Ընտրեցինք շարունակական ճանապարհ


Անցնող տարին ամփոփել առաջարկեցինք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

- Անցնող տարվա ընթացքում մեր հասարակությունը բազմաթիվ առիթներ ունեցավ անհանգստանալու, անգամ ընդվզելու. կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի նեդրումը, Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն հարցն առաջացավ, Գենդերային հավասարության մասին օրենքը... Շարքը կարելի է շարունակել: Ձեր կարծիքով, հասարակության համար եղած խնդիրներից ո՞րն էր առավել ակտուալ և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

- Անցնող տարում տեղի ունեցած իրադարձությունները ես բաժանում եմ երկու խմբի: Առաջին խումբն այն է, ինչը կարևոր էր հասարակության և պետության համար: Երկրորդը այն, ինչ բնակչությունն է կարևորում: Դրանք միշտ չէ, որ համընկնում են: Երկու քաղաքական լուրջ իրադարձություններ եղան, որոնք գոնե առաջիկա հինգ տարին որոշելու են երկրի ապագան: Մենք փետրվարի 18-ին ընտրեցինք մեր երկրի Նախագահին: Տարածաշրջանի երեք երկրներում էլ եղան նախագահական ընտրություններ: Եվ արդեն գիտենք, որ Հայաստանում քաղաքական, սոցիալական գործընթացների ուղղությունը նույնն է լինելու: Մենք ընտրեցինք շարունակական ճանապարհ: Երկրորդ ամենախոշոր իրադարձությունը Մաքսայինին միանալո՞ւ, թե՞ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցն էր: Սրանք տասնյակ տարիներով Հայաստանի ապագան կողմնորոշող իրադարձություններ են:

- Ձեր կարծիքով, հասարակության ո՞ր հատվածն է, որ կողմ է ընտրված ճանապարհին և ո՞րն է, որ դժգոհում է, ո՞րն է անտարբեր:

- Ինձ հաճախ են այդ հարցը տվել, նույնիսկ առաջարկեցին հարցումներ անցկացնել` պարզելու համար, թե մարդիկ ինչ են կարծում: Ես հրաժարվեցի: Մեր բնակիչները (այդ թվում և ես) հստակ պատկերացում չունեն, թե իրենցից ինչ են ներկայացնում Մաքսային միությունը, եվրոպական ասոցացման համաձայնագիրը: Երբ մեզ հարցնում են, թե սրանցից որի՞ն եք կողմ, մենք իրականում պատասխանում ենք` թե´ Ռուսաստանին ենք կողմ, թե´ Եվրոպային: Բայց դա նույնը չէ, ինչ «Մաքսայի՞նը, թե՞ Ասոցացմանը»: Վերջինը 900 էջանոց համաձայնագիր է, որը ոչ ոք չի կարդացել: Նույնիսկ փորձագետները մոտավորապես են խոսում այդ թեմայով: Ինչպե՞ս կարելի է շարքային մարդուն նման հարց տալ, երբ նա պատկերացում չունի դրա մասին: Նրանք, ովքեր պետք է մեզ տային այդ պատկերացումը, պարզվում է` իրենք էլ պատկերացում չունեն: Շատ հաճախ մեզանում պայմանագրերը ստորագրում են` դրանց մասին շատ թեթև, մոտավոր պատկերացում ունենալով: Ես ենթադրում եմ, որ այդ 900 էջանոց անգլերեն համաձայնագիրը չեն կարդացել, որովհետև այնտեղ այնպիսի կետեր կան, որոնց մասին բարձրաձայնելու դեպքում բնակչության 99 տոկոսը դեմ կլիներ: Դա պարզվեց Ուկրաինայի դեպքում, որովհետև այնտեղ ավելի շատ վերլուծաբաններ կային, և Ռուսաստանն էլ շատ պարզ ցույց տվեց, թե ինչ են ստորագրելու ուկրաինացիները: Իսկ եթե ճշտում ենք ռուսական կողմնորոշման կողմնակիցների քանակը, ապա ռուսական կողմնորոշումը մեզանում միշտ էլ գերակշռել է` 60-65 տոկոսը: Դա բացատրվում է մի շարք գործոններով` պատմական կապեր, առանց վիզայի ռեժիմ, լեզվի իմացություն, Ռուսաստանում բնակվող 1,5 մլն հայություն...

- Հասարակության ընդվզումն առաջացրեց գենդերային հավասարության մասին օրենքի ընդունումը: Ոմանք պնդում էին, որ դա դրսից ներմուծված, պարտադրված օրենք է: Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց են գալիս այդ պարտադրանքի արմատները:

- Ճիշտ են ասում, որ դրսի պարտադրանք է: Սա ևս մեկ խաբկանք, պռոֆանացիա էր, որին Հայաստանը տարիներ շարունակ տրվել է: Այդ խաբկանքները, իմիտացիաները հիմնականում գալիս են, չգիտես ինչու, Եվրամիությունից: Սա նույնն է, ինչ Ասոցացման, Հայ-թուրքական պայմանագրերը: Այս բոլոր դեպքերում տեսնում ենք, որ մասնագիտական մոտեցում Հայաստանի կողմից չի ցուցաբերվում: Գենդերային «հավասարության» օրենքը ոչ ոք ուշադիր չէր կարդացել: Առանց կարդալու այդ մասին Եվրոպական կոնվենցիան, Ազգային ժողովը քվեարկեց: Բայց երբ ընդունեցին օրենքը, մի քանի հ/կ ուշադիր կարդացին և ասացին` «էս ի՞նչ եք անում»: Էնտեղ խոսքը սեռերի հավասարության մասին չէ: Սեռերի միջև հավասարության խնդիրը խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանում գրեթե լուծված էր: Օրենսդրորեն և´ խորհրդային, և´ նորօրյա Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն չկա: Իսկ գենդերային հավասարության մասին օրենքը դուռ էր բացում միասեռական ամուսնական զույգերի մասին օրենքի, պեդոֆիլիայի, ինցեստի մասին օրենքների ընդունման համար: Ամբողջ գաղտնիքը թաքնված էր հենց «գենդեր» եզրույթի ձևակերպման մեջ: Իսկ դրա բացատրությունն այն է, որ գենդերը ձեռքբերովի հատկանիշ է. երեխան ծնվելուց տարիներ անց կարող է որոշել իր սեռը փոխել` տղան աղջիկ և հակառակը համարվել: Օրենքը դա է թույլ տալիս. էստեղ է թաքնված սատանան: Ասում են` սատանան միշտ մանրուքների մեջ է:

- Մենք մոտենում ենք Ամանորին, և ցանկալի կլիներ այդ առնչությամբ լսել հասարակությանն ուղղված Ձեր` ճանաչված սոցիոլոգի շնորհավորանքը, ուղերձը:

- Ընդունված է Ամանորից առաջ լավ բաներ ասել: Բոլորին կցանկանայի առողջություն, բարեկեցություն: Թող մեր տները լի լինեն, մեր սեղանները ճոխ լինեն, տոները ուրախ տրամադրությամբ դիմավորենք: Նույնիսկ եթե շատ ուրախանալու առիթ էլ չունենք, միևնույն է` տոնն ինքը միշտ ուրախություն է: Որպես սոցիոլոգ, ես մի բան կարող եմ ասել. մեր բոլոր տոների մեջ Ամանորը միշտ եղել է ու կա որպես ամենաուրախը, ամենալուսավորը: Դա այն տոնն է, որ բոլորն անխտիր նշում են: Ես ցանկանում եմ, որ Նոր Տարին բոլորիս համար ցանկալի, ամենաուրախ, հույսերով լի տոն լինի:

- Եվ մեզ փրկի գենդերից:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ