ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ «Մնում եմ ճամփիդ...»


…Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը, Գոզալը լաց կլի, կընկնի արցունքը Գերեզմանիս մարմար քարին կմնա... Ե. Չարենց 1990թ. մայիսին Արմեն Պետրոսյանը, դպրոցը նոր ավարտած մի երիտասարդ, ուխտեց հայրենիքի զինվոր դառնալ: Դեռ մանկության չքնաղ միամտությունն ու պարզությունը չթոթափած, նոր կյանք չմտած, իր ասելիքն ու անելիքը դեռ լիովին չպատկերացրած, աշխարհի չարն ու բարին չճանաչած երիտասարդը, սակայն, հոգու խորքում այր էր մի հասուն: Ականջալուր եղավ հայրենիքի կանչին: Հասկացավ, որ ինքը պետք է հայրենիքին, որ ձեռքը զենքի սովորեցնելու ու թշնամու արյունը հեղելուց չվախենալու ժամանակն է: Կանգնեց մոր առաջ: Մայրը վախեցավ. «Քո ի՞նչ ժամանակն է պատերազմելու, սիրտս վատ բան է վկայում, փորձանք ես բերելու գլխիդ»: Մոր մտավախություններին որդին կատակով պատասխանեց. «Փորձանքը որ գա` տանը նստած տեղն էլ կգա»: Իսկ հետո ավելացրել էր. «Որ մենք` ջահելներս, վախենանք ու չգնանք կռվելու, էլ ո՞վ պիտի պաշտպանի մեր հայրենիքը»: Հրամանատարն էլ չէր համաձայնել նրան մարտի դաշտ ուղարկել: Արմենը համառել էր, երեկոյից մինչև լուսաբաց նստել էր հրամանատարի դռանը, ապացուցել, որ պիտի անպայման գնա մարտադաշտ: Սիրած աղջիկը` Լիլիթը, լուռ լաց էր եղել. երազների տղամարդը` թիկնեղ ու գեղեցիկ Արմենը, հեռանում էր: Արդյոք ետ կգա՞ր, արդյոք կրկին կտեսնե՞ր նրան... Մի օր էլ գիշերով Արմենը ծեծել էր Լիլիթի սենյակի պատուհանը` ձեռքին սպիտակ մի վարդ: «Շատ չտխրես,-ասել էր Արմենը,- գալու եմ քեզ էլ տանեմ. վիրավորներին օգնություն ցույց տալու համար այնտեղ բուժքույրեր շատ են անհրաժեշտ»: Հետո ավելացրել էր. «Պատերազմից հետո երկուսով հետ կգանք, մի լավ հարսանիք կանենք ու մեր առաջնեկի անունն էլ Անդրանիկ կդնենք` մեր անպարտելի զորավարի անունով»: Կսմթել էր Լիլիթի այտն ու հեռացել: Շտապել էր հաջորդ օրն իսկ հրաժեշտ տալ բոլոր ընկերներին, հարազատներին, ծանոթներին. չլինի՞ թե հանկարծ որևէ մեկի համար ժամանակ չմնա: Վերջին անգամն էր սա, որ հարազատներն ու ընկերները տեսան Արմենին: Արմենն այսուհետ պիտի մնար շատերի մտքում որպես հուշ: Բարեկամների հոգում` որպես բարի, ընկերների հոգում` որպես ազնիվ, անաչառ, ուսուցիչների` ջանասեր, աղջիկների` որպես թառլան Արմեն: Բոլորի սրտից արյուն ու աղի արցունք քաղելով` նա գնաց... գնաց, որ էլ երբեք չվերադառնա... Ծնողների սրտում նա մինչև այսօր էլ կենդանի է: Մայրը մտքում ամեն օր խոսում է նրա հետ, ասես որդին կողքին նստած է: Իսկ Լիլիթը... Ասում են ժամանակը բուժում և սպիացնում է բոլոր վերքերը: Մինչդեռ Լիլիթի սրտի վերքերը բաց են, մորմոքում ու տանջում են նրան: Ամուսնացավ Լիլիթը: Ունեցավ երկու որդի: Մեծին կոչեց Անդրանիկ, փոքրին` Արմեն` ի հիշատակ իր առաջին, անկեղծ ու մեծ սիրո: Սրտում անթեղած այդ մեծ սիրո կարոտը, կորստի ցավն ու կսկիծը, ճակատագրի ու աշխարհի նկատմամբ բողոքով լցված` Լիլիթն ամուսնու ու որդիների հետ ծաղիկներ է տանում Արմենի գերեզմանին` սպիտակ վարդեր: Շաղ է տալիս սպիտակ թերթերը շիրմաքարին ու դրանց հետ սպիտակ արտասուքով ողողված սպիտակ տողեր.. Իմ վաղեմի, իմ հարազատ արևհամ, Վերադարձիր, ճանապարհիդ ես էլ կամ Չէ՞ որ խոսքիդ, խոստումներիդ լրջորեն Ես քո ճամփին սպասում եմ ջանորեն... Արմինե Պողոսյան ԵՊՀ ուսանողուհի