն, որ ինքնասպանության օրը բջջային հեռախոսով երեսունհինգ րոպե խոսել էր Արմենի հետ:  Աշխատասենյակում, աթոռի վրա կուչ եկած, անձայն լացել ու խոսել էր: Այդ մասին վկայում են նաև առողջարանի աշխատակիցները:

Նախաքննության ընթացքում Արմեն Վարդանյանը հակասական ցուցմունքներ էր տալիս` հետապնդելով քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ: Իր, այսպես ասած, որդեգրած քաղաքականությունը, թերևս, շարունակի նաև դատարանում: Մինչդեռ նախաքննական մարմինը հիմնավորապես ապացուցել է, որ Արմեն Վարդանյանն է իր պահվածքով Լարիսա Աղջոյանին հասցրել ինքնասպանության:

Տեղեկացնենք, որ այս դեպքով նախաքննությունն ավարտված է. քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատաքննության փուլում է: