1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Այս օրերին Կենտրոնական բանկի պատասխանատուները առիթներ են որոնում` գործադիրին համոզելու, թե գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի նվազեցումն անասելի աշխուժություն է առաջացրել հողագործների շրջանում: Դրամատան երևելիների ոգևորությունն ավելի է աճել հատկապես ցրտի մեղմ հետևանքներից հետո, երբ հայտնի է դարձել, որ վնասն առանձնապես մեծ չէ, և մարդիկ նորանոր վարկերի կարիք էլի ունեն: Գյուղացիներին գումարներ տրամադրող բանկերից ու տարբեր վարկային կազմակերպություններից հավաստիացնում են, որ նվազեցված տոկոսադրույքները գրեթե հերթեր են առաջացրել իրենց գրասենյակներում: Փաստորեն, տարվա այս հատվածում կանխիկ փող բոլորին է պետք, ինչն էլ ենթադրում է, որ հայրենի դաշտերում ու այգիներում ստացվելիք բարիքներից ավանսային մասնաբաժին են ունենալու նաև գումարներ տրամադրող կառույցները: Թվում է, թե գործարքը միանգամայն ազնիվ է, սակայն դարձյալ ոչ այնքան ձեռնտու պայմանով փող ստացող գյուղացիները հիմա էլ դժգոհում են, թե իրենք իրենց հասանելիք եկամուտները ձեռք են բերելու ողջ սեզոնի ամենօրյա աշխատանքով, իսկ վարկատուները, մի քանի բանկային փաստաթուղթ ձևակերպելով, իրենց հաշվին իրենց հավասար եկամուտներ են ստանալու: Վարկատու կառույցները թեև առայժմ դժգոհ չեն գործընթացից, բայց հավաստիացնում են, թե նախատեսել են հաջորդ տարի ավելի նվազեցնել տրամադրվող գումարների տոկոսները: Սակայն ո՞վ կհավատա, որ տոկոսային բարձր եկամուտներից ինչ¬որ մեկն ինքնակամ հրաժարվի: