Հուշասրահը մոռացության է մատնված


1967 թվականին, Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ, Բանաստեղծի դուստրերը որոշեցին շրջել Հայաստանի ամբողջ տարածքով, և այն վայրը, որ ամենից ավելի կհավանեին, պետք է կոչեին իրենց հոր անունով:Նրանց դուր եկավ նոր-նոր ոտքի կանգնող Լուսավանը, որը վերանվանվեց, դարձավ Չարենցավան: Իսկ պոետի և Չարենցավանի միջև ստեղծված կապն ամրապնդելու համար 1978 թ. կառուցվեց Չարենցի անվան հուշասրահը: Այս 30 տարիների ընթացքում հուշասրահը վերանորոգվել է հազվադեպ, այն էլ` մասնակի: Ցուցանմուշները երբեք չեն թարմացվել, որի պատճառով այցելուների թիվը զգալիորեն պակասել է: Իսկ վերջին տարիներին հուշասրահն ընդհանրապես փակված է եղել: 2006 թվականից սկսվեցին հուշասրահի հիմնովին և ամբողջական վերանորոգման աշխատանքները և 2007-ին այն կրկին իր դռները բացեց չարենցասերների առջև: Չնայած հուշասրահի միակ աշխատակից Անահիտ Արտուշյանը, ով նաև էքսկուրսավար է և ֆոնդապահ, մեծ դժվարությամբ միջոցառում էր կազմակերպել, բայց համարյա ոչ ոք չէր եկել: - Քաղաքապետարանի բոլոր աշխատողներին հրավիրել էի միջոցառմանը, բայց ոչ ոք չեկավ, նույնիսկ մշակույթի բաժնի պետը,- դառնացած ասում է հուշասրահի տնօրենը: Ա.Արտուշյանի հավաստմամբ` այդ է պատճառը, որ այս տարի ոչ մի միջոցառում էլ չի կազմակերպել. - Ինչու չարչարվեմ. միևնույն է` արած-չարած նույնն է: Բացի այդ այնքան ցուրտ է այստեղ, որ երկու րոպե կանգնել չի լինում. ամբողջ ձմեռ ջեռուցում չի եղել, և հուշասրահը հազվադեպ է բացվել: Հուշասրահում եղած նյութերը գրեթե 30 տարի է, ինչ ներկայացվում են հասարակությանը: Ա. Արտուշյանի կարծիքով նորություն չլինելու պատճառով է, որ հուշասրահն այցելու չունի, իսկ եղած նմուշներն էլ պահպանելու համար հատուկ միջոցներ չկան: «Բայց յուրաքանչյուր ցուցանմուշի հանդեպ ցուցաբերած սերն ու հոգատարությունը բավական է, որ դրանք շուտ չմաշվեն»: Մեծ պոետի ծննդյան օրն այս տարի նույնպես ոչ մի դպրոցական չբացեց հուշասրահի դուռը: Վերջին տարիներին շրջակա գյուղերից ավելի շատ են հուշասրահ այցելել, քան մեր քաղաքից: Բայց Ա. Արտուշյանը հույսը չի կորցնում. - Համոզված եմ, որ կգա մի ժամանակ, որ հուշասրահը առաջվա նման կդառնա բազմամարդ: Հուշասրահի դրսի պատին հարթաքանդակ կար, որտեղ պատկերված է Չարենցը` ձեռքը գրքերին դրած: Բայց երբ ժողովրդի մեջ մեծացավ սերը մետաղի հանդեպ, հանկարծ հարթաքանդակը անհետացավ, իսկ որոնումներն էլ մնացին անարդյունք:

Գոհար ԽԱՉԱՏՐՅԱՆ