«ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» համոզված է ՀՀ նորընտիր նախագահը


ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը բաց և հրապարակային քաղաքականության կողմնակից է: Այս առումով նա, ըստ էության, պատրաստվում է Ռ. Քոչարյանի նախագահության տարիների նույնատիպ գործելաոճին նոր շունչ հաղորդել: Ս. Սարգսյանի թե° վարչապետության և թե° Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանը ավելի ու ավելի ակնհայտ էին դարձնում այս մոտեցման հանդեպ վերջինիս ունեցած դրական վերաբերմունքը: Ընդհանուր առմամբ, ցանկացած պաշտոնյայի գործունեության թափանցիկությունը միշտ է կարևորվել, սակայն մի դեպքում կամ տվյալ գործչի համարձակությունը չի բավարարել` այն էլ հեռուստաէկրանի առաջ խրթին հարցերի պատասխանալու, մի այլ դեպքում` ինչ-ինչ պատճառաբանությամբ ժամանակ չի գտնվել: Իսկ ավելի հաճախ, պարզապես, հայրենի պաշտոնյաներն ու քաղգործիչները (եթե հաշվի չառնենք առանձին բացառությունները) խուսափել են հանրության կարծիքն ու քննադատությունը լսել… Անկախ ձևավորված ընդհանուր մոտեցումներից` միայն այն հանգամանքը, որ ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում Սերժ Սարգսյանին համացանց օգտագործողների կողմից շուրջ երեք հազար հարց ուղղվեց, ուրիշ ոչինչ, քան նման հարցազրույցների անհրաժեշտությունն է կարևորվում: Ավելին, նորընտիր Նախագահի խոստումը` նոր կառավարության ձևավորումից հետո նույն ձևաչափով ևս մի հարցազրույց կազմակերպելու մասին, արդեն իսկ հուշում է հրապարակային հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնելու նրա ծրագրի մասին: Ս. Սարգսյանը գտնում է, որ. «Սա շփման այն ձևն է, երբ պատասխանողը պարտավոր է պատասխանելու անխտիր բոլոր հարցերին, իսկ հարց տվողները կարող են չներկայանալ և անանուն հարցեր ուղղել»: Ձևաչափը մյուս հնարավոր տարբերակներից լավագույնը համարելով` հուսանք, որ խոստացված հաջորդ հանդիպմանը ներքաղաքական, իսկ ավելի կոնկրետ` ընտրություններին հաջորդող օրերին տեղի ունեցած իրադարձություններին առնչվող հարցադրումներն էապես նվազած կլինեն, և հանրությանը հուզող խնդիրները գերազանցապես նոր ձևավորված կառավարութ յան անելիքներին ու ծրագրերին կառնչվեն: Նորընտիր Նախագահը ևս գտնում է, որ այսօր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի մեղքի աստիճանի, այլ ավելի շատ ողբերգության հետևանքները վերացնելու մասին է պետք մտածել. «Իմ կարծիքով, դրա ամենաճիշտ ճանապարհը լավ աշխատանքը, մեր հասարակության մեջ բարեփոխումների իրականացումը կլինի,- վստահեցնում է Սերժ Սարգսյանը,- ամենաճիշտ ճանապարհն այն կլինի, որ մեր առաջին սկզբունքային քայլերից հետո մեր ժողովուրդը համոզվի, որ ճիշտ ընտրություն է կատարել»: Կառավարության կազմում փոփոխություններ կատարելու նախընտրական շրջանում տրված խոստումը չշրջանցելով` Ս. Սարգսյանը չի կարծում, թե անհրաժեշտ է. «ամեն ինչ և բոլորին փոխել»: Ավելի շատ բարեփոխումների շարունակականության կողմնակիցը լինելով` նա վստահեցնում է. «Երբ ասում էի, որ նախարարը, ով աշխատում է ընդամենը տասը ամիս և կարծես սկսում է տիրապետել իր ոլորտին, կոպիտ սխալներ չի արել, արդյո՞ք իմաստ ունի փոխել նրան միայն այն պատճառով, որ փոփոխությունները շատ լինեն»: Հակառակ պարագայում ուղղակիորեն հակասություն կառաջանար Ս. Սարգսյանի գլխավորած կառավարության վերաբերյալ արդեն հայտնի գնահատակնների շուրջ: Նա բազմիցս նշել է, որ գոնե իր կարծիքով` իր գլխավորած կառավարությունն ակտիվ է աշխատել. 13,7 տոկոսանոց տնտեսական աճ է ապահովվել, այս տարվա բյուջեն գրեթե կրկնապատկվել է, բազմաթիվ օրախնդիր սոցիալական հարցեր են լուծվել և այլն: Նման գնահատականների խոստումնալից համատեքստում, ինչպես ասում են, համատարած կադրային ջարդ կազմակերպելը պարզապես տրամաբանական չի լինի: Մանավանդ, որ նորընտիր Նախագահը նախատեսում է հենց այնպես, ուղղակի ինչ-որ նոր քայլ կատարած լինելու համար փոփոխությունների չգնալ: Փոխարենը` հարցազրույցին զուգահեռ կարմիր թելի պես անցնում է երկրի ապագայի համար կոնկրետ ծրագրեր ներկայացնող քաղաքական ուժերի համախմբման, նորացված և ավելի ընդգրկուն կազմով կոալիցիա ձևավորելու գործնական ծրագիրը: Այս առումով Ս. Սարգսյանը թեև չի շտապում ամեն ինչ մինչև վերջ կոնկրետացնել` նախքան կառավարության նոր կազմի ձևավորումը, սակայն ակնհայտ է տրամադրվածությունը Նախագահի արդեն նախկին թեկնածուների, նրանց ղեկավարած թիմերի և հաղթած թեկնածուի համագործակցությունը կայացնելու պատրաստակամությունը: Իր կողմից ղեկավարվելիք նոր կառավարության գործունեության առաջնահերթությունների շարքում Սերժ Սարգսյանն առանձնացնում է հատկապես երկու կարևորագույն բնագավառներ, որոնք շատ վաղուց հատուկ ուշադրության են արժանի: Նախընտրական քարոզարշավի շրջանում գյուղատնտեսությանը վերապահված առանձնակի կարևորությունն առաջիկայում լրջագույն ծրագրի է վերափոխվելու: Այն, ըստ Ս. Սարգսյանի. «դառնալու է ազգային ծրագիր, մանավանդ հաշվի առնելով համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները, մենք պարտավոր ենք զբաղվել մեր պարենային անվտանգությամբ: Եվ զբաղվելու ենք: Ընդհանրապես ընդունված է համարել, որ եթե երկիրը կարողանում է հիմնական ապրանքատեսակների 75 տոկոսն արտադրել, ապա կարողանում է ապահովել իր պարենային անվտանգությունը»,- հավաստիացնում է նորընտիր Նախագահը: Առաջիկա անելիքների շարքում նա կարևորում է նաև երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի հիպոթեկային վարկ տրամադրելու խնդիրը: «Երբ կառավարության ծրագրում մենք գրեցինք այդ մասին,- հիշեցնում է Սերժ Սարգսյանը,- և ես այդ մասին բազմիցս հայտարարեցի, որ երիտասարդ ընտանիքներն ունենալու են բնակարան ու ավտոմեքենա գնելու հնարավորություն, հենց դա նկատի ունեի»: Նորընտիր Նախագահը փաստում է, որ միայն անցյալ տարի Հայաստանի ֆինանսական շուկա են մուտք գործել հինգ խոշոր բանկեր, ինչն էլ ավելի էժան, հետևաբար` մատչելի վարկեր է խոստանում առաջիկայի համար: Այս ամենին, ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է հասնել միայն տքնաջան աշխատանքի արդյունքում: «Միայն գործով կարող ենք հասնել հաջողությունների»,- ծավալուն հարցազրույցի ընթացքում այսպես է առաջիկա անելիքներն ամբողջացնում Հանրապետության գործող վարչապետն ու նորընտիր Նախագահը: