Հա՞ որ... 


 

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ցնծությամբ արձանագրել է, որ խոշոր հարկատուների թիվը սրընթաց աճում է, ու հանրապետությունում այդպիսիք արդեն չորս ու կես հարյուրի են հասել: Ասվածն ավելի որոշակի պատկերացնելու համար նշենք, որ միայն վերջին երկու տարիներին խոշոր համարվելու պատիվն ու պատասխանատվությունը սկսել է ևս հարյուր տնտեսվարող կրել: Տնտեսության կայունացման ու զարգացման իրողությունից ավելի ոգևորվելով կամ պարզապես մինչև վերջ ու բոլոր փակագծերը բացելով` Ա. Ալավերդյանը խոստովանել է նաև, որ ինքը չգիտի, թե գործունեություն ծավալելու ոչ այնքան դյուրին պայմաններին չդիմանալով` վերջին տարիներին քանի˜ գործարար է հեռացել հանրապետությունից:

Դժվարությամբ սկսած սեփական բիզնեսից «կամավոր» հրաժարվածների թիվն էլ պակաս հետաքրքիր չէր լինի: Եթե խոշոր հարկատուների գործերը լավանում են, ապա նման իրողություն կարող է արձանագրվել ոչ միայն տնտեսության կայունացման, այլ նաև փոքր ու միջին բիզնեսից հարկադրաբար հրաժարվածների հաշվին... Ամեն դեպքում, տարին նոր-նոր սկսած հարկայինն առայժմ միայն լավատեսական ցուցանիշներ է հրապարակում` խոստովանելով, բայց չցանկանալով հաշվի առնել, որ նաև անհավասար պայմաններն ու անկատար հարկային օրենսդրությունն է գործարարներին դուրս մղում:

Լավատե՞ս լինենք, թե՞ իրատես