ՄԱՅՐԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ


 

Լրացավ հայ ժամանակակից արձակի ամենանշանավոր դեմքերից մեկի` Նելլի Շահնազարյանի ծննդյան 60-ամյակը: Գրական բարեկամներն ու մտերիմները նրան Մայրապետ են կոչում` արժևորելով և իմաստավորելով այդ բառը: Ուրեմն, Մայրապետի աշնանային հունձքի ժամանակն է:

Հայ արդի գրականության ամենաինքնատիպ և սեփական գրի առանձնահատկություններն ունեցող անհատականություններից է Նելլի Շահնազարյանը, ով գրականություն եկավ անցյալ դարի 80-ական թվականներին և միանգամից գրավեց իր տեղը` զարմացնելով ավանդականի և նորարարականի ինքնահատուկ-բացառիկ համադրումներով: Ընտրելով արձակի «կամերային» ձևերը և հիմնականում նախապատվությունը տալով պատմվածքին` Նելլի Շահնազարյանին հաջողվեց սեղմ տողերի, դիպաշարի ոչ ընդգծված ծավալների մեջ հասնել հոգեբանական ուրույն ու խորքային սևեռումների, կերպարաստեղծման նոր ավանդույթների ձևավորման: Նելլի Շահնազարյանի գրական ժառանգականությունը մերձենում է Հրանտ Մաթևոսյանին, ոճաձևային այն նորույթներին, որոնք Մաթևոսյանի միջոցով դարձան մեր արձակի մեծագույն ձեռքբերումներն ու հաստատումները, առավել տեսանելի-հետազոտելի դարձրին գրականության ենթաբնագրային շերտերը, առաջադրեցին գեղարվեստական ժամանակի և գեղարվեստական տիրույթի նոր ըմբռնումներ:

«Իմ ծաղկած դեղձենին» և «Իսկ ծափերը երկնքում» ժողովածուներում Նելլի Շահնազարյանը ներկայացրեց իր սեփական դիմագիծն ու հարցադրումները, գեղարվեստական ուրույն ձևերն ընդգրկող մի արձակ, որի կենտրոնում մոռացվող, մեծ աղմուկի մեջ տրոհվող, ոչնչացող ժամանակն է` հուզական-քնարական դրսևորումներով:

Ժխտելով պասիվ նկարագրականությունը և ընտրելով «արտաքին» ու «ներքին» մենախոսությունների չեխովյան մոդելն ու սկզբունքը` գրողը ձգտում է ոչ թե գործողության ակտիվ «ծավալների» ընդլայնմանը, այլ ներքին «դիմանկարների» կառուցմանը, այսպիսով` գեղարվեստական արձակում էպիկականի և դրամատիկականի միահյուսմանը: Նելլի Շահնազարյանի հերոսներն իրենց փոքր ողբերգությունների և փոքր ուրախությունների մեջ ապրող են` հանապազակոծ տրտմություններով, ցավի զարմանալի-պոռթկուն դրսևորում ներով, աշխարհի հետ ունեցած անհաշտ հարաբերություններով:

Երբեք աչքի չընկնելով գրական հունձքի առատությամբ, այնուհանդերձ, Նելլի Շահնազարյանն այժմ ներկայանում է նոր գրքով, որը կոչել է «Ընտրանի»: Այս նոր գրքում որպես առանցքային ստեղծագործություն ներկայանում է «Վայրի աշխարհ» վիպակը, որը պատումի սովոր-անսովոր ընթացքով, կերպարաստեղծման արտառոց-պարադոքսալ համատեղումներով ամբողջացնում է գեղարվեստական այն որոնումները, որոնք ակնհայտ են նրա բոլոր ստեղծագործություններում: Նազիկի և Արշոյի ողբերգական սիրո պատմությունը դարձել է հենք ու պատումնային առանցք: Այդ պատմության մեջ նաև Վարդանուշի ու Արամայիսի ընդհատված սերն է` ներքին ողբերգականությամբ ու պոռթկումներով լի: Հենց այս վիպակն էլ այն չափումնային հենքն է, որով կարելի է բնութագրել գրողի մյուս պատմվածքները, ժանրաոճային լուծումները, բախումների ու կոնֆլիկտների տարակերպումները:

Նելլի Շահնազարյանի «Ընտրանի» հատորն իսկապես ընտրանի է, հոբելյանական գիրք, ուր բացի վիպակից ու պատմվածքներից, զետեղված են նաև նրա ստեղծած դիմանկարներն ու հրապարակախոսական հոդվածները, որոնք հատկապես գրավիչ են իրենց խորքային թափանցումներով, լեզվամտածողության առանձնակիությամբ: Գիրքը գրողը նվիրել է իր հոբելյանին` այսպես ինքնահատուկ հաշվետվությամբ ներկայանալով ընթերցողին: Իսկ այդ նվերն առավելապես մեր գրականությանն է, որովհետև ժողովածուն ձևավորում է հանգրվանային արժեքներ ոչ միայն գրողի ստեղծագործության, այլև արդի հայ գրականության մեջ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ