Նաիրա ԶՈՀՐԱԲՍՅԱՆ. «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ արդար պահանջատիրությունը լինի գերակա»


ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին չի հաջողվել խույս տալ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի` իր համար տհաճ հարցադրումներից: Ճեղքելով Էրդողանի թիկնապահների արգելքը, Ն. Զոհրաբյանը նրան է «նվիրել» 1915-ին զոհ գնացած հայ մանուկների լուսանկարների ալբոմը` խորհուրդ տալով երեխաների աչքերո´ւմ գտնել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի շուրջ է զրույը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ: - Ես ցեղասպանության զոհ դարձած երեխաների լուսանկարների ալբոմ էի պատրաստել, որի վրա մակագրել էի` «Դուք ասել եք, որ կգա ժամանակը, երբ կառերեսվենք մեր անցյալի, այդ թվում նաև Հայոց հարցի հետ: Երբ որոշեք առերեսվել ձեր անցյալի հետ, նայեք այս երեխաների աչքերին. նրանք ձեր կողմից ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերի երեխաներն են: Նրանց աչքերի մեջ ճշմարտությունն է. քաջություն ունեցեք ընդունելու ճշմարտությունը` 1915թ. Հայոց ցեղասպանությունը»: Ես գիտեի, որ Էրդողանը ցինիկ անձնավորություն է, ինչը երևաց լիագումար նիստի ընթացքում ֆրանսիացիների, հույների հարցերին նրա տված պատասխան ներից: Նիստի ավարտին նա զարմանալիորեն արձագանքեց իմ կանչին և մոտեցավ: Էրդողանը վերցրեց ալբոմը և սկսեց թերթել: Շատ շփոթված էր, և հերթապահ նախադասությամբ պատասխանեց` «Մենք էլ կարող ենք ձեզ շատ նկարներ ցույց տալ»: Ինձ համար կանխատեսելի էր այդ պատասխանը: Բայց նաև կարևոր էր Եվրոպայի խորհրդում ալբոմը նրան հանձնելը, որպեսզի եվրոպացի պատգամավորներն ականատես լինեն և դարձյալ հիշեն Հայոց ցեղասպանությունը: - ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը նախորդում է Ապրիլի 24-ին` ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվան: Եվրախորհրդում պատվիրակն, իհարկե, զգացմունքներին տրվելու իրավունք չունի: Այնուամենայնիվ, Ապրիլի 24-ը սարերի հետևում չէր, և այդ օրվա խորհուրդը չէ՞ր շեղում Ձեզ. վերջ ի վերջո զրուցում էիք Թուրքիայի վարչապետի հետ, բայց և ստիպված էիք պահպանել էթիկայի կանոնները: - Ես բազմիցս ասել եմ, որ այսօրվա Թուրքիայի իշխանությունն իր աշխարհայացքով, իր փիլիսոփայությամբ բացարձակապես չի տարբերվում երիտթուրքերի իշխանությունից` հայատյաց, պատմությունը, իր անցյալը ժխտող նույն իշխանությունն է: Այդ խնդիրը ես բազմիցս բարձրացրել եմ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների առջև, թե ինչպես են փորձում Եվրամիության դռները բացել մի երկրի առջև, որն այսօր առաջնորդվում է սուլթանական կայսրության պարագլուխների մտածելակերպով ու իր անցյալն ընդունելու քաջություն չունի: Ի վերջո, Գերմանիան հրեաների ցեղասպանությունն ընդունելով ավելի թույլ պետություն չդարձավ, ավելի հզորացավ: Բաց հայացքով իր անցյալին նայելու և այն ընդունելու քաջություն ունենալով, պետությունը միայն հզորանում է: Ցավոք` ի դեմս Թուրքիայի մենք այսօր գործ ունենք երիտթուրքերի նույն գործիքներով ու փիլիսոփայությամբ առաջնորդվող պետության հետ: Ինձ համար հասկանալի է, որ մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչև մեր արդար հարցի լուծումը: - Բայց շատերը, ովքեր գործի բերումով կամ որպես զբոսաշրջիկ հաճախ են լինում Թուրքիայում, վկայում են, որ հայերի հանդեպ ընդհանրապես և ցեղասպանությունը, գոնե, չժխտելու հարցում, այնուամենայնիվ, ինչ-որ դրական տեղաշարժ կարծես թե կա: - Համաձայն եմ: Այն ժամանակից սկսած, երբ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու գործընթացը, համաշխարհային, այդ թվում նաև թուրքական մամուլը շատ ավելին է ցեղասպանության մասին ասել, խոսել, քան անցած 100 տարիների ընթացքում: Այսինքն, պետք է խոսել, պետք է ասել, պետք է բարձրաձայնել խնդրի մասին: Եվ այո, նախկինում փակ թեմա էր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, մարդիկ բացարձակապես ոչինչ չգիտեին, տաբու էր դրված: Այսօր առաջադեմ մտավորականության մի շերտ կա, որտեղ թեման բացված է , ինչը թույլ է տալիս պնդելու, որ գործընթացն արդեն ձնագնդի էֆեկտով մեծանալու է, և Թուրքիայի` միջնադարյան ինկվիզիցիայի մեթոդներով աշխատող ներկայիս իշխանությունների համար հնարավոր չի լինելու կասեցնել այդ գործընթացը: Հիշենք 300 թուրք մտավորականների` հայերից ներողություն խնդրող նամակը: Կարող է բիրտ ուժով, իրենց իսկ խայտառակող հոդված 301-ով դարձյալ փորձեն ճնշել, փակել թեման, բայց միևնույնն է, ինչպես ասում են, ջինը շշից դուրս է թողնվել, և կասեցնել այլևս հնարավոր չի լինելու: - Իր ելույթում Էրդողանը խոսելով Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասին, այս անգամ ավելի փոքր թիվ է հիշատակել` մոտ 40 հազար… - Դժվար է որևէ տրամաբանություն գտնել Էրդողոնի ելույթներում: Նա շատ ցինիկաբար էր պատասխանում եվրոպացի պատգամավորների հարցերին, և իր ելույթում միմյանց հակասող հայտարարություններ էր անում: Երևի թե փորձեց ավելի իրատես լինել և այս անգամ խոսեց արդեն 40 հազարի մասին: - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, վեհաժողովի պատվիրակություն, Թուրքիայի վարչապետի հետ բանավեճ… այս ամենը հասկանալի է` բարձր է հնչում ու նաև` պարտավորեցնող: Բայց այնուամենայնիվ, Դուք կին եք` կնոջը. մի քիչ դժվար չէ՞ լինել առաջին գծում, թե՞ իրոք, ճիշտ են ասում, որ անհրաժեշտ պահին կանայք տղամարդկանցից ավելի ուժեղ են լինում: - …Դժվար է: Բայց երբ գիտես, որ ադրբեջանցի պատգամավորը խայտառակ սուտ է ասում, երբ դահլիճից լացակումած ձայնով ասում է, թե հարգելի Եվրախորհրդի պատգամավորներ, հայերն իրենց տեսակով, գենետիկորեն մարդասպան են, օրորոցից հանում են նորածնին քառատում ու ասում` ես կատարեցի իմ պարտքը իմ գեների առջև… Այդ պահին այլևս ոչնչի առջև կանգ առնել հնարավոր չի, ցանկացած քայլի կարող ես դիմել` նույնիսկ կանոնակարգ խախտելու գնով: Ես բազմիցս նկատողություն եմ ստացել ԵԽԽՎ բյուրոյից` նիստերի դահլիճում քարոզչական նյութեր բաժանելու համար, բայց դա ինձ չի կաշկանդել, որ դահլիճում Ջուղայի, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի դեպքերի վերաբերյալ փաստագրական ֆիլմեր բաժանեմ: Նրանք նույնիսկ Սառուցյալ օվկիանոսի խնդիրների մասին ելույթը հանգեցնում են Ղարաբաղի խնդրին: Երբ ցանկացած անհեթեթություն կապում են հայկական հարցի հետ, ինքդ ստիպված ես լինել առաջին գծում, այլընտրանք չունես, որովհետև դու երկիր ես ներկայացնում, քո´ երկիրը, քո´ խորհրդարանը, քո´ կուսակցությունը, որոնք քեզ գործուղել են` այս խնդիրները լուծելու համար: - Մի քանի օրից Ապրիլի 24-ն է: Այս ամենի համատեքստում այդ օրը Դուք ի՞նչ մտորումներով դուրս կգաք տնից, ինչպիսի՞ վերաբերմունք կցանկանայիք տեսնել մեզանում: - Ես կուզեի, որ մենք վերջնականապես ձերբազատվեինք զոհի սինդրոմից, կուզենայի, որ հիշելով Ապրիլի 24-ը, ցեղասպանությունը, մենք մի քիչ ավելի նախաձեռնող լինենք` մեր խնդիրներն առաջ մղելու համար. հիշելով հանդերձ լինեինք պահանջատեր: Ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ արդար պահանջատիրությո´ւնը լինի դոմինանտ, ոչ թե ցավը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ