ԳՅՈՒՂՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՑՈՒՄ


 

Շիրակի մարզի Գետք գյուղը սահմանին մոտ գտնվող համայնքներից մեկն է, որի բնակիչների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Իրենք ցանում են, աճեցնում, շատ հաճախ էլ իրենք են սպառում` չունենալով շուկա դուրս գալու հնարավորություն:

Հանապազօրյա հոգսերին էլ արդեն մի քանի տարի ավելացել է հեղեղավտանգ իրավիճակը գարնանը, երբ Ախուրյան գետի ջրերը բարձրանում և ծածկում են հողատարածք ներ: Այժմ նորից Գետքի բնակիչները կանգնել են բարդ խնդրի առջև և ահազանգ են հնչեցնում` խնդրելով օգնել և աջակցել իրենց: Ախուրյանի ջրերի բարձրացումը, ձնհալի պատճառով առաջացող սելավները միայն անցած տարի 21 հա վարելահող են վնասել, այդքան հողատարածք մնացել է ջրի տակ` վնասելով աշնանացանը: Գյուղապետ Հովիկ Մխիթարյանն անհանգստացած է, մտահոգված: Նա նաև առաջարկում է աղետը կանխելու տարբերակներ: Անհրաժեշտ է կառուցել պատնեշներ, ապա սկսել մաքրման աշխատանքները: Քսանհինգ տարի առաջ են կատարվել նման աշխատանքներ, մինչդեռ հիմա նորից է պատնեշներ կառուցելու և գետի հունը մաքրելու անհրաժեշտություն առաջացել: Շիրակի մարզպետարանում տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստեղծվել է հանձնաժողով, որն աղետի ժամանակ պետք է որոշի գյուղացիներին հասցված վնասների չափը: Իհարկե, լավ է, որ արդեն մտահոգություն է ձևավորվել, սակայն արդյո՞ք առավել ճիշտ չի լինի, եթե նախատեսվող գումարները տրամադրվեն պատնեշների կառուցմանը, կատարվեն մաքրման աշխատանքներ` միաժամանակ գյուղացիներին թույլ չտալով աղբը թափել գետի մեջ:

Կարծես թե կարելի է, սակայն մեզանում այդպես էլ չեն մշակվում հիմնարար ծրագրեր, մարզպետարանները քայլեր չեն ձեռնարկում համակողմանի ծրագրեր ներկայացնելու համար: Բնությունն էլ չի սպասում, որ մարզպետարաններն արթնանան նիրհից ու սկսեն գործել:

Մենք հիշատակեցինք միայն մի գյուղի խնդիր, սակայն նույն վիճակն է տիրում Շիրակի մարզի Ղարիբջանյան, Երազգավորս, Բայանդուր գյուղերում, բազմաթիվ այլ համայնք ներում:

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ևս շուտով կկանգնեն այս խնդրի առջև: Նշանակում է` հարկավոր է կենտրոնացնել մի քանի նախարարությունների ջանքեր, գումարներ տրամադրել, որպեսզի հետագայում կառավարությունը ստիպված չլինի հաշվել աղետների պատճառած վնասներն ու մտածել փոխհատուցումների մասին: