«ՄԻ°ՇՏ ՊԱՏՐԱՍՏ` ԺՊՏԱԴԷՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅՆ, ՈՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ»


Միշտ չէ, որ մեզ շրջապատողներին գնահատում ենք մեր կողքին նրանց ներկայության պահին. կորցնելուց հետո ենք չափում շատերի մեծությունը` ամեն պահի նրանց պակասը զգալով: Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ, այս առումով, այն երջանիկ սակավներից էր, ում անձն ու գործն արժևորվեցին հենց կենդանության օրոք: Ավելին` պաշտոնավարման ընթացքում: Եվ գնահատանքն այդ հանուրի սե°րն էր, հավա°տը, հարգա°նքը: Իր անժամանակ հեռացումով նա միայն հնարավորություն տվեց... անկաշկանդ արտահայտվել իր մասին: Արդեն մեկ տարի մեր կողքին չէ նա: Բայց, կարծես շարունակում է մնալ ապրողների հետ` աներևույթ իր ներկայությամբ: Իր սիրած երկրից, որի անկախության ձեռքբերման պետականության կերտման գործում մեծ ավանդ ներդրեց, նա հեռանալ չի° կարող: Ավելին, տարիներ շարունակ գահավիժող տնտեսությունը նա հետ բերեց իսպառ կործանման անդունդից` առաջընթացի հիմքերն ամրագրելով: Քաղաքականությունը նույնպես նրա առաջնահերթ մտահոգությունների ոլորտում էր: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը նախ գործով է փաստել, ապա ամենատարբեր առիթներով իր ղեկավարած քաղաքական կառույցի մասին խոսելիս` արձանագրել է, որ ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից. «Հայ ազգի գերագույն նպատակը հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման ռազմավարական ու մարտավարական խնդիրների լուծման հիմքը ազգային գաղափարախոսությունն է…»: Բարեբախտաբար` Հանրապետականի պարագայում ազգայնականությունը ինքնապաշտպանության, արժեքների պահպանման, ազգային դիմագիծը չաղարտելու սկզբունք է, գործունեության ծրագիր: Մինչդեռ կուսակցականությունը քաղաքական որոշ ուժերի համար կուսակցամոլության «շառավղից» դուրս չի գալիս: Ու, մանավանդ, վերջին տարիներին, այդ երևույթն «ինքնատիպ» դրսևորումներ արձանագրեց. ոչ թե ստեղծվում, այլ եղածների մասնատումով բազմանում էին դրանք: ՀՀ նախագահի նախընտրական մեկնարկից առաջ, թերևս` բարեբախտաբար, գաղափարական որոշ զինակիցներ վերստին իրար կողքի կանգնեցին: Եվ մեր երկրին պատուհասած դժնի այս օրերին, մտովի դիմում եմ նրան. - Ձեր նկատառումներից մեկը` «Ցանկացած կուսակցության համար առաջնահերթություն է քաղաքական գործընթացներում մասնակցություն ապահովելը»: Այդպես է, իհարկե, բայց քաղաքական այդ միավորների մեծամասնության համար մի տեսակ ինքնանպատակ ու ձևական է դառնում մասնակցությունը: 2007-ի խորհրդարանական ընտրությունները ասվածի լավագույն վկայությունն են` ժողովրդի վստահությունը վայելելու առումով: Ու դժվար չէ գտնել այս և հրատապ այլ հարցերի պատասխանները` նրա ելույթներով, տարբեր հարցազրույցներում: Ահավասիկ. - Այն ծրագիրը, որ կուսակցությունները դնում են իրենց առջև, վերջին հաշվով միտված է ժողովրդի վիճակի բարելավմանը: 1991 թ. պաշտոնապես գրանցվելուց հետո, Հանրապետականը հայտարարեց, որ ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից: Մենք մշտապես գտնվել ենք մեր պետության համար կարևորագույն իրադարձությունների կիզակետում, մեր անմիջական, նաև վճռորոշ դերն ունեցել առանցքային խնդիրների լուծման գործում: Սա մեր քաղաքական, նաև քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է եղել, մեր սկզբունքային մոտեցումը: Մեզ համար կուսակցական շահը մշտապես ստորադասելի է եղել պետական շահին: Եվ մենք, պետության համար դժվարին իրավիճակներում, կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ ու, գեղեցիկ խոսքերի փոխարեն, գործով ապացուցել, որ կուսակցությունն, այո, ընդամենը գործիք է` ազգի խնդիրները լուծելու համար: Մեր կենսագրությամբ ու գործունեությամբ մենք ապացուցել ենք, որ Հանրապետականը գործի կուսակցություն է և չի տառապում «ամբոխահաճություն» կոչվող վտանգավոր հիվանդությամբ: - Հավատացե°ք` մեզանում ձևավորված ընտրությունների ավանդույթը խոցելի է այնքանով, որ ոչ թեկնածուն(երը) և ոչ էլ ընտրողները ընտրվողի հետագա գործունեության մասին չեն էլ մտածում: Մի տեսակ ինքնանպատակ խաղ է ընտրությունը` շատերի համար,- շարունակում եմ մտովի զրույցը նրա հետ: - Ընտրություններն ինքնանպատակ չե°ն. ընտրությունների ընթացքում պետք է կարողանանք ստեղծել այնպիսի վստահության մթնոլորտ, որ ժողովուրդը հավատա ընտրվողին, և ընտրվողը հնարավորություն ունենա իր պաշտոնավարության ընթացքում ` լինի պատգամավոր, թե նախագահ, լիիրավ տրվելու իր գործունեությանը: Այնինչ, այսօր ընտրվում ենք և սկսում ընտրվելու հետ կապված գործընթացների հետևանքները վերացնել… Ցանկացած ընտրությունից ոչ բոլորն են գոհ լինում, որովհետև մասնակցում են բազմաթիվ մարդիկ, ընտրվում է մեկը: Բայց դա չի նշանակում, որ այդ գոհ չլինողները պետք է շարունակեն իրենց վերաբերմունքը մնացած բոլոր տարիներին: Մենք պիտի կարողանանք քաղաքական որոշակի մշակույթ ձևավորել… - Ակամա` Նժդեհին հիշեցի. «Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը… Մարդկային մի տեսակ կա, որն իր հանդեպ ցուցաբերվող բարյացկամությունը ոչ թե դիմացինի բարեհոգությունը, այլ սեփական արժանիքն է համարում: Սա` ընդհանրապես: Իսկ հատկապես նախընտրական ժամանակահատվածը թե ինքնամեծարումի ի¯նչ շեփորահանդես է դառնում… Քաղաքական ստախոսություն` ինքնագովության տեսքով, հայհոյանք, կեղծիք, բանսարկութ յուն, դավեր,- ահա սրա «կուսակցաշեն գործունեությունը»: Ասես հենց մեր օրերի մասին է ասված, մեր քաղգործիչների ու քաղուժերի մեծամասնության մասին, որոնք ընտրությունից ընտրություն են ակտիվանում` մոռանալով սեփական հեղինակության բացակայությունը կամ, պարզապես, ընտրողների մոռացկոտության (գուցեև` անտարբերության) վրա հույս դնելով: - Այո, ներքաղաքական կյանքում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ևս մտահոգիչ է մեզ համար: Հասկանալով, որ ցանկացած ընտրություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, սեփական ակնկալիքները չարդարանալու պատճառով` դժգոհների առկայություն, մենք հույս էինք հայտնել, որ այդ ամենը թշնամանքի չի վերածվի, և մրցակցած ուժերն ու անհատները ընտրություններից հետո հանդուրժող կլինեն միմյանց նկատմամբ: Սակայն բոլորը չէ, որ կարողացան վեր կանգնել անձնական կամ կուսակցական նեղ շահերից: Մենք մեր ջանքերն այսուհետ էլ ուղղելու ենք երկրի ներսում հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը, քաղաքական ուժերի միջև համագործակցության և բնականոն հարաբերությունների ձևավորմանը: