«ԴՈ°Ւ, ԼԵՌՆԵՐԻ ԱՆՎԱԽ ԱՐԾԻՎ»


Դու, լեռների անվախ արծիվ, Սեգ սարերի դու պաշտպան, Սիրտս լի է քո վառ սիրով, Իմ աննման երկրաբան: (Սամվել ԳԵՎՈՐԳՅԱՆ) Ապրիլ ամսի առաջին կիրակին ավանդաբար նշվում է որպես Երկրաբանի օր: Եվ մասնագիտական փոքրիկ այդ տոնը լավագույն առիթ է դառնում, որպեսզի երկրի ընդերքն ուսումնա սիրող` ամենայն հարգանքի արժանի այդ մարդիկ շնորհավորեն միմյանց, շնորհավորանքներ ընդունեն նաև ուրիշներից` վերստին համոզվելով, որ իրենց ջանքերն ու աշխատանքն աննկատ չի մնում: Աննկատ չեն մնում, իհարկե, բայց, եթե ավելի անկեղծ` հասարակության կողմից չի էլ գնահատվում` ըստ արժանվույն: Մինչդեռ պետության համար կարևորագույն այդ ոլորտը որպես կյանքի ճանապարհ ընտրածներից շատերն արդեն իրենց ժառանգների հետ են կռիվ մղում լեռ ու քարի հետ` դրանց ընդերքի բացահայտումները հանսեփականությունը դարձնելով: Շնորհավորելով հայ երկրաբաններին իրենց գալիք տոնի առթիվ` ներկայացնում ենք բնագավառների երախտավոր մի գերադաստանի: Հոդվածն, ի դեպ, ներկայացրել է Կարապետյան տոհմի հարսը` նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ռուբենի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով նույնպես երկրաբանի դուստր է և երկրաբանի քույր: Մեր կողքին ապրում, արարում են գործին նվիրյալ անհատներ, ովքեր նույնպես ժառանգաբար փոխանցում են իրենց մասնագիտությունը: Ցավոք, երբեմն մենք քիչ գիտենք նրանց մասին, մինչդեռ նրանք էլ իրենց քրտնաջան և անխոնջ աշխատանքով, իրենց համեստ, բայց արժեքավոր լուման են ներդնում` մեր երկրի բարգավաճման ու կայացման գործում` հաղորդելով իրենց գիտելիքները, փորձը և ամենակարևորը` մասնագիտական ոգին և նվիրվածությունը` երեխաներին, այնուհետև` թոռներին: Այս ակնարկում պատմվում է երկրաբանության և մարկշեյդերական ծառայության ներկայացուցիչների մի դինաստիայի մասին: Նրանց մասին գրելու ցանկությունը ծագեց անսպասելի, երբ կյանքից վաղաժամ` 55 տարեկան հասակում, հեռացավ մի մարդ, որն իր կյանքի ապրած կարճ տարիները անմնացորդ նվիրեց իր մասնագիտությանը` երկրաբանությանը: Հայաստանի երկրաբաններին քաջ հայտնի է Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ անունը. մարդ, ով առանձնանում էր իր բարձր պրոֆեսիոնալիզմով և նվիրումով մասնագիտությանը: Դա կարող էր զարմանալի չլինել, եթե չբացահայտեինք նրա կենսագրության որոշ էջերը: Ծնողները, հանձին նրա, տեսնում էին ապագա երաժիշտ-դաշնակահարի, քանզի հաջողությամբ սովորել և գերազանցությամբ ավարտել էր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցը` պրոֆ. Աննա Ամբակումյանի դասարանը: Ահա այսպես է հիշում նրա մասին Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի, Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Տատյանա Բագրատի Հայրապետյանը. - Գագիկը բացառիկ ընդունակություններով օժտված, ես կասեի տաղանդաշատ պատանի էր, ուներ մեծ հեռանկարներ: Մենք նրա հետ մեծ հույսեր էինք կապում, քանի որ դաշնակահար տղաներ դպրոցում քիչ ունեինք: Ցավում և ափսոսում եմ, որ նա չշարունակեց երաժշտական կրթությունը: Ի զարմանս շատերի` Գագիկ Կարապետյանն ընդունվեց ոչ թե կոնսերվատորիա, այլ Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որը նույնպես ավարտեց գերազանց գնահատականներով: Հետևյալ կարծիքն է հայտնել Գագիկի մասին նրա համակուրսեցի, այժմ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Էկոլոգո-նոոսֆեր» հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Կառլենի Սաղաթելյանը. - Գագիկն այն սակավաթիվ երկրաբաններից էր, ովքեր իրենց ամբողջ գիտակցական կյանքն անցկացրին դաշտային պայմաններում` հավատարիմ մնալով ընտրած մասնագիտությանը և բարձր պահպանելով տղամարդկային արժանապատվություն, ընկերասիրություն և պատվախնդրություն հասկացությունները: Դեռևս իր վախճանից 10 օր առաջ նա ինձ հետ քննարկում էր հանքաքարերի գնահատման նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Այսպիսով, իրականացավ Գագիկի փայփայած երազանքը` շարունակել հոր գործը: Հայրը` ծնունդով ալաշկերտցի Մկրտիչ Կարապետյանը, ճանաչված որպես Մուկուչ Կարպովիչ, դեռ 40-ական թվականներին ավարտելով լեռնամետալուրգիական տեխնիկումը և որոշ ժամանակ որպես կառավարիչ աշխատելով Ալավերդու պղնձամոլիբդենային հանքում, շարունակեց իր կրթությունը Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման (ՈֆՐՏՒՏՑՏրՖպՎՍՈ) և քարտեզագրության ինժեներների ինստիտուտում: Վերադառնալով հայրենիք` նա ակտիվորեն ընդգրկվեց երկրաբանա-գեոդեզիական ոլորտի աշխատանքների առաջատար օղակներում, պաշտոնավարեց մի շարք հիմնարկներում` Անդրկովկասի գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության լիազոր, Հայաստանի գյուղատնտեսական նախարարության Հողաշինարարության վարչության պետ: Ապա Երկրաբանական վարչության տոպոհանույթային արշավախմբի պետն էր և, վերջապես, «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենը: Մկրտիչ Կարապետյանին իրավամբ կարելի է համարել Հայաստանում գեոդեզիայի հիմնադիրներից մեկը, որը պատրաստել է իր սերնդի լավագույն ավանդույթները շարունակողների մի ամբողջ համաստեղություն: Հայրենիքն էլ արժանապատիվ գնահատել է նրան` պարգևատրելով պետական պատվավոր բազում մրցանակներով և պատվոգրերով: Մասնագիտության նկատմամբ սերն ու աշխատասիրությունը Մկրտիչ Կարապետյանը, կարելի է ասել, ենթագիտակցաբար փոխանցեց իր միակ զավակին` Գագիկ Կարապետյանին: Ունենալով բոլոր հնարավորությունները` ընդունվել ասպիրանտուրա և գիտական առաջընթաց ապահովել ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում, Գագիկ Կարապետյանն իր աշխատանքային գործունեությունը սկսեց փոքրագույնից` որպես տեխնիկ-երկրաբան աշխատանքի անցավ Մեղրաձորի արշավախմբում: Լինելով իր գործի անխոնջ մշակը, երբեք չվախենալով դժվարություններից` Գագիկ Կարապետյանը միշտ ընտրել է օգտակար հանածոների հետախուզության ամենաբարդ օբյեկտները` Հրազդան, Բջնի, Ապարան, Իջևան, Վարդենիս, Սպիտակ, Գորիս, Մեղրի…: Սա դեռ իր աշխատավայրերի լրիվ ցանկը չէ: Հեղինակ է մի քանի տասնյակ երկրաբանահետախուզական աշխատանքների (մետաղային և ոչ մետաղային հանքավայրերի ու հանքերևակումների) հաշվետվություններ, որոնցում տրվել է դրանց որակաքանակական գնահատականը: Պրոֆեսիոնալիզմի աճի հետ մեկտեղ եկավ և վստահությունը` նա ղեկավարեց տարբեր երկրաբանական օղակներ` Կենտրոնական, այնուհետև Կոմպլեքսային երկրաբանա-երկրաֆիզի կական արշավախմբերը: Չնայած սրտի անբավարարությանը և ոտքի վնասվածքին, Գագիկ Կարապետյանը մինչև կյանքի վերջին րոպեները չհանձնվեց և չիջավ ի°ր ու իրենը դարձրած լեռնային բարձունքներից` մնալով որպես լավագույն օրինակ երիտասարդ մասնագետներին: Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու Մարատ Արեսի Գրիգորյանը այսպես է արտահայտվել նրա մասին. - Կարապետյան Գագիկը լրացրեց բարձրորակ դաշտային մասնագետների շարքերը: Նրան մենք ամբողջությամբ վստահում էինք մեր ֆակուլտետի շրջանավարտների պրակտիկ ուսուցումը: Նա երիտասարդներին էր փոխանցում ոչ միայն իր գիտելիքների պաշարը, այլ նաև իրեն բնորոշ հատուկ նվիրվածությունն ու էնտուզիազմը: Գագիկ Կարապետյանը, ինչպես իսկական երկրաբան, գիտեր ընկերների հետ կիսել հացի իր կտորը և կենսական բոլոր ռեսուրսներն ու ներուժը` տրակտորիստներից և հանքափորերից մինչև խորհրդատու-տեսաբաններ ու ակադեմիկոսներ: Իր մտորումները, անհանգստությունները և պարզապես առօրյա զրույցները շարունակվում էին արդեն տանը: Պապի և հոր հետքերով գնաց նաև ավագ որդին` Մկրտիչ Գագիկի Կարապետյանը: Կրտսեր Մկրտիչ Կարապետյանը, ավարտելով Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, արդեն մի քանի տարի աշխատում է բնապահպանության ոլորտում: Շատ ենք ցանկանում հավատալ, որ նա ամենայն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ կշարունակի հոր և պապի գործը` հավատարիմ նրանց պատվախնդրությանը: Կասկածելու առիթ չունենք, որ իր ընտրած այս դժվարին, բայց և անհրաժեշտ ու հետաքրքիր ասպարեզում Գագիկն անպայման կլինի Կարապետյան երկրաբանների արժանի հետնորդը:

Գայանե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ