ԱՄՆ-ը ստիպված կլինի երկար հատուցել իրաքյան պատերազմի համար


Իրաքում ռազմական գործողությունների համար ամերիկյան իշխանություններն արդեն ծախսել են շուրջ 415 միլիարդ դոլար: Թվում է, թե այդ գումարը չէր կարող լուրջ վնաս հասցնել երկրի 14 տրիլիոն դոլարանոց տնտեսությանը: Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, փորձագետների մեծամասնությունն այլ տեսակետ ունի: Նրանց կարծիքով, խնդիրն այն է, որ այդ պատերազմի համար Միացյալ Նահանգները ստիպված է մշտապես միջոցներ փոխառնել ուրիշ պետություններից: Ընդ որում, ամեն անգամ երկարաձգվում է պարտքերի մարման ժամկետները: Եվ վերլուծաբանները նշում են, որ Իրաքի դեմ ռազմական գործողությունները վերջնահաշվում կարող են ցավագին հարվածել ԱՄՆ տնտեսությանը, որը subprime մակարդակի վարկերի ճգնաժամից հետո այլևս լավ վիճակում չէ: - Երբ ԱՄՆ-ը նոր էր զորքեր մտցրել Իրաքի հանրապետություն, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ պատերազմը երկարատև կլինի: Բայց հիմա` 5 տարի անց, սկսում են հասկանալ, որ հետևանքները կարող են անհաճո լինել,- ասել է Economy.com կայքի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին: Փորձագետները նշում են, որ այդ պատերազմի պատճառով ամեն ամիս Նահանգների ներքին պարտքին (այն ներկայումս կազմում է 9 տրիլիոն դոլար) գումարվում է ևս շուրջ 10 միլիարդ: - Հիմա ոչ ոք չի կասկածում, որ Իրաքի հետ պատերազմը լավ հետևանքներ չի ունենա արդեն աղքատացող ամերիկյան տնտեսության համար,- գտնում է Brookings institution-ի տնտեսագետ Դուգ Էլմենդորֆը: 2003-ին, երբ ԱՄՆ զորքերը նոր էին Իրաք մտնում, քչերը կարող էին պատկերացնել, որ այդ գործողություններն ամենից առաջ ամերիկացիների վրա են անդրադառնալու: Տեղին է նշել նաև, որ այն ժամանակ ամերիկյան իշխանությունները պատերազմական ծախսերն արդարացնում էին այն փաստով, որ երկիրը լավ շահույթ կունենա իրաքյան նավթից և կկարողանա առանց խնդիրների մարել արտաքին պարտքը: Սակայն փորձագետներն այսօր այլ բան են փաստում. ժամանակն անցնում է, իսկ այդ պատերազմից շահույթ ստացան բոլորը` բացի ԱՄՆ-ից: Օրինակ, շոշափելիորեն հարստացան Իրաք զենք մատակարարող երկրները: Վատ չվաստակեցին նաև Բաղդադում պայմանագրով աշխատողները: Բայց ամերիկացիներն իրաքյան նավթի գեթ մի բարել էլ առայժմ չեն տեսել և դրանից ոչ մի շահույթ չեն ստացել: Միակ հույսը, որ կարող են ունենալ` ծախսերի հետագա աճն է իրաքյան գործողությունների վրա, որոնց ավարտը դեռևս տեսանելի չէ: Իրաքում պատերազմը բացասական անդրադարձ ունեցավ նաև նավթի միջազգային շուկայում: Եթե 2003 թ. սև ոսկու մեկ բարելը վաճառվում էր 37,21 դոլարով, հիմա այն արժե 110 դոլար և բոլոր հիմքերը կան հավաստիացնելու, որ աճի այդ միտումը դեռ պահպանվելու է: - Նավթի գները չեն համապատասխանում շուկային: Պահանջարկն այնքան չի գերազանցում առաջարկին, որպեսզի նավթն այդքան թանկ արժենա: Գնաճին հիմնականում նպաստում է հատկապես քաղաքական անկայունությունը` Մերձավոր Արևելքում,- գտնում է Ռոբերտ Էբելը: Իսկ Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Շտիգլիցը նշել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է մնալ ամենախոշորն աշխարհում. - Խնդիրն այն չէ, թե ԱՄՆ-ը կարո՞ղ է 3 կամ 5 տրիլիոն դոլար ծախսել պատերազմի վրա: Խնդիրն այն է, թե դա ինչպես կանդրադառնա երկրի տնտեսության վրա, որը մինչ հիմա չի կարողանում հաղթահարել օգոստոսյան վարկային ճգնաժամի բացասական հետևանքները,- հավելել է նա: