«Վա բանկ»` «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով


 

Այսօրվա դրությամբ Հայաստանի ներքաղաքական կյանքը լի է անորոշությամբ: Իրավիճակը առանձնահատուկ է նրանով, որ վտանգները բխում են ընդամենը մեկ անձի` Ր. Հովհաննիսյանի պահվածքից: Իսկ եթե Րաֆֆին ապրիլի 9-ին էլ չդադարեցնի հացադուլը և Աստված մի արասցե… «Միայն իմ դիակի վրայով»-ը դարձնի հնարավոր...…

Ինչևէ. հատկապես վերջին շաբաթներին Ր. Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարությունները և գործողությունները, քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցին հացադուլի անցնելը` ակամայից զուգահեռների տեղիք տվեցին նրա և վերջերս իր մահկանացուն կնքած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի միջև: Ինչպես Չավեսը, այնպես էլ Րաֆֆին խիստ քննադատության է ենթարկում աշխարհի բոլոր գերտերություններին: Ր. Հովհաննիսյանը դա անում է բաց տեքստով, առանց դիվանագիտական նրբությունների շաղախի բուռն հուզականությամբ: Ժողովրդի հետ շփումների ձևը և ոճը` հասարակ, անկաշկանդ, անբռնազբոսիկ, պարզ, նույնպես հիշեցնում են Վենեսուելայի նախկին նախագահին: Մենք էլ շատ պարզունակ հարց տանք` դա լա՞վ է, թե՞ վատ:

Միանգամից պատասխանենք. նայած ո՞ր պարագայում, ո՞ր իրավիճակում, տվյալ անձի ինչպիսի՞ կարգավիճակում: Աքսիոմատիկ ճշմարտություն է. հավասարակշռությունից լուրջ շեղումները ինքնին ծայրահեղություն են, ծայրահեղականությունը` հեղափոխականություն:

Անկեղծորեն կարելի է հավատալ «Ժառանգության» առաջնորդին, որ կտրականապես դեմ է արյունահեղությանը, բայց իր խոսքով ու գործով նա ամբողջապես հեղափոխականի կերպարի մեջ է: Սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրներում ժողովուրդը սիրում-համակրում է հեղափոխական կեցվածքով առաջնորդներին: Աշխարհի քաղաքակիրթ երկրները խիստ զգուշորեն, վերապահությամբ, հաճախ անընդունելի են համարում ծայրահեղական, հուզական-պոռթկումային գործելաոճով քաղաքական, պետական գործիչներին: Առավել ևս, եթե նրանք որևէ երկրի ղեկավար են կամ հավակնում են դառնալ այդպիսին: Պետության ղեկավարի անկանխատեսելիությունը, որպես կանոն վտանգի աղբյուր է դիտվում թե´ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների, թե´ Ռուսաստանի կողմից: Կարող է հարց առաջանալ. իսկ ո՞րն է այն շեմը, որից անցնելով` քաղաքական գործիչը կարող է ընկալվել անհավասարակշիռ: Հիշենք. նախկինում էլ, գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո հայաստանյան ընդդիմությունը խիստ մեղադրանքներ է ներկայացրել իշխանություններին, քննադատել է նաև միջազգային դիտորդներին և հեղինակավոր միջազգային կազմակերպություններին, բայց ոչ երբեք` գրեթե բոլոր գերտերությունների ղեկավարներին, այն էլ` զուտ այն պատճառով, որ նրանք շնորհավորել են ընտրված նախագահին:

- Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կարող է տեղի ունենալ միայն իմ դիակի վրայով,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնանքը հղի երդմնակալության առիթով, ապա դա կհամարի սրբապղծություն:

Իհարկե, ժողովրդի բողոքավոր հատվածը Րաֆֆիի դրսևորած այս վարքը կարող է գնահատել որպես անձնազոհություն, բայց փոքր-ինչ սթափ մտածողները դա կհամարեն պարզունակ արկածախնդրություն և շանտաժ, անիրատեսական պոռթկում: Բավական անհարմար վիճակում են հայտնվել իշխանությունները: Քանզի, ինչպես վերը նշեցինք, ապրիլի 9-ից հետո էլ ընդդիմության առաջնորդը հնարավոր է հերթական անակնկալը մատուցի և իր խոսքը փորձի վերածել գործի: Մտահոգության հիմնական պատճառը ժողովրդական հուզում ների շարունակականությունն է, որը շահարկելով` հաստա´տ իրենց ձեռքերը կտաքացնեն որոշ քաղաքական ուժեր: Եվ հիմնականում նրանք, ովքեր աչքով-աչք չունեն «Ժառանգութ յան» առաջնորդի նկատմամբ և որոնց հիմնական նպատակն ընդամենը իշխանության տիրանալն է: Ահա հենց սա է, որ սթափվելով պետք է հաշվարկի Ր. Հովհաննիսյանը և զերծ մնա ծայրահեղ վտանգավոր քայլերից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ