Քաջ Նազարի և Թամար Թագուհու հայտնությունը Թամար Պողոսյանին


Երբ վերին նախախնամությամբ, թե քաղաքական վրիպումների արդյունքում Թամար Պողոսյանը դարձավ մշակույթի նախարար, հավանաբար, երազում ձեռք ձեռքի տված` նրան այցելեցին Քաջ Նազարն ու Թամար Թագուհին և նրան օծեցին ցմահ նախարարի վսեմ կոչումով: Նա մնաց մշակույթի «անգերազանցելի նախարար» նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում և ինքն իրեն վարձատրեց «անզուգական նախարարի» բարձր աշխատավարձով: Ավելին, նա այնքան ազգանպաստ քաղաքականություն վարեց, որ միայն 2009 թ. իր ազգակիցների ապրուստը շռայլորեն հոգաց, հիմնադրամին հատկացված 18,6 մլն աշխատավարձի ֆոնդից միայն իր ընտանիքին հատկացրեց 7մլն դրամ` զարգացնելով հարազատներին տեր կանգնելու ազգային մշակույթը: Օրենքի, արդարության, իրավունքի պաշտպան տիկին Թամարա´, 7 մլն դրամ` նշանակում է 250 մարդու նվազագույն աշխատավարձ, 300 մարդու կենսաթոշակ, 400 անապահով մարդու նպաստ և այսպես շարունակ: Մնում է հասկանալ` Քաջ Նազա՞րն էր նշանակել նրան այդ աշխատավարձը` իբրև ժառանգություն, թե հարևան երկրի անվանակից թագուհին էր պարգևատրել` հայ մշակույթի շուրջ աշխարհասփյուռ հայ ժողովրդին համախմբելու անխոնջ աշխատանքի ու բացառիկ, անկրկնելի ավանդի համար: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը. տիկին Թամարան հայ մշակույթի պատմության մեջ նոր էջ բացեց` ինքնարժևորման և ինքնապարգևատրման մի նոր մշակույթ ձևավորելով: «Եթե ինքդ քեզ չպարգևատրես, ուրիշը չի պարգևատրի»,- այսպիսի պատգամ թողեց նա իր ժողովրդին: 2010 թ. նրա ձեռքը հավանաբար բռնեցին, այստեղից էլ սկիզբ առավ լայնամասշտաբ հարձակումն ու պետական շահերի պաշտպանի նրա նոր առաքելությունը: Եվ ո՞ւր կգնար ազգն` իր եզակի մշակույթով, եթե հետևեր տիկին Թամարայի պատգամին և գործեր նրա տրամաբանությամբ:

Գոհար ՊՈՂՈՍՅԱՆ