ՄԵՐ ՃԱՆԱՉԱԾ ՎԻԿՏՈՐ ԲԱԼԱՅԱՆԸ


Բախտավոր եղավ նրա ժամանակը. բարձրագույն կրթություն ստանալուց հետո, Ստեփանավանի շրջանի Հերհեր (Գյառգյառ) գյուղի երիտասարդը զինվորագրվեց «Ավանգարդ» թերթին: Կոլեկտիվը մի ամբողջական հզոր ուժ էր, որը նորովի էր գնահատում իր ժողովրդի պատմական անցյալը, համարձակորեն դատապարտում Հայոց ցեղասպանությունը և պահանջատիրության դրոշ բարձրացնում, դասեր տալիս երիտասարդ սերնդին: Ովքեր էին նրանք. խմբագիր Լորիս Կրոյան, պատասխանատու քարտուղար` Վարդգես Պետրոսյան, բաժինների վարիչներ և գրական աշխատողներ` Արմեն Հովհաննիսյան, Հովհաննես Մելքոնյան, Մուշեղ Գալշոյան, Վլադիմիր Մուրադյան, Արամայիս Սահակյան, Ռադիկ Խալաթյան, Վոլոդյա Վարդանյան, Սերգեյ Բալասանյան, Հենրիկ Աբրահամյան, Մառլեն Մուրադյան, Սասունիկ Թորոսյան…

…Սպիտակում դատախազ էր աշխատում արտաշատցի իմ ընկերներից մեկը: Ազնիվ մարդ էր: Վիկտորը նրա մասին «Ոզնի» շաբաթաթերթում մի ֆելիետոն գրեց, աշխատանքից ազատեցին:

Մի հանդիպման ժամանակ ես մտերմիկ տոնով դժգոհությունս հայտնեցի այդ փաստի առիթով և ասացի, որ նա էլ էր ժուռնալիստ: Նախքան իրավաբանությունը, Նորաշենի կոլտնտեսության բազմատիրաժ թերթն էր խմբագրում:

Անկեղծորեն հուզվեց.

- Ո՞նց թե, որ իմանայի ժուռնալիստ է եղել, չէի գրի,- ցավով ասաց, - մարդուն պիտի համակողմանի ճանաչել...

Արտաշատի շրջանի Այգեստան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սեյրան Աբովյանը լավ մտավորական էր:

Նրան հուզում էին ժամանակի ցավոտ հարցերը: Ու մի օր ինձ խնդրեց, որ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանին հրավիրեմ Այգեստան: Երբ Վարդգեսին հայտնեցի նպատակս, ուրախացավ ու ավելացրեց.

- Անդրանիկ ջան, կլինի՞, որ ընկեր Լևոն Մանուկյանն էլ գա ինձ հետ` «Ավանգարդ»-ի խմբագիրը:

Ես հանկարծակիի եկա...

- Մեծ ուրախությամբ,- ասացի:- Նա իր խմբագրած թերթում իմ հոդվածներն ու ֆելիետոններն է տպագրում, ու ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ:

Հանդիպումը կայացավ դպրոցի դիրեկտոր Դրաստիկ Եղիազարյանի տանը: Նրա կինը` Սիրուշը, կիրովականցի էր, Ղշլաղ (Ժդանով) գյուղից, իմ հայրենակիցն ու բարեկամը:

Սրտաբաց զրույց ծայր առավ: Աբովյանն իրեն հուզող հարցերն էր առաջադրում, Վարդգեսը հիմնավոր, հստակ պատասխաններ տալիս: Վարդգեսը գիտեր, որ մեծ Հայրենականից հետո Աբովյանը Սևանի հիվանդանոցում վիրահատել էր գերմանացի գերի Կուրտ Ֆիշերի կույր աղիքը: 20 տարի անց Կուրտ Ֆիշերը Սոչիում հանգստանալիս մի ժուռնալիստի միջոցով հայտնաբերել էր նրան, «Կոմունիստ» թերթն էլ հեռախոսային կապ էր ստեղծել նրանց միջև: Հետո` փոխադարձ այցելություններ, նոր բարեկամություն: Այդ օրը ես ցանկացա իմանալ Վարդգեսի կարծիքը Վիկտոր Բալայանի մասին:

- Վիկտորը լավ մարդ է, բարի սիրտ ունի ու սուր գրիչ: Նրա բնավորության դոմինանտը խիզախությունն է: Իզուր չէ, որ միլիցիայի համազգեստով Վիկտորը, անտեսելով վտանգը, մի քանի հանցագործ ձերբակալեց անձամբ:

Իր վարքագծով նա խիզախության դասեր տվեց երիտասարդ ժուռնալիստներին:

Վիկտոր Բալայանը հայտնաբերեց միլիցիայի փոխգնդապետ, դեդեկտիվ ժանրի ակնարկներ ու դիմանկարներ գրող Սամվել Ցուցուլյանին: Ոչ միայն հայտնաբերեց, այլև խմբագրեց նրա գրքերը, տպագրեց ու հղկեց: Ցուցուլյանը փորձված չեկիստ էր, շատ բան էր տեսել ու զգացել հանցագործ աշխարհում: Նրա այդ մեծ փորձը շահեկան եղավ նաև Բալայանի համար: Մինչև Վիկտորին հանդիպելը Ցուցուլյանը բեղմնավոր աշխատանքի շնորհիվ շատ հանցագործություններ էր բացահայտել Արտաշատում (ուր միլբաժնի պետի տեղակալ էր), Երևանում, Սոչիում:

Վիկտորը շատ էր սիրում իր հայրենի եզերքը, հպարտանում նրա մարդկանցով:

- Արա,- ասում էր ու գինու թասը բարձրացնում: - Ո՞վ է տեսել, որ մի գյուղում ծնվեն Լեոնիդ Ենգիբարյան և Հրանտ Շահինյան: Աշխարհահռչակ ծաղրածու և բանաստեղծ ու հելսինկյան օլիմպիադայի չեմպիոն-մարմնամարզիկ:

Անվանի ժուռնալիստն ու գրող հրապարակախոսը անկաշառ հարգանք ու հեղինակություն էր վայելում իր հայրենիքում: Կուսշրջկոմի առաջին քարտուղար, հերհերցի Յուրի Ճշմարիտյանը մի օր ասաց.

- Երեկ գայիր, էլի, Վիկոն այստեղ էր, գնացինք Յուրի Առաքելյանի ու Ռաֆիկ Մարիկյանի անտառտնտեսություն, եղևնիների պուրակում հացի նստեցինք, քո սիրած չեչիլ պանրից էլ կար...

Իրենց Վիկոյի մասին սրտառուչ խոսքեր էին ասում Մուրադյանները, Մարիկյանները, Դոխոյանները, բոլորը: Ով գեթ մի անգամ հացի էր նստել նրա հետ, խոսքի բռնվել, բնավ չէր մոռանում այդ շիտակ մարդուն, ջան ու ջիգյարով հերհերցուն:

Այսպիսին էր իմ ճանաչած Վիկտոր Բալայանը, ասպետական կեցվածքով, կենսախինդ հումորով շաղախված ժպիտը դեմքին այրը, Լոռվա բնաշխարհը ներկայացնող մարդն ու քաղաքացին: Ափսոս, սակայն, որ կարճ կյանք ունեցավ:

Մարդու կյանքը հրաշապատում հեքիաթ է հիշեցնում: Ափսոս, սակայն, որ վերջում երկնքից կախարդական երեք խնձոր չի ընկնում:

Ֆրանսիական հեղափոխության առաջնորդ ու տրիբուն Մաքսիմիլիան Ռոբեսպիերն ասում էր, թե «Մահը հավիտենական հանգիստ չէ. դա մի նոր ճանապարհ է` ճանապարհ դեպի անմահություն»:

Դո´ւ, սիրելի Վիկտոր, կանգնած ես այդ ճանապարհին և արժանի´ ես դրան:

Անդրանիկ ԱՎԱԳՅԱՆ

ժուռնալիստ, ՀԿԿ կենտկոմի «Գյուղական հորիզոններ» ամսագրի նախկին գլխավոր խմբագրի տեղակալ