1 ՀԱՐՑ


 

Շաբաթ օրը կայացած` ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խստորեն քննադատեց Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Հանրապետական կուսակցությունը քննարկե՞լ է իր կոալիցիոն գործընկերոջ այդ գնահատականը, և ի՞նչ դիրքորոշում կա այս առնչությամբ:

Հարցին պատասխանում է ԱԺ` ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

- Կասեմ անձամբ իմ տեսակետը: Մեր քաղաքական բոլոր գործընկերները, ինչպես նաև կոալիցիոն գործընկերները, պատասխանատու են հասարակական, քաղաքական դեռևս չլուծված խնդիրների համար: Մենք ևս մեր հրապարակային ելույթներում շատ հաճախ բարձրաձայնում ենք խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն, որոնց վրա պետք է ուշադրություն հրավիրել` առանց որևէ մեկին քննադատելու, առանց որևէ վեկտորներ այս կամ այն ուղղությամբ թեքելու: Սա քաղաքական ուժերի նորմալ, բնականոն մրցապայքար է, սա հասարակության հետ երկխոսություն է, սա ուղղված չէ որևէ մեկին:

Ես վստահ եմ, որ մեր քաղաքական գործընկեր ուժերի հրապարակային ելույթները ևս ուղղված չեն մեզ` որպես քաղաքական գործընկեր: Որովհետև պատասխանատվությունը կիսելը նաև քաղաքական գործունեության մի մասն է, և ես վստահ եմ, որ քաղաքական կոալիցիայի մեր գործընկեր կուսակցություններն ունեն պատասխանատվություն կրելու բավարար կարողություն: Կոալիցիոն համագործակցությունը բավականին դրական արդյունք և արդյունավետություն է ապահովել նախորդ տարիներին: Համագործակցությունը միայն նոր հնարավորություններ և համախմբված, կոնսոլիդացված լուծումներ կարող է բերել: Համագործակցությունը փոխշահավետ է ամբողջ հասարակության համար: