ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ «Չինովնիկը լավ թատրոն է ուզում...»


1. Առաջին հերթին` ազգային դրամատուրգիա Արդի հայ թատերարվեստի բովանդակության մասին հասարակությանը մասնագիտորեն իրազեկելու լուրջ հավակնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության հուսալի հովանու ներքո, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (նախագահ` Ռուբեն Բաբայան) անցկացրեց «2007-X» թատերական շաբաթը: Թատրոնի միջազգային օրը կարևորող հրաշալի նախաձեռնություն: Ըստ կազմակերպիչների, ցուցադրված, «հեղինակային փորձարարական» որակված, 8 ներկայացումների բաց քննարկումները, ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի (աշխատակից` Արա Խզմալյան) ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության ամբիոնի (վարիչ` Գրիգոր Օրդոյան) ուղղորդմամբ, բացահայտելու էին մեզանում առկա գեղագիտական զարգացումները: - Այս փառատոնի արդյունքների հիման վրա կճշգրտվի, թե որքանով է հարկավոր հանդիսատեսին թատերական ներկայիս առաջարկը,- շաբաթվա մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարը:- Ակնկալում եմ լավ կռիվ` գաղափարների, մոտեցումների, մասնագիտական վերլուծություն, գնահատություն: Մասնագիտական, ոչ` չինովնիկական: Չինովնիկը լավ թատրոն է ուզում: Պետության դիրքորոշումը 2006-ից միանգամայն հստակ է` զարկ տալ ազգային դրամատուրգիային` հիմնական բազա ունենալով Սունդուկյանի թատրոնը: Ի դեպ, անցյալ տարի 28 ներկայացման պետպատվեր է եղել: Թե հանձնված 25-ից ինչու չեն առանձնացվել այլ աշխատանքներ ևս, այնքան էլ պարզ չէ: Մանավանդ որ` թատերական շաբաթվա ծրագրում ընդգրկվածներից 2-ի («Չե՞ս պարի ինձ հետ», «Փնտրվում է տղամարդ») առաջնախաղերը բոլորովին վերջերս են տեղի ունեցել: Իսկ «Մեր ծնողների նևրոզները» և «Երկնագույն երկրագունդ» թատերախաղերին արվեստասեր հասարակությունը ծանոթ է 2006-ից: Այսինքն, պարզ չէ նաև, թե ինչու են անտեսվել մայրաքաղաքային մյուս պետական թատրոնները: Մինչդեռ, արդի թատերական խմորումները հստակեցնելու տեսակետից, անպայմանորեն պետք էր ցուցադրել անտրեպրիզային «սուռոգատի» ցցուն նմուշներից ևս: Մեղմ ասած, «2007-X» խորագիրը որևէ, նույնիսկ խորհրդանշական, իմաստ չի կրում: («Թատրոն-X» բանավոր «սպրդումը» հետին թվով ճշգրտման ակնհայտ փորձ էր): Հընթացս արտահայտված նկատառումներից` ենթադրվում է, որ, կազմակերպիչների համոզմամբ, թատրոնի արդի խնդիրների շուրջ շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին աշխույժ բանավիճային երկխոսության տրամադրող ամենաբնութագրական դրսևորումները կարելի է գտնել հենց այս ներկայացումներում: Իմ խորին համոզմամբ, արդի հայ թատրոնի վաղվա բարձրարվեստ զարգացման ուղղութ յունները հստակ կանխորոշելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, առանձին-առանձին քննարկել գործող պետական թատրոնների խաղացանկերը: Ապա, անաչառ ու կայացնող դիտարկում ների համակարգմամբ, անսայթաք որոշել հետագա հաստատուն, արժանապատիվ գոյաձևը: Չեմ ժխտում, ազգային թատրոնի ինքնատիպությունը պահպանելու առումով նախապատվելի է ազգային դրամատուրգիայի բեմավորումը: Այդուհանդերձ: Արդյո՞ք այնքան հարուստ է մեր դասական ժառանգությունը ու գեղարվեստորեն արժեքավոր արդի դրամատուրգիական արտադրանքը, որպեսզի խթանի թատերական ներկայացման արարիչների երևակայության և մտքի թռիչքը: Լավ կյանքից չէ, որ հայ բեմադրիչները ապավինում են գրական արձակին, անգամ` չափածոյին: Իրենց հուզող համազգային, համամարդկային թեմատիկան ամբողջացնում հաճախ կոնկրետ հեղինակի տարբեր երկերում գտնված համարժեք դրվագների միավորմամբ: Ինտելեկտուալ լայն մտահորիզոն ունեցող փորձառու, տաղանդավոր արվեստագետները, փաստորեն, ակամա դրամատուրգներ են դառնում որևէ բեմադրության ձեռնարկելիս, երբ հարկադրված կամ ինքնակամ դիմում են հայ հեղինակներին: Ըստ որում, աշխատատար, բայց անհամեմատ դյուրին է գրական լիարժեք նյութի հավաքագրմամբ կամ դասական հատուկենտ, բեմադրական դարավոր ավանդույթներ ունեցող, քիչ թե շատ արժեքավոր թատերգությունների նորովի մեկնաբանությամբ հավաստել մեր գեղարվեստական մտածողության ազգային յուրահատկության գրավչությունը: Ինչ վերաբերում է արդի «ազգային» դրամատուրգիային… Արևմտյան կուռքերին ժամկետանց սիրահարվածության կնիքով, երբեմն հանրածանոթ գործերի «հնարամիտ» տեղայնացմամբ, սերիալամոլների սահմանափակ հոգևոր պահանջարկով, առավելապես ներանձնական, ըստ էության ապազգային, պարապ ընթերցանությանն ավելի հարիր հորինվածքները, որոնցով հիմնականում գերծանրաբեռն ված է ներկայիս գրական անդաստանը, պարզապես արգելակում են ստեղծագործող անհատի երևակայության սլացքը: Եթե նույնիսկ բեմ բարձրացվելու բախտին են արժանանում... Դրանց վերածնունդով բարյացակամորեն զբաղվողներից ոմանց այդպես էլ հնարավորություն և ժամանակ չի մնում կենտրոնացնելու իրենց ստեղծագործական ներուժն ու կենսական էներգիան` համաշխարհային չթզուկացող հսկաների նախընտրած գործերը թատերայնացնելու վրա: Աներևակայալիորեն դժվար է հավատալ, որ մինչև ապրիլի կեսերը երկարաձգված, Սարդարապատի թեմայով հայտարարված մրցույթին ներկայացվելիք որևէ պիես (եթե լինի էլ) հիմք կհանդիսանա Մայր թատրոնին վայել ներկայացման համար: Գուցե պետք չէ՞ կաղապարել դրամատուր գիական փորձեր անողների միտքը կոնկրետ թեմայով: Ցանկալի դրական տեղաշարժի, երևի թե, կարելի է հասնել գրողական համայնքի և գործող թատերախմբերի սերտ համագործակցության արդյունքում: Եթե այդ նպատակով տրամադրվող միջոցները, խելամիտ տնտեսավարությամբ, նորի ծնունդն ապահովող ներարկումների կենսունակության ուժ ստանան ստեղծագործական յուրատիպ լաբորատորիայում: Ըստ իս, հանիրավի է կաղապարել մեծ բեմահարթակներում ստեղծագործող թատերախմբերի, հատկապես Մայր թատրոնի գործունեությունը ազգային դրամատուրգիայի նեղլիկ շրջանակներում, երբ քսանմեկերորդը միջազգային թատերաբեմում ընդունվում է որպես հեղինակային թատրոնի դար: Եթե կուզեք, հենց ազգային ակադեմիականում պետք է խրախուսել նորարարական փորձարարութ յունը` համախմբելով ուրույն գեղագիտություն զարգացնող կարող ուժերը: Եվ, բծախնդիր, կայացնող, հետևողական պահանջկոտությամբ վեր հանելով ստեղծագործական առաջընթացը գործնականում կասեցնող խոչընդոտները, ռեալ հնարավորություն ընձեռել ճշգրտելու մեր ժամանակներին համահունչ մտածելակերպն ու աշխատաոճը: Դուրս բերել տարբեր թատերակղզ յակներում գործող վառ անհատականություններին ներամփոփված վիճակից, համախմբել ստեղծագործական առողջ միջավայրում և լծակներ ապահովել` իրենց ներուժը առավելագույնս ներդնելու արդի հայ թատերարվեստի հետագա զարգացմանն ի նպաստ: 2. Տիկնիկին ներելի է, բայց... 2008-ի գարնանամուտը բնության զարթոնքի արտասովոր կենսական լիցքեր չհաղորդեց քաղաքական կրքերի բռնկուն շրջադարձից խուճապահար մարդկանց: Մայրաքաղաքում տարերայնորեն հաստատված արտակարգ իրավիճակից հոգեցունց մռայլով համակվածներից ոմանք, ասես բնազդաբար, ներգրավվեցին թատերական շաբաթի ոլորտում` գոտեպնդող հոգևոր-բարոյական փրկություն գտնելու հանապազօր հույսով: Անժխտելի է թատրոնի հրաշքի կենդանացնող զորությունը: Եվ, այդ զորության նկատմամբ ի սկզբանե ցուցաբերված պաշտոնական հատուկ վերաբերմունքով ամրապնդված հավատով, թատերասերները մեկտեղվեցին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի սրահում: Համընդհանուր անկումային տրամադրությունը ցրելու միտումով մտահղացված բացման թատերայնացված արարողությունը պետք է որ հեքիաթային բարությամբ նախապատրաստեր հավաքվածների մուտքը հանդիսասրահ: Մինչդեռ, առերևույթ կատակախառն տիկնիկային մանրապատումը, թատերական շաբաթի խաղացանկը ներկայացնելուն զուգընթաց, տիկնիկներին խոսեցնողների նպատակադրված խաղարկմամբ, հագեցավ անձնավորված անթաքույց հեգնանքով: Անհարկի և անբարեկիրթ, քանզի թատրոնի երգիծվող գործիչները որևէ կոնկրետ առնչություն չունեին «2007-X»-ի հետ: Արդյոք կարիք կա՞ր հանրապետության առաջին տիկնոջը և Մշակույթի նախարարին հրապարակայնորեն տեղ հասցնել արդի հայ թատրոնում կառուցողական լուրջ դերակատարություն ունեցող անհատների նկատմամբ տածած անհիմն չարակամությունը: Չեմ կարծում: Մանավանդ, եթե հավակնում ես նպաստավոր ուղիներ կանխորոշել-հայտնաբերել թատերարվեստի ընդհանուր զարգացման համար: Ընդգծված, ոչ մի կերպ չարդարացվող անհանդուրժողականությամբ անհնար է ապրեցնող խթաններ գտնել` արժանապատիվ ապագայի: Այն, ինչ ներելի է տիկնիկին, չի կարող իրեն թույլ տալ նրան կենդանացնողը… 3. Երկխոսության պաշտոնական հրավեր Տիկնիկայինի Փոքր բեմում տխրազվարթ բացմանը հաջորդած «Ակ-Ակ» բարձրաճաշակ ներկայացման (ըստ Գոգոլի «Շինել»-ի - բեմ.` Ռուբեն Բաբայան) առաջին իսկ տեսարաններից կլանվում ես գունագեղ բնութագրականությամբ աչքի ընկնող տիկնիկներով հյուսվող հանրածանոթ դրամատիկ պատումի նրբին շերտերում: Հմուտ տիկնիկավարների կցկտուր ձայնարկութ յուններով, պլաստիկ լուծումներով ուղեկցվող բեմական նպատակամետ վարքագծով ամբողջանում է «շինել» երևույթի գոգոլյան հատու երգիծանքին հարազատ ծաղրապատկերը: Արտասովոր կենդանություն ստանում ոչ միայն բազմաշնորհ դերասաններ Զարուհի Անտոնյանի, Աղասի Մելքոնյանի, Կարեն Խաչատրյանի և մյուսների համարժեք դերակատարումներով: Պարահանդեսի մունջ տեսարանով միայն խոսուն արտահայտչականությամբ ուրվագծվում է ցարական Ռուսաստանի ընդհանրացված կենսակերպը` անդրադարձնելով բոլոր ժամանակների նեղմիտ քաղքենիական բարքերի արտաքին փայլի տակ քողարկված ողջ գարշելիությունը: Բեմադրությունը, իհարկե, ինչ-ինչ աննշան «սրբագրումների» անհրաժեշտություն ունի: Կարևորը` ճշգրիտ գտնված է հիմնական ատաղձը: Բայց ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում գրեթե չհնչեցին եղածը կատարելագործման մղող էական նկատառումներ: Ոմանք արտահայտեցին սոսկ իրենց հիացմունքը: «Ամենագետները» հարկ համարեցին լրջախոհ ու անզիջում քննադատի կեցվածք ընդունել` շփոթելով քննելն ու նոր միայն դատելը դատափետելու հետ: Մասնագիտական ծանրակշիռ վերլուծություն չեղավ նաև հաջորդ ներկայացումների քննարկումների ժամանակ: Անմիջական տպավորությունների համեմատաբար անկեղծ պոռթկումների արժանացան «Անուշ»-ը (ըստ Թումանյանի - բեմադրիչ` Դավիթ Հակոբյան), «Դևը» (ամենևին էլ ոչ ըստ Լերմոնտովի - բեմադրիչ` Յուրի Կոստանյան) և «Չե՞ս պարի ինձ հետ» (ըստ Սարոյանի - բեմադրիչ` Արմեն Էլբակյան): Ցավոք, մասնագիտական կայացնող գնահատական չստացավ Լուսինե Երնջակյանի առաջին ամբողջական աշխատանքը` «Փնտրվում է տղամարդ» (ըստ Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը» պիեսի): Մինչդեռ, Լուիզա Ներսիսյանին ու Արշալույս Հարությունյանին հոգեբանական անցումներով ուշագրավ դերասանական դիալոգ գործնականում կայացնելու ցանկալի առիթ ընձեռած շնորհալի անփորձ ուսանողուհին մերկապարանոց գովեստներից ավելի հենց ուղղորդող բարի խորհուրդների էր կարոտ: Նաև` չընդմիջվող ինքնաբացահայտման հնարավորության: Բերֆուսի «Մեր ծնողների նևրոզները» (բեմադրիչ` Սուրեն Շահվերդյան) ոչ միայն թատերագիտական, այլև գրականագիտական հարկավոր խորությամբ չընկալվեց: Չնայած հանդիսաս րահում գերազանցապես թատրոնի մարդիկ էին: Ասենք, երիտասարդ բեմադրիչը արդեն վարժվել է «դրսում» մրցանակվելուց հետո միայն հայրենիքում պատշաճ ուշադրության արժանանալուն: Մի քանիսն իրենց ծայրահեղ ներքին ընդվզմանը անհասցե արտահայտություններով ազատություն տվեցին Փոքր թատրոնում` տխրեցնելով նույնիսկ տիկին Պողոսյանին, ով, բարեխղճորեն մասնակցելով գրեթե բոլոր քննարկումներին, հույս ուներ բարեկիրթ, իմաստալից երկխոսության` օրեցօր առավել լիարժեք հագեցվածություն գտնել տարբեր թատերասրահներում: Ցավալիորեն ակնհայտ դարձավ, որ մենք, ի թիվս այլ կորուստների, կորցրել ենք նաև ըստ էության և խաղաղ բանավիճելու, մտավորականի համար հատկապես պարտադիր, ունակությունը և կարողությունը: «Օֆելյայի ստվերների թատրոնը» (բեմադրիչ` Վահան Բադալյան) լուսաշող հեքիաթի ներշնչած լավատեսությամբ, ստուդիայի մանուկ դերասանների անմիջական դրսևորումների զարմանալի արտահայտչականությամբ, այդուհանդերձ, հաղթահարվեց ընդհանուր խանդավառությունը չխամրած հետահայաց մաղձի ժայթքումը: Դրամատուրգիական թերարժեք տեքստի հմուտ բեմավորմամբ, կուռ ասելիքով միասնական ոճական կառուցվածքում դերասանական երեք տարբեր սերունդների ներդաշնակ համաձուլվածքով` ջանադրաբար կոծկվող «փակ» թեմաների համարձակ մեկնաբանությամբ ցավագին սթափեցնող «Նևրոզներից» հետո ըստ Ցվետաևայի «Վիպակ Սոնեչկայի մասին» երկի (բեմադրիչ` Նարինե Գրիգորյան) արված «Երկնագույն երկրագունդ»-ը, ինչ խոսք, չէր կարող լիովին գոհացնել թատրոնում հաճելի ժամանց կամ լուսավոր իմպուլսներ միմիայն որոնող հանդիսատեսին: Բայց տիկնիկայինի Փոքր բեմում ստեղծված կամերային միջավայրում Զարուհի Անտոնյանի և Տաթևիկ Մելքոնյանի զուգախաղով խորացող դրամատիկական պատմության էլեգիկ բանաստեղծականությամբ անհնար էր չվարակվել: ...Եթե նույնիսկ արհեստականորեն գունազրկվում է կյանքը, միևնույն է, պահպանվում են երկու մշտակայուն երանգները` սևն ու սպիտակը: Պատահական չէ, որ դրանց հակադրումը խորհրդանշական իմաստ է ստացել չարի ու բարու հավիտենական պայքարի: Ուրեմն, եթե իսկապես մտահոգված ենք հայ թատրոնի բարձրարվեստ հեռանկարով, յուրաքանչյուրս մեր կարողությունների շրջանակներում, մեր իսկ օգտակար գործողության գործակցի բարձրացմամբ պիտի ջանանք նպաստել սպիտակի գերակայությանը: Ձերբազատվենք նեղանձնական մանրախնդրությունից` «թատերական շաբաթի» երկխոսության հրավերն ընդունելով որպես անչար համախմբման փոքր-ինչ ուշացած, բայց վաղուց հասունացած կոչ, օրվա հրամայական:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ