Աստված վատթարից ազատի. գոնե պատերազմ չկա


Այն, որ 2013-ը լինելու է քաղաքական լարվածությամբ հագեցած տարի` կանխատեսելի էր և տրամաբանական, քանզի մի քանի համապետական ընտրություններ էին տեղի ունենալու: Հանրապետության Նախագահի, Երևանի քաղաքապետի ընտրությունները խիստ կարևոր իրադարձություններ են երկրի քաղաքական կյանքում, և, անցյալի փորձը նկատի առնելով, ենթադրելի էին սուր պայքարը. դրամատիկ իրավիճակները, հանրահավաքների, ցույցերի, զանգվածային բողոքների այլևայլ ձևերի առատությունը, ինչին և ականատես եղանք:

Ընդդիմության անհամախմբվածության պարագայում քաղաքական ուժերի ընտրապայքարը որոշ առանձնահատուկ երանգներ ստացավ, ինչը չէր կարող հետք չթողնել ընտրության արդյունքների վրա: Մասնավորապես, նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվեցին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, թեպետ վերջինիս ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը սեփական նախաձեռնությամբ և առանց ՀԱԿ աջակցության առաջադրեց իր թեկնածությունը: Փոքր ինչ անակնկալ այս իրողությունների արդյունքում անհամեմատ մեծացավ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողության հասնելու հնարավորությունները: Ստացվեց այնպես, որ իշխանություն ներից դժգոհ ամբողջ ընտրազանգվածի ձայները, որոնք պետք է տրվեին ընտրություններից հրաժարված կուսակցության ներկայացուցիչներին, կամա թե ակամա պետք է «լցվեին» Ր. Հովհաննիսյանի «զամբյուղը»:

Ինչը և տեղի ունեցավ: «Ժառանգության» լիդերը ստացավ պատկառելի տոկոս, ինչը վերջինիս հնարավորություն տվեց զգալիորեն սրել ներքաղաքական իրավիճակը` չընդունելով և բողոքարկելով ընտրությունների արդյունքները: Եղավ մի պահ, երբ ստեղծվեց պայթյունավտանգ իրադրություն` հղի քաղաքական լուրջ բախումներով և անկանխատեսելի հետևանքներով: Այլ կերպ ասած` մի պահ 2008-ի մարտի 1-ի «ուրվականը» հայտնվեց մեր երկրի քաղաքական երկնակամարում:

Նախագահական ընտրություններին հաջորդած Երևանի ավագանու ընտրություններն առանձնապես մեծ դրամատիզմով աչքի չընկան: Թերևս, դրա թիվ 1 պատճառն այն էր, որ «խաղի» մեջ մտավ իր վարկանիշով «Ժառանգությանը» զգալիորեն գերազանցող ԲՀԿ-ն: Եվ բոլորովին զարմանալի ու անակնկալ չէր, որ հենց այս կուսակցութ յունն էլ «Ժառանգությունից» «ետ վերցրեց» իրավամբ իր ընտրազանգվածին պատկանող ձայները` ընտրարշավային մրցապայքարում ապահովելով երկրորդ տեղը` քվեների պատկառելի տոկոսով: Եվ, քանի որ Գ. Ծառուկյանն իր քաղաքական գործելաոճով այն գործիչը չէ, որ գնար իշխանությունների հետ սուր առճակատման, ապա հետընտրական լարվածության մթնոլորտ չստեղծվեց: Առանձնապես սուր պայքար, և քաղաքական կրքերի թեժացում համենայնդեպս չարձանագրվեց:

2013 թ. ներքաղաքական կյանքում, առավել հատկանշական երևույթներից էր քաղաքացիական ակցիաների քանակական և որակական կտրուկ աճը: Հիմնականում երիտասարդության նախաձեռնությամբ բողոքի ցույցերը, հանրահավաքները, եթե նախորդ տարիներին բնապահպանության ոլորտին էին միայն նպատակաուղղված, ապա այս տարի ընդգրկեց ժողովրդի շահերի պաշտպանության այլևայլ ոլորտներ: Հատկապես տպավորիչ էր ներքաղաքական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ուղղված երիտասարդության կազմակերպված պայքարը, ինչն իր պտուղները տվեց. քաղաքապետարանը ստիպված էր չեղյալ հայտարարել իր իսկ որոշումը: Այսօր էլ քաղաքացիական նոր շարժում է ուրվագծվում պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելու կառավարության որոշման դեմ:

Վերոհիշյալ իրողությունները ենթադրել են տալիս, որ ճիշտ է, դանդաղ, բայց աստիճանաբար Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, ինչը քաղաքակիրթ երկիր դառնալու հիմնական գրավականներից մեկն է:

Անցնող տարում, Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում որևէ արտառոց, անսպասելի երևույթ չէր նկատվում: Ամեն ինչ, կարծես թե, ընթանում էր օրինաչափ, կանխատեսելի ու տրամաբանական հունով, մինչև այն պահը, երբ իշխանությունները հայտնաբերեցին, որ մտադիր են մտնել Մաքսային միության մեջ: Այն փոթորիկ առաջացրեց ՀՀ քաղաքական դաշտում և արևմտամետ ուժերի ջանքերով փոխարկվեց հակառուսական հիսթերիայի: Իսկապես, առաջին տպավորությամբ, կարծես թե մեր երկիրը կտրուկ փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, և հրաժարվում վաղուց որդեգրած փոխլրացման քաղաքականությունից: Խնդրի էությունն այն է, որ մտնելով Մաքսային միություն, ՀՀ-ն այլևս հնարավորություն չի ունենում ստորագրել վաղուց նախատեսված` Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը: Եվ իսկապես, Վիլնյուսում իշխանությունները չստորագրեցին այդ պայմանագիրը, քանզի դա անհամատեղելի էր Մաքսային միություն մտնելու սկզբունքային դրույթներին: Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այդպիսով Հայաստանը իրեն վերջնականապես զրկեց քաղաքակիրթ Եվրոպայի հետ ինտեգրման միակ ճշմարիտ ուղուց և դարձավ, ոչ ավել, ոչ պակաս բռնապետական Ռուսաստանի գաղութը: Ձեռնպահ մնանք որևէ գնահատական և մեկնաբանություն հնչեցնելուց, քանզի միայն ապագան ցույց կտա, թե որքանով էր ճիշտ, կամ ճակատագրական սխալ` Մաքսային միության կազմ մտնելը:

2013 թ. մեր տնտեսական ոլորտում էական փոփոխություններ տեղի չունեցան, եթե, իհարկե, ոչ էական համարենք ընչազուրկների թվի ավելացումը` առանց այդ էլ աղքատության բարձր տոկոս ունեցող երկրի համար: Կամ, օրինակ, գազի ու էլեկտրաէներգիայի գների նկատելի թանկացումը և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի հանձնումը ռուսական «Գազպրոմին»: Բայց մեր տնտեսական կյանքի այդպիսի ոչ դրական «վայրիվերումներն» արդեն սովորական են դարձել:

Դե ինչ, պատմության գիրկն է անցնում 2013-ը և այս տարուց գոհ լինելու, թերևս, ամենակարևոր առիթը հարաբերական խաղաղության պահպանումն էր, ինչն էլ գուցե թե պետք է համարել ձեռքբերում: Եվ, իհարկե, Աստծո ողորմածություն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ