Հայաստանում չկա ու չի լինելու արտոնյալ խավ, օրենքից վեր մարդ


 

Ոչ վաղ անցյալում ասես սովորական երևույթ էին զանազան մականունավոր չինովնիկների, օլիգարխների, և մանավանդ, նրանց զավակների մասնակցությամբ հասարակական վայրերում տեղի ունեցող աղմկալի միջադեպերը: Իսկ այդ «սխրագործությունների» մասնակիցները, որպես կանոն, մնում էին անպատիժ և քրեական գործերն էլ կարճվում էին: Հասարակության անդորրն ու հավատը խարխլող այդ չարիքը վերջին շրջանում, բարեբախտաբար, նվազել և գրեթե արմատախիլ է արվել: Իսկ պատճառն ամենևին էլ բազմաթիվ անհայտներով հավասարում չէ: Պարզապես իրավիճակ է փոխվել, դրական շրջադարձ է կատարվել, ոստիկանության նպատակաուղղված ձեռնարկումներն այս ուղղությամբ իրենց բարերար ազդեցությունն են ունեցել, իսկ ՀՀ ոստիկանության նորանշանակ պետն էլ իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում բազմիցս շեշտել է, որ ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու, որ ոստիկանության ստորաբաժանումներն ունեն անհրաժեշտ ներուժ, համարձակություն և ինքնուրույնություն պայքարելու լկտիության դրսևորումներ պարունակող հանցավորության դեմ, և որ ոստիկանությունն անողոք է լինելու հանցագործություն կատարած ցանկացած անձի նկատմամբ, ով էլ որ նա լինի:

Պարզվում է, սակայն, որ ոչ բոլորն են անհրաժեշտ դասեր քաղել ոստիկանության վերջին շրջանի նախազգուշացումներից և հորդորներից: Ահա վերը նշված «արտոնյալ դասակարգի» ներկայացուցիչների զավակների հեղինակած ցինիզմի և լկտիության վերջին դրսևորումը. հունվարի 17-ին, օրը ցերեկով, Երևանի Տիգրանյան փողոցում` «Նիկո» կահույքի սրահի առջև մի խումբ երիտասարդների միջև բուռն վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել: Նույն օրը «Նիկո» ՍՊԸ նախագահը դիմել է ոստիկանության  Արաբկիրի բաժին և հայտնել, որ ժամը 16.30-ի սահմաններում մի քանի երիտասարդներ փորձել են մտնել «Նիկո» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդ ները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու հետ, իսկ 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները:

Ըստ շրջանառվող լուրերի` միջադեպը տեղի է ունեցել «Նիկո» կահույքի սրահների ցանցի և ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Դավիդով» ընկերության տերերի հարազատների միջև:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՊՍՄ» ատրճանակի 4 պարկուճ և 2 գնդակ, գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի գնդակի 1 բեկոր և «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:

Նույն օրը, ժամը 18.45-ին, ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը վնասվածքն ստացել է «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ արձակված կրակոցներից: