ՆԱԽԱՐԱՐԸ ՇՏԱՊԵ՞Լ Է


 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններում դարձյալ հակասություններ են հնչում: Դեռ ամիսներ առաջ հանձնաժողովը կանխատեսելով գուժել է, թե այս տարվա ընթացքում գազն ու էլեկտրաէներգիան թանկանալու են: Իսկ Արմեն Մովսիսյանը տոնական լավատեսութ յամբ երաշխավորել է, թե ո´չ հոսանքն է թանկանալու, ոչ էլ գազը:

Սույն պնդումը, բնականաբար, հարուցել է բոլորի տարակուսանքը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, սակայն, քաղաքավարությունից ելնելով կամ «եթե ասում է, ուրեմն մի բան գիտի» տարբերակով առաջնորդվելով` նախընտրել են լռել:

Փաստորեն` նախարարը «Գազպրոմից» առաջ է ընկել ու նաև չի ցանկանում հաշվի առնել, որ գազի գնի բարձրացումը հնարավորություն չի տալու էլեկտրաէներգիայի սակագինը ևս անփոփոխ թողնել: Թե ո՞ւմ կանխատեսումն ավելի իրատեսական կլինի` կերևա առաջիկա ամիսներին: Ամեն դեպքում, ՀԾԿՀ-ն էլ, անշուշտ, կցանկանար, որ նախարարի լավատեսական հայտարարություններն իրականանային: