«Ձեռք բերել ժողովրդի վստահությունը, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը»


 

ՈՉ ՄԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ

Ոստիկանության 2012-ի կարգախոսները` ծառայել, պաշտպանել, վստահել, կանխարգելել, բացահայտե

 

ՀՀ Կառավարության 2012 թ. անդրանիկ նիստն անցավ առանց շենքի առջև հավաքված բողոքավորների հոծ զանգվածի: Օրվա երկրորդ մեծ անակնկալը լրագրողներիս համար այն էր, որ Ոստիկանության պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ Կառավարության նիստից հետո դուրս գալով շքամուտքից` անմիջապես խոսքի բռնվեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ` շուրջ 25 րոպե պատասխանելով նրանց հարցերին: Իսկ լրագրողական հետաքրքրասիրության շրջանակն ընդգրկուն էր` համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններից մինչև ոստիկանապետի անձնական կյանքին վերաբերող հարցեր: Վլադիմիր Գասպարյանն, ի դեպ, տեղեկացրեց, որ տարին մեկ կամ երկու անգամ է ճեպազրույցների մասնակցելու.

- Ես չեմ կարծում, որ ոստիկանապետը պետք է ամեն րոպե ամեն հարցի շուրջ խոսի: Ոստիկանապետը տարին մեկ-երկու անգամ պետք է խոսի:

Լրագրողներից մի քանիսն ակամա հիշեցին, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կառավարության նիստի օրերին մշտապես հայտնվում էր իրենց տեսադաշտում և պատասխանում նրանց հարցերին:

Անդրադառնալով համակարգում ընթացող կադրային մեծածավալ փոփոխություններին առնչվող հարցին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ փոփոխությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ.

- Համակարգում ավելորդ ու անհարկի ուռճացված ստորաբաժանումներ են եղել, աշխատանքն էլ ճիշտ բաշխված չի եղել, իսկ ոստիկանությունից հեռանում են իրենց սպառած, զբոսաշրջիկի և անշարժ գույքի կարգավիճակ ունեցողները:

Մեկնաբանելով տարաբնույթ խոսակցությունները, թե ոստիկանապետն ինչ-որ մարդկանց պատվեր է կատարում, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վերստին փաստել.

- Ես իմ կենսագրության ընթացքում երբեք չեմ ունեցել որևէ պատվեր` ոչ մի ղեկավարի կողմից. շարքայինից մինչ օրս ինձ պատվեր չի տրվել: Իսկ հիմա իմ վերևում միայն երկրի Նախագահն է, ով խնդիր է դրել` ձեռք բերել ժողովրդի վստահությունը, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը: Այն, որ ասում են` Գասպարյանն ասել է «միլիցա պեպելնիցա», ես իմ կոլեկտիվին եմ ասել, որ տղերք, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը, ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքի վաշխառուների, քյոխվաների ապարատի: Մեր երեխաներին ծաղրում են, ասում են իրենց հայրերը միլիցա-պեպելնիցաներ են, գործ չունենք նրանց հետո… Մենք դա կորցրել ենք քսան տարի շարունակ:

Այն հարցին, թե ՀՀԿ-ում հանցագործներ չկա՞ն, ինչո՞ւ են միայն ԲՀԿ-անդամները թիրախում, ոստիկանապետն ընդգծեց.

- Շարունակվելու են բոլոր նմանատիպ ձերբակալությունները: Մենք չեն գնում կուսակցությունների, անձերի հետևից, մենք գնում ենք երևույթի, հանցագործության հետևից: Բացարձակապես նշանակություն չունի, թե որ կուսակցության, որ խավի, ինչ հաստության մարդիկ են:

Մամուլում վերջին շրջանում շրջանառված լուրերի կապակցությամբ, թե ոստիկանապետն իրեն հայհոյելու համար ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, «Կարտոլ» մականունով Նորայր Միրզախանյանին` Վլադիմիր Գասպարյանն իրեն հատուկ դիպուկ հումորով հերքել է այդ լուրը.

- Ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ երբևէ առնչություն չեմ ունեցել:

Իսկ հարցին, թե նա պատրա՞ստ է նախկին ոստիկանապետի պես հեղափոխությունը խեղդել օրորոցում, հնչել է հետևյալ պատասխանը.

- Ես 90-ականներին իմ ընկերների հետ մի անգամ արել եմ հեղափոխություն: Երկրորդ և ավելի հեղափոխություններ չեմ ակնկալում իմ երկրում: Բնականոն, խաղաղ զարգացում է լինելու այսուհետև, իսկ Ալիկ Սարգսյանի կարծիքը… ես մազոխիստական բաներով չեմ տառապում: Ես ավելի կողմնակից եմ խաղաղությանը: Սկզբից եղել է խոսքը:

Վլադիմիր Գասպարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը պետք է ազատ արձակվի: Ըստ Վլադիմիր Գասպարյանի` ինքը չի կարող զգացմունքայնությամբ առաջնորդվել.

- Այս հարցում իմ կարծիքը համահունչ է օրենքին. հանցանքը պետք է պատժվի: