ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է


 

Սուտն ու կեղծիքը շատ վաղուց են Ադրբեջանի համար դարձել այն կարևորագույն զենքերը, որոնցով նա պայքարում է արդարության և ճշմարտության դեմ: Շանտաժն ու զրպարտությունը, կեղծ հայտարարությունները հնարավորություն են տվել այս երկրին երբեմն մոլորեցնել աշխարհը, ներկայանալ զոհի կարգավիճակով:

Դեռ մեկ տարի առաջ տխրահռչակ Վաֆա Գուլուզադեն հայտարարում էր, թե իբր Արևմուտքը որոշել է Ադրբեջանը մասնատել և բաժանել Վրաստանի ու Հայաստանի միջև: Նման զառանցանքը միայն ազերիների ուղեղում կարող էր ծալքավորվել, սակայն այս ամենի տակ հեռահար նպատակներ կային: Այդ կերպ պաշտոնական Բաքուն փորձում էր այն երևութականությունը ստեղծել, թե Արևմուտքի կողմից հալածված է: Մինչդեռ իրականում արևմտյան մի շարք տերություններ բացահայտորեն պաշտպանում են Ադրբեջանին և նպաստում, որ իր իրավական հանգուցալուծումը ստացած Ղարաբաղյան խնդիրն այդպես էլ չգնա դեպի վերջնահաստատում:

Հիմա էլ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն է տարածել մի հայտարարություն, որում Հայաստանը մեղադրվում է, թե իբր անընդհատ խախտել է հրադադարի ռեժիմը:

- Մասնավորապես 2011 թ. դեկտեմբերին և 2012 թ. հունվարին գրանցված խախտումների արդյունքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող և վիրավորվել է մեկ խաղաղ քաղաքացի: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակել են ինտենսիվ գնդակոծության ենթարկել Ադրբեջանի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակետերը` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի դիրքերից, այլև Հայաստանի տարածքից,- ասվում է այդ հայտարարության մեջ:

Ոմանք, իհարկե, կհավատան այս կեղծիքին, կգտնվեն Ադրբեջանին ցավակցող համախոհներ, իսկ ոմանք էլ, հոգնած ադրբեջանական կեղծիքից, պարզապես կաշխատեն իրենց հեռու պահել:

Մեր ստահակ հարևանն այս ձևով նաև փորձում է հասնել նրան, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կորցնի իր հանդեպ հետաքրքրությունը: Սա ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի կարողանա կյանքի կոչել շանտաժի նոր մեթոդաբանությունն ու ծրագրերը, որոնք անհատնում են նրանց ուղեղներում: