ՃՏԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ


 

Կարծես կամաց-կամաց Հայաստանը ներքաշվում է ընտրական բուռն գործողությունների և զարգացումների մեջ: Շատերին երկար ժամանակ մտահոգող այն հարցը, թե արդյո՞ք կմիավորվեն Հանրապետականն ու ԲՀԿ-ն և հանդես կգան մեկ միասնական ցուցակով` իր հստակեցումն արդեն ստացավ. ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն ընտրությունների է գնալու միայնակ` հաղթելու վճռականությամբ: ԲՀԿ-ից հստակ հայտարարություններ չեն հնչել, սակայն ինքնին պարզ է, որ երկու հզոր կուսակցությունների միջև հնարավոր դաշինքն այլևս վերագրվում է չիրականացած ցանկությունների շարքին: Հատկապես ՀՀԿ-ն գիտակցեց, որ երկու ուժերի միավորումն ու մեկ ցուցակով հանդես գալը մեծ հարված կլիներ ժողովրդավարությանը և, ըստ էության, ի սկզբանե լուծած կլիներ ընտրությունների ելքը:

Եթե Հանրապետականի խնդիրն արդեն կարելի է «փակված» համարել, ապա տակավին բաց է մնում հետևյալ հարցը. Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը միայնա՞կ կգնա ընտրությունների, թե՞ այնուամենայնիվ, «կկլանի» որոշ փոքր կուսակցությունների, որոնք ակտիվանում են միայն ընտրությունների ժամանակ` այսպես հիշեցնել տալով իրենց գոյության մասին: Միավորումների խնդիրը դառնում է ընտրությունների կարևոր ինտրիգներից մեկը, որովհետև դեռևս քննարկումներ են ընթանում ՀՅ Դաշնակցություն-«Ժառանգություն» դաշինքի մասին: Շատերին է հայտնի, որ այս երկու կուսակցությունների միջև ընդհանրություններ կան, և երկուսն էլ շատ վաղուց բանակցում են` ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ: Իհարկե, միանալով «Ժառանգությանը»` Դաշնակցությունը որոշակիորեն կկորցնի ինքնուրույնությունը, սակայն իր ցուցակներում տեղեր տալով Րաֆֆի Հովհաննիս յանի կուսակցությանը` կարող է մի քանի պատգամավորական տեղ ավել ունենալ: Իր նշանավոր հացադուլից, «Ժառանգության» որոշ պատգամավորների ակնհայտ պոպուլիստա կան հայտարարություններից ու գործելաձևերից հետո` այս կուսակցությունը մեծացրել է իր հանդեպ համակրանքը, և շատերի կողմից ընկալվում է իբրև իրապես ընդդիմադիր ուժ: Չի բացառվում, իհարկե, որ վերջնական համաձայնություն կձևավորվի ոչ թե ՀՅԴ և «Ժառանգության», այլ` վերջինիս և «Ազատ դեմոկրատների» միջև, որոնց կարող է միանալ նաև կարկառուն Տիգրան Կարապետյանը: Այստեղ նա մոռացության կտա այն, որ իր ունեցած հեռուստաընկերության եթերից տիվ ու գիշեր քննադատում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան համարում ամերիկյան դրածո… Քաղաքականության մեջ չկան հավերժական բարեկամներ և թշնամիներ. կան շահեր… «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» տանդեմը շատ ավելի տրամաբանական ու ընդունելի կլինի, որովհետև գործելով ընդդիմադիր դաշտում, այս երկու ուժերն էլ լուրջ հակասություններ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի Կոնգրեսի հետ: Եթե կայանա միավորումը, ապա մեր քաղաքական իրականության մեջ կձևավորվի մի շատ հետաքրքիր և ոչ ստանդարտ իրավիճակ. ընտրական գործընթացներում պայքարը կծավալվի ընդդիմություն-իշխանություն և ընդդիմություն-ընդդիմություն ձևաչափով…

Ընդդիմության թևերի մոտ կլինեն նաև Կոմունիստական ու Մարքսիստական կուսակցությունները: Հայ կոմունիստները ոգևորվել են Ռուսաստանի և Ղազախստանի կոմունիստների հաղթանակներով ու հույս ունեն, թե կստանան ընտրողների ձայների 15 տոկոսը: Ընկեր Թովմասյանի գլխավորած կուսակցությունը (որին միավորվել է նաև Վազգեն Սաֆարյանի ղեկավարած քաղուժը) չի ընկալում մի պարզ ճշմարտություն, որ վերոհիշյալ երկու երկրում էլ կոմունիստական կուսակցությունները գործարքի մեջ են իշխանությունների հետ, որ շատ վաղուց Գենադի Զյուգանովը դարձել է իշխանության հենարաններից մեկը` լիուլի վարձատրվելով իր կեղծ ընդդիմադիր կեցվածքի համար: Նա այսօր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, օլիգարխիայի հետ սերտաճել են ՌԿԿ շատ առաջնորդներ: Նույն վիճակն է նաև Ղազախստանում, որտեղ կոմկուսն օգտագործվում է մյուս ընդդիմադիրներին չեզոքացնելու համար: Հայաստանում իրավիճակն այլ է: Իհարկե, Հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկի նախագահը լինելով, Վազգեն Սաֆարյանը կարող է իշխանություն ներից որոշակի երաշխիքներ ստանալ: Որևէ երաշխիքի հույս ու ակնկալիք չունի մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ում երբեք ու ոչ ոք քաղաքական դաշտում լուրջ չի ընդունել: Լուրջ չեն ընդունել նաև նրա մարդ-կուսակցությանը հարող մի քանի ընտրողներ: Նա այն էկզոտիկ գույնն է, որը հարկավոր է ցանկացած ընտրական ներկապնակում` զվարճություն ու բերկրանք պատճառելու համար:

Ստացվում է, որ առաջիկա ընտրություններին ունենալու ենք բավական հետաքրքիր ու խայտաբղետ ընդդիմադիր ճամբար, որին կմիանա նաև Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն` հանրահայտ Արշակ Սադոյանի «կլկլոցներով»… Շավարշ Քոչարյանը հազիվ թե միանա իր նախկին կուսակիցներին, քանի որ նա հիմա պետական բարձրաստիճան պաշտոնյա է: Սական չի բացառվում, որ նա էլ կփորձի որոշակի ռեսուրսներ բերել իր վաղեմի գործընկերներին ու կուսակիցներին:

Մենք միտումնաբար չանդրադարձանք «Օրինաց երկրին»: Արդեն իսկ նախնական հարցումները ցույց են տալիս, որ իշխանական երկու հզոր կուսակցությունների մեջտեղում հայտնվելով` այս միավորը չի ունենալու խորհրդարան մտնելու իրական հնարավորություններ…

«Ճտերն աշնանն են հաշվում»` ասում է ժողովուրդը: Վերափոխելով այս ասացվածքը` ասենք. Ճտերն ընտրություններից հետո կհաշվեն… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ