ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ


 

Շարունակվում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի «հեռակա մարտերը»: Տեղական «Ցայգ» հեռուստաըն կերության եթերով խոսելով իրեն վերագրվող ասֆալտապատման աշխատանքների համար հատկացված գումարների յուրացումների մասին, Վարդան Ղուկասյանը մեղադրանքներ է հնչեցրել Բալասանյանի հասցեին, կոպտել ու վիրավորել: Բալասանյանն էլ տարածել է մի հաղորդագրություն, որում, մասնավորաբար, ասված է.

-...Իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան: Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու «մտքի» փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձևաչափով: Եվ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ, այլ ընդամենը կա երեք էական հանգամանք: Առաջին. անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ: Եվ Գյումրու քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին` չվճարելով փախնի նրանցից և խայտառակի գյումրեցու բարի համբավը: Երկրորդ. կա մի այսպիսի ասացվածք` պետք չէ վիճել հիմարների հետ` նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերութ յուն Սարգսի, որը բարի էր և ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ): Անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած` մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է: Այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին` լինել ողջախոհ, «ողորմած» կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում և աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երևակայությունը, անհնարին դարձնելով դևերը նրա ուղեղից քշելու և ապաքինելու փոքր հույսը:

Որքան էլ ճիշտ լինի Բալասանյանը, այնուամենայնիվ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախկին ու գործող քաղաքապետերն իրար հետ խոսում են նման «գնահատականներով»: Ի վերջո, ԱԺ նախկին փոխնախագահը մի՞թե չէր նկատել, թե ինչ «հատկանիշներով» է օժտված իր հայրենի քաղաքի համայնքապետը, ով 13 տարի ղեկավարեց քաղաքը…