ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ ՆԵՐԻ°Ր ԻՆՁ, ԲԱՐԵԿԱ°Մ


Մենք ծանոթացանք, բայց ես չհարցրի քո անունը: Շատ էինք քաղցած: Մեր խմբից դու ամենահարազատն ինձ համարեցիր, մոտեցար, բարեկամաբար բարևեցիր: Ես շոյեցի քո գեղեցիկ գլուխը, հարցրի որպիսությունդ: Ասացիր, որ լավ ես, ամեն ինչ նորմալ է: Սակայն ես զգացի, որ խնայում ես ինձ և չես ասում ճշմարտությունը: Երևում էր, որ դու անչափ քաղցած էիր, և կարծում եմ` ամբողջ օրը ոչինչ չէիր կերել: Որոշեցի քեզ հյուրասիրել: Վարորդը և մյուս ուղևորները ձայնեցին, որ արագացնեմ. խորովածը կսառչի: Մտա ճաշարան, նստեցի ճանապարհի ընկերներիս մոտ: Մինչ ես ու դու զրուցում էինք` իսկական ասպետների պես թաքցնելով մեր կյանքի ծանր պահերը, զուգահեռներ անցկացնում, ճանապարհի ընկերներս մի երկու բաժակ կոնծել էին: Ես էլ միացա նրանց: Խմեցինք, փիլիսոփայեցինք, քննադատեցինք մեր երկրների կառավարություններին: Նորից խմեցինք և մոռացած դարդ ու ցավ` սրիկայաբար մոռացանք նաև քեզ և հրաժեշտ տալով Չումա Թելեթին ու մեր գեղեցիկ մատուցողուհի Գայանեին` նստեցինք մեր մեքենան ու ուղևորվեցինք Բաթումի: Խոստացել էի քեզ կերակրել, բայց մոռացել էի: Ես քո դրության մեջ էի, երբ ինքս էլ էի քաղցած, լավ էի հասկանում քեզ, իսկ երբ կշտացա, մոռացա քո մասին: Քո մասին հիշեցի, երբ անցել էինք թունելը: Մեզնից առաջ սլացող մեքենան վրաերթի ենթարկեց քո եղբայրներից մեկին: Ես չլսեցի քո մեռնող եղբոր ձայնը (երևի նա չհասցրեց անգամ ձայն հանել): Ես անմիջապես հիշեցի քեզ, խնդրեցի վերադառնալ, գտնել քեզ ու կերակրել: — Դուք կատակո՞ւմ եք,_ հարցրեց վարորդը և ավելի արագացրեց մեքենայի ընթացքը: Ինձ մնում էր ենթարկվել. ես ընդամենը ուղևորներից մեկն էի: Ների°ր ինձ, իմ չորքոտանի° բարեկամ: Չումա Թելեթի, Խաշուրիի շրջան 1997 թ. հունվարի 20