ԴԱՐՁՅԱԼ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱՆՔ


 

Հրապարակվել են աշխարհի 100 առաջատար բուհերը: Ինչպես սպասվում էր, առաջին քսան հորիզոնականներում տեղ են զբաղեցրել ամերիկյան, բրիտանական և ճապոնական բուհերը: Մոսկվայի նշանավոր Լոմոնոսովի անվան համալսարանը հայտնվել է 50-րդ տեղում, ինչը բնավ էլ վատ ցուցանիշ չէ:

Իսկ ահա հայաստանյան որևէ բուհ ընդգրկված չէ այդ ցանկում, մինչդեռ կրթության պատասխանատուներն ու մասնավորաբար Երևանի պետական համալսարանի ռեկտորատն անընդհատ հավաստիացնում են, թե մայր բուհն ընդգրկված է աշխարհի լավագույն բուհերի ցանկում, թե շատերն են հիացած բուհի տեխնիկական հագեցվածությամբ...

Անշուշտ, այս փաստը մեզ լուրջ մտորումների առիթ պիտի տա, որովհետև անգամ միանալով Բոլոնիայի համաձայնագրին, ինչը, պարզվեց, այնքան էլ ընդունելի չէ աշխարհի շատ առաջատար բուհերի կողմից, մենք չենք կարողանում ստեղծել մրցունակ բարձրագույն կրթություն, չենք կարողանում «գայթակղիչ» լինել: Այս ամենի պատճառը, թերևս, բարձրագույն կրթության հստակ հայեցակարգերի, նոր սկզբունքների, ազգային կրթության առանձնահատկությունների ընդգծումների բացակայությունն է: Գուցե հատկապես այս ցուցակին ծանոթանալուց հետո մեր կրթության պատասխանատուները մտածե՞ն լուրջ բարեփոխումների մասին: