Արձանագրությունների վավերացումը... հավանական է


Անցյալ շաբաթ Մոսկվա էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Կասկածամտությամբ հագեցած հայաստանյան հասարակական մթնոլորտում Թուրքիայի վարչապետի այս այցը հիվանդագին արձագանքներ ունեցավ: Մեզանում մեկնաբանություններ եղան, թե իբր «Էրդողանի մոսկովյան այցն ուղղված է Արցախյան հակամարտութ յան խաղաղ կարգավորման հարցում Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու համար Ռուսաստանի աջակցությունն ստանալու նպատակին»: Մանավանդ, որ Էրդողանի մոսկովյան ուղևորությունը համընկավ Հայաստանի Սահմանադրական դատարանում հայ-թուրքական հայտնի Արձանագրությունների` Հայաստանի Սահմանադրութ յանը համապատասխանելու հարցի քննարկմանը: Հանրահայտ է, որ Անկարան ձգտում է Հայաստանի հետ իր հարաբերությունների բարելավման խնդիրը շաղկապել Արցախյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու հետ: Անկարայում ամենևին էլ դեմ չէին լինի, եթե Հայաստանի մերձավորագույն դաշնակից Ռուսաստանն այդ իմաստով իսկապես ճնշումներ գործադրեր Երևանի վրա: Թերևս, նաև այդ նպատակով Էրդողանը Մոսկվայում շոշափեց Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը: Սակայն ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում Էրդողանին հիասթափություն էր սպասում: Դեռ անցյալ դեկտեմբերին Վաշինգտոնում Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հստակորեն հայտարարեց, թե երկու գործընթացները միանգամայն ինքնուրույն են, մեկը մյուսով պայմանավորված չէ: Նույնիսկ սպառնաց, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունները «ողջամիտ ժամկետներում չկարգավորելու դեպքում ամերիկյան վարչակազմի համար չափազանց դժվար կլինի Կոնգրեսում կասեցնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը»: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ գործնականում նույնը կրկնեց: Նա աներկմիտ ընդգծեց, թե «նպատակահարմար չէ մեկ փաթեթում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը... Հաշվի առնելով, որ ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական խնդիրը ինքնին շատ բարդ են, ճիշտ չեմ համարում դրանք շաղկապելը միևնույն փաթեթում... Եթե մենք դրանք մի խմբում հավաքենք, ապա լուծման հեռանկարը ինքնաբերաբար ավելի կհեռացնենք»: Սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, իբրև մեր տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական շահերին հետամուտ գերտերություններ, երկու խնդիրների լուծման գործում իսկապես հանդես են գալիս միանգամայն համագործակցված կարգով: Նրանք գործնականում համաձայնել են, որ մեկը մյուսին չպետք է խանգարեն և միասնաբար պետք է ձգտեն նպաստել երկու խնդիրների լուծմանը: Բացառված չէ, որ Օբամայի և Պուտինի` այսքան բացեիբաց արված միանման հայտարարությունները ոչ միայն ուղղված էին Անկարային, որպեսզի նա դադարեցնի հայ-թուրքական Արձանագրությունները վավերացնելու հարցում «պոչ խաղացնելը», այլև... Ադրբեջանին: Չէ ՞որ Թուրքիան «պոչ է խաղացնում» հենց Ադրբեջանի ճնշման տակ: Այս հայտարարություններով Վաշինգտոնն ու Մոսկվան գործնականում օգնում են Անկարային` փրկելու իր քաղաքական դեմքը ազգակից ու եղբայրակից Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս: Անկարան ձգտում է թե° Վաշինգտոնի, թե° Մոսկվայի հետ լավագույն ռազմավարական հարաբերություններ պահպանել: Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում համաձայնության եկան, որ թուրքական Մերսենեում ռուսներն օգնելու են ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, երկու երկրները համատեղ իրականացնելու են էներգետիկ շատ խոշոր այլ ծրագրեր: Մասնավորապես, ռուսները մասնակցելու են «Սամսուն-Ջեյհան» նավթատարի շահագործմանը, թուրքերը ներգրավվելու են «Հարավային հոսք» և «Երկնագույն հոսք-2» գազատարների կառուցմանը: Ի դեպ, թուրքերն արդեն համաձայնություն են տվել, որ ռուսները թուրքական տարածքային ջրերում սկսեն «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքները, որի բնապահպանական փորձաքննությունն ամբողջովին ավարտված է, իսկ երկրաբանական և սեյսմիկ հետազոտությունները, ըստ Պուտինի, կատարվել են 85-90 տոկոսով: Այդ ծրագրերի իրականացման դեպքում ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալն առաջիկա երեք տարիներին, 2009 թվականի համար պլանավորված 30 և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ակամայից նվազած 18 միլիարդ դոլարի փոխարեն, հասնելու է 100 միլիարդ դոլարի: Ավելին, Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները համաձայնեցին, որ առևտրային փոխադարձ հաշվարկներն այլևս չեն կատարվելու ամերիկյան դոլարով, այլ` ռուսական ռուբլիով: Այլ խոսքով, խաղաքարտի վրա չափազանց մեծ տնտեսական շահեր են դրված: Զգացվում է, որ Մոսկվան ու Անկարան, մեր տարածաշրջանում իրենց դարավոր հակամարտության և քաղաքական մրցակցության փոխարեն, որդեգրել են ամենասերտ համագործակցության ու մերձեցման քաղաքականություն: Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում պայմանավորվեցին նույնիսկ երկու պետությունների միջև վիզային ռեժիմը բարեփոխելու մասին, ինչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այս մայիս-հունիսին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Անկարա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Բոլոր այս ծրագրերը կարող են մեծապես վտանգվել, եթե հայ-թուրքական հարաբերությունները... չբարելավվեն: Դրանք լակմուսի այն թուղթն են, որոնք պիտի ամբողջ աշխարհի աչքի առաջ երևակեն թուրքերի իրական նպատակները: Ինչպես ընդգծեց Թուրքիայի վարչապետը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում կարդացած իր «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» զեկուցման մեջ` «Թուրքիան արտաքին քաղաքական ոլորտում այժմ ելնում է... բարեկամներ գտնելու սկզբունքից»: Եթե Էրդողանի այս հայտարարությունը հերթական խաբեությունը չէ, եթե Թուրքիան իսկապես ձգտում է «բարեկամներ գտնել» և ոչ թե հին թշնամանքները նորոգել, ապա կարելի է ենթադրել, որ թուրքական խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը միանգամայն հավանական է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ