«Կարևորը երկխոսությունն է»
Համոզված է ԱԺ ֆինանսավարկային-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նրա հետ է մեր զրույցը Ներքաղաքական ներկա իրավիճակի, հնարավոր զարգացումների մասին
- Վերջերս պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի առաջարկին: Սա մարտի 1-ի գործով առաջին հանձնաժողովը չի: Այս հանգամանքը նշանակո՞ւմ է արդյոք, որ նախկին հանձնաժողովն իր առաքելությունը լիովին չի կատարել:
- Իհարկե` ոչ: Սա նշանակում է, որ եթե պատգամավորներից ոմանց մոտ կա խնդիրը քննելու և իրենց չբավարարած հարցերին պատասխան գտնելու անհրաժեշտություն, քաղաքական մեծամասնությունը գնում է ընդառաջ այդ ցանկությանը:
- Ուղղակի բարի կամքի դրսևորո՞ւմ:
- Ես այդպիսի ձևակերպում կխուսափեի տալ: Պարզապես, մեծամասնությունն ընդառաջ է գնում այն պատգամավորների ցանկությանը, ովքեր ունեն նոր հանձնաժողով ստեղծելու և իրենց բավարարող հարցերի պատասխանները գտնելու:
- Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ներքաղաքական իրավիճակը:
- Ընդհանրապես Հայաստանում ներքաղաքական զարգացումներն այս անգամ իրենց ընթացքով տարբերվում են նախորդ զարգացումներից: Նախ մյուսների հետ ընդհանուրն այն է, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն գնաց ինքնահռչակման, ինչը, ցավոք սրտի, արդեն դառնում է ավանդույթ: Նախորդ հետընտրական զարգացումներից տարբերություն ներն էական են: Դրանց մեջ կարելի է նշել և´ արտաքին, և´ ներքին ազդակները: Արտաքին ազդակների հետ կապված` կարելի է նշել. բոլոր դիտորդական կառույցներն արձանագրեցին զգալի առաջընթաց ընտրական գործընթացներում: Մեծ թվով երկրների ղեկավարների շնորհավորանքներում նույնպես արձանագրվեց այդ առաջընթացը և կարևորվեց ընտրված նախագահի հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Առաջընթաց է նաև այն հանգամանքը, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն մի քանի անգամ շատ հստակ կրկնել է, թե իր ընդվզումն ինքը պետք է իրականացնի բացառապես օրենքի սահմաններում և չի հանդուրժելու, որ որևէ մեկից թեկուզ մի կաթիլ արյուն հոսի: Սա ևս առաջընթաց եմ համարում: Մյուս կողմից, և´ հասարակությունը, և´ իշխանությունը, և´ իրավապահ մարմինները էապես ավելի պատրաստ են նման զարգացումների, և գործընթացները շատ ավելի քաղաքակիրթ շրջանակներում են տեղի ունենում: Թե´ իշխանությունը, թե´ հասարակությունը, թե´ ընդդիմությունը դասեր են քաղել:
- Դուք նշեցիք, որ միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ընտրություններին: Վստահ եմ` Դուք ծանոթ եք նաև միջանկյալ զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ, այնուամենայնիվ, նկատելի են: Արդյո՞ք մտավախություն չունեք, որ վերջնական զեկույցն ավելի կոշտ կարող է լինել:
- Չեմ կարծում, որովհետև դրա նախադրյալները չեմ տեսնում: Դիրքորոշման կոշտացման համար նոր փաստեր ի հայտ չեն եկել:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք այն, որ Ազատության հրապարակում մեկնարկել է այլընտրանքային իշխանություն ձևավորելու գործընթաց:
- Ամեն ինչը պետք է լրջության մեջ լինի: Երբ լրջությունից դուրս է գալիս, դառնում է ֆարս:
- Իսկ ի՞նչն եք Դուք անլուրջ համարում :
- Ես չեմ ուզում անլուրջ իրավիճակն է´լ ավելի անլուրջացնեմ, բայց կարող է հանկարծ երրորդ տեղը գրաված թեկնածուն էլ իր հերթին սկսի իշխանություններ ձևավորել:
- Քաղաքագիտական շրջանակներում միտք արտահայտվեց, որ Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ մեր ներքաղաքական իրավիճակը ստիպեց ՌԴ նախագահին` Հայաստանին ավելի կոշտ պահանջներ չներկայացնել:
- Այդ մասին կարելի է խոսել լոկ ենթադրություններով: Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերություններում ներքաղաքական գործընթացների այսօրվա վիճակը կարող է պայմանավորել միջպետական օրակարգի փոփոխություն: Այսօր ներքաղաքական իրավիճակը նորմալ է` կանխատեսելի զարգացումներով:
- Արտաքին զարգացումները մի՞թե ներքին զարգացումներով չեն պայմանավորվում:
- Ինչ խոսք, միանշանա´կ: Բայց Հայաստանում առկա զարգացումները գտնվում են կանխատեսելիի շրջանակներում:
- Օրերս Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ասաց, որ իշխանությունները պատրաստ են գնալ ընդառաջ` ողջամիտ առաջարկությունների պարագայում: Որո՞նք կարող են լինել այդ ողջամիտ առաջարկությունները ՀՀԿ-ի պարագայում :
- Ամբողջ Հանրապետականի անունից խոսելու լիազորություններ չունեմ, բայց իմ կարծիքով կան հնարավորություններ, որոնք թույլ կտան, որպեսզի պարոն Հովհաննիսյանն իր ձեռք բերած բարձր տոկոսները կարողանա ծառայեցնել ազգի և պետության շահերին: Իմ համոզմամբ, հանրությունն իր մեծամասնությամբ, անկախ թե որ թեկնածուի օգտին է քվեարկել, քվեարկել է փոփոխությունների օգտին: Հետևաբար, ընդհանուր խոսակցության համար առկա է չափազանց պարարտ իրավիճակ:
- Արդյո՞ք միայն բարեփոխումներով հնարավոր է շոշափելի դրական արդյունքի հասնել: Թե՞ խոսքն արդեն համակարգի փոփոխության մասին է:
- Ես կարծում եմ` ցանկացած փոփոխություն պետք է բխի այն իրողությունից, որն առկա է տվյալ ոլորտում:
- Վարչապետը բազմիցս շեշտել է օլիգոպոլիաների վերացման անհրաժեշտությունը: Գործող իշխանությունները արդյո՞ք կարող են լուծել այդ խնդիրը:
- Ինչ վերաբերում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների պահվածքին, չափազանց կարևոր խնդիր եք բարձրացնում: Մենք ունենք էական դրական տեղաշարժեր: Համապատասխան օրենքում արվել են կարևոր փոփոխություններ: Թերևս, առաջիկայում ևս մեկ լրջագույն փոփոխություն կարվի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հրատապ ստուգումներ կատարելու հնարավորություն կընձեռվի:
- Ի վերջո, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը:
- Միշտ նման դեպքերում պատասխանը մեկն է` կարևորը երկխոսությունն է: Պետք է արձանագրեմ` ինձ համար անհասկանալի է, որ Հանրապետության նախագահի երկխոսելու հրավերքին արձագանք չեղավ: Նորմալ չէ, երբ Հանրապետության նախագահը հրավիրում է երկրորդ տեղը գրաված նախկին թեկնածուին քննարկելու առկա խնդիրները, և այդ հրավերքը մնում է առկախված:
- Ինձ մնում է շնորհակալություն հայտնել անկեղծ զրույցի համար: