Գազմանովը «նոն գրատա»` Լիտվայում


Ռուսաստանի հետ կապերն իսպառ խզելուց հետո էլ մերձբալթյան Լիտվան զգուշանո՞ւմ է այդ երկրից, թե՞ դեռևս չի պարպել ատելության չափաբաժինը:

Երկրի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեն երգիչ Օլեգ Գազմանովին համարել է Կրեմլի զենք և պահանջել է նրան «անցանկալի մարդ» հայտարարել: Ու դա այն պատճառով, որ իր երգերից մեկում երգիչը Մերձբալթիկան անվանել է «իր երկիրը»:

Գազմանովը «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում արդարացել է, որ «Արված է ԽՍՀՄ-ում» իր երգը արտացոլում է պատմության փաստերը, այլ ոչ թե Ռուսաստանի կայսերական հավակնությունները:

- Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը պետք է դիմի Միգրացիայի դեպարտամենտ, որպեսզի արգելեն այդ մարդու մուտքը Լիտվա: Դեկտեմբերի վերջին Վիլնյուսում նրա համերգը սադրանք կլինի,- «Ֆեյսբուքում» հայտարարել է Յուկնյավիչենեն:

«Արված է ԽՍՀՄ-ում» երգում Օլեգ Գազմանովը Ղազախստանը, Ուկրաինան և Մերբալթիկան անվանում է «իմ երկիրը»:

Գազմանովն էլ հիշեցնում է, որ երգը նոր չէ.

- Այդ երգը ես գրել եմ 10 տարի առաջ և կատարել եմ բազմաթիվ անգամներ: Իմ երգն արտացոլում է համաշխարհային պատմության փաստերը: Ես իսկապես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, ինչի մասին էլ երգում եմ: Ընդ որում, ես ծնվել եմ այն երկրում, որը միավորում էր և´ Լիտվան, և´ Լատվիան, և´ Վրաստանն ու շատ այլ երկրներ,- ասել է երգիչն ու հավելել, որ իրեն հոգեհարազատ է ժողովուրդների մերձեցումը.

- Ամենը, ինչի մասին ես երգում եմ` ճշմարտություն է: Ես որևէ ագրեսիայի չեմ կոչում. ընդհակառակը, դրական եմ վերաբերվում տարբեր ազգերի, ժողովուրդների մերձեցմանը: Ի դեպ, այդ երգը հաճախ են խնդրում կատարել ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում:

 

Մտասևեռումներն, իսկապես, ցանկացած տրամաբանության ու սթափ բանականության թշնամին են: