Մեծ բանաստեղծուհին (Մարիետա Շահինյանի ծննդյան 120-ամյակը)


Մարիետա Շահինյանը ծնվել է 1888 թ. մարտի 21-ին (ապրիլի 2-ին), Մոսկվայում, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Շահինյանի ընտանիքում: 1912 թ. ավարտում է Մոսկվայի Գերյեի կանանց բարձրագույն դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը, ապա, 1914 թ. սկզբներին, Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում մագիստրոսական թեզ ատենախոսում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական իշխանությունները նրան արտաքսում են երկրից: Գալով Ռուսաստան` բնակություն է հաստատում Դոնի Ռոստովի մոտակայքում` հայ տարագիրների կողմից կառուցված Նոր Նախիջևանում: Արվեստի պատմություն և գեղագիտություն է դասախոսում Դոնի Ռոստովի կոնսերվատորիայում, ծանոթանում թուրքական արնախում բորենիների ճանկերից մազապուրծ իրեն ծնած ժողովրդի կենցաղին, սովորույթներին, ինչպես նաև հայ մշակույթի, գիտության և այլ բնագավառների նշանավոր ներկայացուցիչ ների հետ: Ակտիվ մասնակցելով հրատարակվող ամսագրերին, լրագրերին, 1922 թվականին նա գործուղվում է նորաստեղծ Խորհրդային Հայաստան: 1923 թ. հրատարակում է «Խորհրդային Հայաստան» գիրքը: 1924-25 թթ. Մարիետա Շահինյանը «Մեսս-Մենդ» կեղծանվամբ գրում է մի շարք հակաֆաշիստական հոդվածներ և այլն: 1927-ին կրկին Հայաստանում է, այս անգամ Ջալալօղլիի (Ստեփանավան) շրջանի Քոլագիրան (Թումանյան) բնակավայրում: Կառուցվում էր Խորհրդային Հայաստանի առաջին հիդրոկայանը: Նա տեսնում է մղձավանջային տարիներին հաջորդող իր ժողովրդի վերածնունդը, աշխատանքային սխրագործությունները: 1931 թ. հրատարակվում է «Հիդրոցենտրալ» գիրքը, որի համար արժանանում է ՀԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի: Հետագա տարիներին հրատարակում է «Ճանապարհորդություն խորհրդային Հայաստանում», որի համար արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1946 թվականին նրան շնորհվում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1950-ին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Գրականութ յան, հասարակական-քաղաքական անխոնջ գործունեության համար ԽՍՀՄ կառավարությունը 1976 թ. նրան շնորհում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Աստղագետների Համաշխարհային ընկերության որոշմամբ արեգակնային համակարգության մոլորակներից մեկը կոչվում է նրա անվամբ` «Մարիետա»: Մեծ բանաստեղծուհին, լրագրողը, հասարակական գործիչն իր մահկանացուն կնքեց 1982 թվականի մարտի 2-ին` Մոսկվայում: Նրա աճյունն ամփոփված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում:

Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ