Եղբա˜յր եմ ասել


 

Տարիներ առաջ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում երկու հայ ընտանիք բնակություն հաստատեց: Եղբայրներ էին, Հայաստանում վաճառել էին իրենց ունեցվածքն ու մեկնել Ռուսաստան` բախտ որոնելու: Եղբայրներից մեկը, ով ավելի հեռատես էր գտնվել, մտածելով երեխաների ապագայի մասին` Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող սեփական բնակարանին ձեռք չէր տվել: Ճակատագիրը, սակայն, բարեհաճ չէր գտնվել այս տղամարդու նկատմամբ. երկու տարի առաջ անկատար թողնելով բազմաթիվ երազանքներ` անսպասելի մահացել էր: Նրա այրին ու զավակները մի քանի ամիս առաջ եկել էին Հայաստան և այցելել նաև Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող իրենց սեփական բնակարան: Ինչպես հետո պիտի խոստովանեին` երանի չգային և չտեսնեին այն, ինչը տեղի էր ունեցել:

Իսկ կատարվել էր նողկալի մի պատմություն, որը հետո պիտի արձանագրվեր ոստիկանության ամփոփագրերում:

Պարզվել էր, որ ՌԴ քաղաքացի, 1951 թ. ծնված Սուրեն Հ.-ն, եղբոր մահից հետո խարդախությամբ տիրացել էր նրա բնակարանին: Իսկ ավելի ստույգ« Սուրեն Հ.-ն օգտվելով այն հանգամանքից, որ եղբոր կինը և երկու երեխաները բնակվում են ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում, եղբոր մահվանից հետո Երևան է եկել, կեղծել հարևանների ստորագրությունները և գրավոր հայտարարություն է ներկայացրել «Շենգավիթ-1» համատիրություն: Այստեղից ստացած տեղեկանքի հիման վրա Էրեբունու շրջանի նոտար Մ.-ի կողմից ստացել է Բագրատունյաց փողոցի բնակարանի նկատմամբ ժառանգության վկայագիրը: Այսպիսով, հարազատ եղբայրը տիրացել է հանգուցյալի օրինական Ժառանգներին պատկանող բնակարանին և 2011 թ. ամռանը վաճառելով այն, յուրացրել 35.000 ԱՄՆ դոլար գումար:

Արժեքներ կան, որ գին չունեն և չպետք է վաճառել, սրբություններ կան, որ չպետք է հողին հավասարեցնել, կամուրջներ կան, որ չպետք է այրել...