Ստվերներ


 

Մարդկային ստվերը բոլոր ժամանակներում առեղծվածային ու անբացատրելի մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատ ժողովուրդներ հավատում էին, որ ստվերը մարդու երկվորյակն է` երկրորդ կեսը, հոգու արտացոլանքը:

Սլավոնական ժողովուրդները առասպելական բնույթ են հաղորդել ստվերներին` հավատալով, որ դրանք կարող են մեծ վնաս պատճառել տիրոջը` անգամ նրա մահվան պատճառ դառնալ:

Մեծ տարածում է ունեցել նաև այն հավատալիքը, որ հարձակվելով ստվերի վրա` կարելի է սպանել նրա տիրոջը, քանի որ ստվերը մարդ արարածի անբաժանելի մասնիկն է:

Բուլղարական լեգենդի համաձայն` Աստված սատանային ստեղծել է իր ստվերից: Հենց այս լեգենդն է ծնել այն սնոտիապաշտությունը, որ կախարդներին ու չար մարդկանց վնասելու համար պետք է «գործ ունենալ» նրանց ստվերների հետ:

Հետաքրքիր է նաև սերբական տարբերակը: Ըստ դրա` ստվերը կարող է թափանցել մարդկային ուղեղի մեջ և մթագնել գիտակցությունը, այդ պատճառով սլավոնական ժողովուրդներն արգելել են երեխաներին խաղալ սեփական ստվերի հետ կամ անցնել որևէ մեկի արտացոլանքի վրայով, քանի որ դա կարող էր դժբախտացնել տիրոջը:

Ռուսները հավատում էին, որ մահվանից առաջ ստվերը լքում է մարդուն, երբեմն կարող է թափառել` երբեք հանգիստ չգտնելով:

Ռուսաստանի ծայր հյուսիսում հետաքրքիր ավանդույթ է գոյություն ունեցել: Բնակարանամուտի ժամանակ տանտերն այնպես պիտի կանգներ, որ ստվերը տան պատերին չհայտնվեր, հակառակ դեպքում այն կարող էր գողանալ նրա հոգին և մատուցել` որպես շինարարական զոհ: Որոշ ժամանակ հետո, ըստ հավատալիքների, նա կմահանար, իսկ ստվերը կդառնար տան տերն ու հովանավորը: