Հայաստանը պետք է պատրաստ լինի


Թուրքիո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան այցից առաջ Թուրքիան երկար ժամանակ պահպանում էր ինտրիգը` Դավութօղլուն կմասնակցի՞ ՍԾՏՀ-ի երևանյան նիստին, թե՞ ոչ: Այդ կերպ Անկարան փորձում էր միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Հայաստանի մայրաքաղաք իր արտգործնախարարի այցի վրա: ՀՅԴ Բյուրոյի` քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԻ հետ զրույցը հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների շուրջ է:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերություններում զարգացումները. այդ առումով ի՞նչ ազդեցություն ունեցավ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցը:

- Կասեի, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան: Թուրքիան փորձում է ցույց տալ, թե իբր այդ ուղղությամբ գործընթաց կա: Արտգործնախարար Դավութօղլուի` Երևան այցելությունն էլ այդ նպատակն էր հետապնդում, չնայած` այցի առիթը ՍԾՏՀ կազմակերպության նախարարների խորհրդի ժողովն էր, բայց ինքը փորձեց դա ցույց տալ որպես Հայաստան կատարած այց: Իրականություն այն էր, որ Հայաստանում գումարվողը` տարածաշրջանային կազմակերպության ժողով էր: Ամեն դեպքում, Թուրքիայի կողմից ճիգը կա` ցույց տալու, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու: Դա, կարծում եմ` երկու նպատակ է հետապնդում: Մեկը այն, որ փորձում են ցույց տալ, թե իրենց հայտարարած` «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը գործում է: Շատերն այդ բանաձևը որակեցին որպես «զրո հարևաններ» քաղաքականություն, և նրանք ուզում էին ցույց տալ, թե այդպես չէ, իրենք փորձում են տարածաշրջանում ազդեցիկ լինեն, ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ: Երկրորդ և ավելի ազդեցիկ պատճառն այն է, որ 2015-ին` Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ նրանք փորձելու են նման հնարքներով իրենց վրա սպասվող միջազգային ճնշումը մեղմացնել: Նման հնարքներ տեսնելու ենք նաև առաջիկա ամիսներին և մեկ-երկու տարիներին:

Էլեկտրոնային ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի պատգամավորը մեղադրել է Էրդողանի կուսակցութ յանը, թե վերջինս պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը և 200.000 հայերի տարածք տրամադրել :

- Այս մեղադրանքն ավելի շուտ շփոթեցնելու նպատակ է հետապնդում: Բայց Դավութօղլուի ասածներում հիմք չկա նման եզրակացության համար:

- Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում թուրքերից:

- Կարծում եմ` բացի նման հնարքներից ուրիշ բան, ինչ-որ տեղաշարժ չի կարելի ակնկալել: Դավութօղլուի ասածներից հենց դա կարելի է եզրակացնել: Նա ասում է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար ոչ միայն Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի, այլ վրաց-աբխազական կնճիռը լուծվի և այլն: Այսինքն, մինչև այդ հարցերը չլուծվեն, իրենք Հայաստանի շրջափակումը չեն հանի:

Մամուլում կարծիք է հայտնվում, թե Թուրքիան մասնատման եզրին է, և դրան նպաստում է նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններում նկատվող ձնհալը:

- Կարծում եմ` մի քիչ շատ է ասելը, թե մասնատման եզրին է: Կարող է Թուրքիայի տեսանկյունից իր համար նման վտանգ լինի, բայց չեմ կարծում, թե դա մոտ ապագայում տեղի կունենա: Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերականգնումը, եթե դա պատահի, ԱՄՆ-ի համար ինչ-որ չափով կնվազեցնի տարածաշրջա նում Թուրքիայի դերակատարումը. դա փաստ է: Դրա համար էլ չի բացառվում, որ Թուրքիան անհանգստանա այդ մերձեցման հավանականությունից: Բայց իրանաամե րիկյան հարաբերությունները դեռ այդ աստիճան չեն հասել, որ վերականգնվեն:

Իսկ քրդական շարժումնե՞րը, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են` նույն սպառնալիքն առաջացնելով Անկարայի գլխին: Այդ հարցում կարո՞ղ է արդյոք Հայաստանը նույնպես ինչ-ինչ ակնկալիքներ ունենալ` տարածքների մի մասի վերադարձի իմաստով :

- Այդ իմաստով կարծում եմ` անմիջական ոչինչ էլ չի լինի: Այսինքն, այն հավանականությունը, որ ընդհանրապես Մերձավոր Արևելքում երկրների քարտեզները կարող են փոխվել, որովհետև մեծամասամբ կամայականորեն սահմաններ են գծվել կամ փաստացի գոյություն ունեն: Դա կարծում եմ` առաջիկա մեկ-երկու տարում չի լինի: Մյուս կողմից, ճիշտ է, որ քրդական ազդակը Մերձավոր Արևելքում հետզհետե բավական ազդեցիկ է դառնում, ինչը կարող է անհանգստացնել ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա հարևան մի շարք պետություններին, որոնք քրդական հարց ունեն: Ուստի, չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում սահմանների փոփոխության հարց կլինի, բայց Հայաստանը միշտ էլ նման հավանականության պետք է պատրաստ լինի` ստանալու այն, ինչն իր իրավունքն է: