ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ <br>Նրանք նվաճեցին խաղաղ ապրելու մեր իրավունքը


Նրանք գիտեին կյանքի գինը, բայց իրենց անմնացորդ զոհաբերեցին հանուն ամենաթանկի` վտանգված հայրենիքի: Քաջերն ընկան, որ հայը պապենական հողում օջախ շենացնի, որ մեր լեռներում գարնանամուտն ավետաբեր լինի: Այս ապրիլին կբոլորեր Հայաստանի ազգային և Արցախի հերոս Յուրի ՊՈՂՈՍՅԱՆԻ 50¬րդ գարունը: Անգնահատելի է նրա մեծ նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին: Նրա հիմնած արհեստանոցն իր իսկ ջանքերով դարձավ ազգային շարժման առաջին զինանոցներից մեկը: Կարողությունները, հմտությունները, ողջ էությունն ու հոգին էր ներդնում զենքի պատրաստման, անսարք մարտական տեխնիկայի վերականգնման բարդ ու պատասխանատու գործում: Արցախամարտի օրերին, երբ այնքան անհրաժեշտ էր թիկունքում, նետվեց մարտի դաշտ… Յուրի Պողոսյանը ծնվել է Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում, բայց հասակ է առել Ստեփանակերտում: Անսահման բարի, ազնիվ ու շիտակ էր խոնարհ հերոսը: Նրա հետ անցկացրած անհոգ ու երջանիկ օրերի մասին կարոտով, հուզմունքով ու անսփոփ ցավով է հիշում քույրը` Իրինան. - Մեր տարիքային տարբերությունը փոքր է` ընդամենը 2 տարի: Շատ մտերիմ էինք: Միայն քույր ու եղբայր չէինք, նաև` լավ ընկերներ: Հաճախ էինք կիսվում գաղտնիքներով, հուզող հարցերով: Պատմում էր ամեն ինչ, ես էլ` որպես ավագ քույր, խորհուրդներ էի տալիս: Կենսախինդ էր, ուրախ, բարի: Շատ էր սիրում կենդանիներին: Հիշում եմ` միշտ երազում էր հեծանիվ ունենալ: Մեծագույն ուրախություն էր, երբ տարբեր մասերից կարողացավ ինքնուրույն հավաքել նոր հեծանիվ: Մի անգամ խաղում էինք բակում: Հարևանի տղաները մի փոքրիկ շնիկ էին գտել ու տանջում էին: Յուրին խնդրեց կենդանու հետ դաժանորեն չվարվել, դրա դիմաց տղաները պահանջեցին հեծանիվը: Եվ նա տվեց, չնայած երկար էր երազել դրա մասին: Բարության ու մեղմության հետ մեկտեղ նաև սկզբունքային էր ու խիստ: Զբաղվում էր ըմբշամարտով, բայց ամենամեծ հետաքրքրությունը տեխնիկան, էլեկտրական ու մեխանիկական սարքերն էին: Չկար խափանված որևէ իր, որ չկարողանար վերանորոգել: 1980-82 թթ. ծառայեց Խորհրդային բանակում, որից հետո հիմնեց սեփական արհեստանոցը: Նույնիսկ հաստոց ձեռք բերեց, վերականգնեց: - Դեռ ոչ ոք չգիտեր, որ պատերազմ է լինելու: Դեռ չսկսված` կարծես պատրաստվում էր դրան: Նա միանգամից փոխվեց. ուրախ ու զվարթ տղան դարձավ մտախոհ, լրջացավ ու մեկեն հասունացավ: Ես հազվադեպ էի տեսնում նրան ժպտալիս: Չէր քնում, չէր ուտում: Ամբողջ օրն արհեստանոցում էր անցկացնում: Իսկ այնտեղ մոռանում էր ժամանակի մասին: Մի օր` ուշ երեկոյան, նրան թողեցի հաստոցի մոտ: Առավոտյան, երբ արթնացա` արհեստանոցի լույսը դեռ վառվում էր: Գնացի, ցույց տվեց պատրաստած զենքերը: Իր գիտելիքները, ունակությունները, ինչ կարող էր նա նվիրեց այդ պատերազմին,¬ հիշում է քույրը: Երբ սկսվեց Արցախամարտը, զավակները փոքր էին: Կրտսերը` որդին, 2 տարեկան էր: Մոռանալով աշխարհում ամեն ինչ` նա առաջիններից մեկը միացավ կամավորականներին: Անձամբ էր փորձարկում իր պատրաստած ատրճանակները, նռնակները, ինքնաձիգները: Դրանք առաջին անգամ կիրառվեցին Հադրութի շրջանում, որտեղ ադրբեջանցի օմոնականները ռուս զինվորների օգնությամբ սկսել էին իրենց ոտձնգությունները: Յու. Պողոսյանը մշտապես հայտնվում էր ամենաթեժ կետերում: Մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի ինքնապաշտպանությանը, Շուշիի ազատագրմանը, Քարինտակի, Կրկժանի մարտերին: Դարձավ առաջին ձեռքբերված զրահամեքենաներից մեկի անձնակազմի հրամանատար: Նրա մասին ջերմ հուշերով է կիսվում գեներալ¬մայոր, լեգենդար Արկադի Տեր¬Թադևոսյանը. - Յուրին տաղանդավոր, երիտասարդ տարիքի համեմատ ավելի գիտակ, կիրթ մարտիկ էր: Այն օրերին հաճախ էինք ձեռք բերում վնասված, անսարք զենքեր: Դրանց մեջ չկար այնպիսին, որը չկարողանար վերականգնել: Նա ամեն ինչ անում էր, որ մարտական տեխնիկան վերանորոգված ու պատրաստ լիներ: Երբ ՆԳՆ գունդն ազատեցինք ադրբեջանական ոստիկանությունից, որը տեղակայված էր Ստեփանակերտում, կարողացանք մարտական մեքենաներ ձեռք բերել, որոնք լուրջ վնասված էին: Յուրին վերականգնեց դրանցից մեկը և հենց ինքն էլ գործի դրեց: Նա պետք էր մեզ թիկունքում, բայց մեկնեց մարտի դաշտ և հերոսաբար զոհվեց: Իր զրահամեքենայով Յու. Պողոսյանը մշտապես հայտնվում էր ամենավտանգավոր կետերում` կրակին դեմ հանդիման: Խանբանդի մոտ նա կարողացավ ոչնչացնել թշնամու 3 զրահամեքենա: Արդեն Շուշին ազատագրված էր: Բայց պատերազմը չէր ավարտվել: Կրկին լսվեց ռումբերի որոտը: Թշնամին ընդհուպ մոտեցել էր Ասկերանին: 1992 թ. Ասկերանի համար մղվող մարտերի ժամանակ Նախիջևանիկ գյուղի մոտ նա հերոսաբար զոհվեց: - Մայրս հաճախ էր խնդրում, որ ուշադիր լինի, խնայի իրեն: Յուրին զայրանում էր: Ի՞նչ է նշանակում խնայել: Թաքնվե՞լ կամ փախչե՞լ: Նրա վերքերը զարմանալիորեն արագ էին ապաքինվում: Հաճախ էր հանգստացնում մորս` ասելով, որ եթե անգամ վիրավորվի, արագ կկազդուրվի: Բայց վիրավորվեց մահացու…Գնդակը դիպել էր սրտին: Մենք նույնիսկ չլսեցինք նրա վերջին խոսքերը: Հիմա հաճախ եմ մտածում, որ, միևնույն է, Յուրան զոհվելու էր: Նա ծնվել էր պատերազմի համար և ամբողջ էությամբ ու հոգով տրվեց դրան,¬ շարունակում է Իրինան: Իր բացառիկ քաջության, խիզախության, անձնազոհության համար Յուրի Պողոսյանը 1993 թ. առաջինների թվում հետմահու պարգևատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» I աստիճանի, ՀՀ «Ոսկե արծիվ» շքանշաններով: 1996 թ. նրան հետմահու շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի, իսկ 2002 թ.` Արցախի հերոսի կոչում: - Քչախոս էր, ամբողջ օրն աշխատում էր` միշտ շրջապատված ընկերներով: Բոլորին բացատրում, սովորեցնում էր զինատեսակները վերականգնելու նրբությունները: Նա դրեց հիմքերը: Հետո մասնագետներ ունեցանք, ովքեր ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերեցին, և Յուրիի դրած հիմքերով ստեղծեցինք մեծ գործարան: Յուրին թանկ ընկեր էր: Նրա դերը մեծ էր թե´ թիկունքում, թե´ մարտի դաշտում: Այսօր էլ հիշում ու հպարտանում ենք, որ նրա նման զինվոր ու մարդ է եղել,¬ հիշում է գեներալ¬մայոր Արկադի Տեր¬Թադևոսյանը: Երախտագետ սերունդները միշտ կհիշեն բոլոր հերոսների անձնազոհությունը, կխոնարհվեն նրանց հիշատակի առաջ: Նրանք նվաճեցին խաղաղ ապրելու մեր իրավունքը և անմահացան:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ